Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն Պորտուգալիայում կայացած առանց կանոնների մենամարտերի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես է եկել Անապայում բնակվող հայազգի Անդրանիկ Աշուղյանը: Վերջինս ՌԴ հավաքականի մարզիկներից միակն էր, որ հաջող մրցելույթների շնորհիվ հասավ մինչեւ եզրափակիչ: Նախնական փուլերում Աշուղյանը հաղթել էր աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչի մասնակից չեխ մարզիկին եւ պորտուգալացուն: Եզրափակիչ մենամարտում էլ հայ մարզիկի մրցակիցը պորտուգալացի էր: Մենամարտի սկզբում Աշուղյանն առավելություն ուներ, սակայն հետագայում մրցակիցը տիրեց նախաձեռնությանը: Զգալ տվեց մրցակցի անձնական քաշը, որը 7 կգ-ով ավելի էր հայ մարզիկի քաշից: Բացի այդ, պորտուգալացին նախնական փուլում միայն մեկ մենամարտ էր անցկացրել, ուստի ավելի քիչ ուժեր էր վատնել: Մենամարտն ավարտվեց պորտուգալացու հաղթանակով եւ Աշուղյանն արժանացավ արծաթե մեդալի:
Ինչպես նշել է Անդրանիկը, առաջնության ավարտից հետո ինքը մի շարք մրցաշարերի մասնակցության առաջարկներ է ստացել: Մասնավորապես, Ուկրաինայում դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ռուսաստան-Պորտուգալիա հանդիպումը: Իր հերթին Պորտուգալիայի ֆեդերացիան հրավիրել է Աշուղյանին մասնակցելու չեմպիոնների մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ