«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2006-08-24 | #161, 2006-08-25 | #162, 2006-08-26


ԻՍՐԱՅԵԼ-ԱԴՐԲԵՋԱՆ: ԹԱՔՈՒՆ ՈՂՋԱԳՈՒՐՈՒՄՆԵՐ

Ստորեւ ու 4, 5 էջերում թարգմանաբար ներկայացնում ենք կարեւորագույն մի ուսումնասիրություն, որն անմիջականորեն առնչվում է նաեւ Հայաստանի ներկայի եւ ապագայի աշխարհաքաղաքական խնդիրներին: Անցնող 15-16 տարիներին Իսրայել-Ադրբեջան բազմաշերտ համագործակցության որոշ դրվագներին ծանոթ էինք բոլորս, սակայն դրանց համահավաք ներկայացումը այս մի հոդվածում զգաստացնող ներգործություն կարող է ունենալ մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր մարդու համար: Հոդվածի հեղինակը ազգությամբ հրեա է, նախապես աշխատել է Իսրայելի ռազմավարական ուսումնասիրությունների կարեւորագույն ինստիտուտներից Բեգին-Սադաթ կենտրոնում: Հոդվածը լույս է տեսել Միջին Արեւելքի հարցերում մասնագիտացած ամենահեղինակավոր հանդեսի` «The Middle East Quarterly» եռամսյայի վերջին` ամառային համարում:

ԻԼՅԱ ԲՈՒՐՏՄԱՆ

Խորհրդային Միության փլուզումը 1991-ին աշխարհաքաղաքական փոփոխություններ առաջացրեց նաեւ Միջին Արեւելքում: Մի քանի շաբաթվա ընթացքում մեծամասնությամբ մահմեդականներով բնակեցված կայսրության հարավային սահմանի մոտ գտնվող վեց երկրներ անկախություն ձեռք բերեցին ու հարեւան երկրներից Թուրքիան եւ Իրանը, մի շարք արաբական պետությունների հետ, շտապեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ դեսպանատներ բացել Աշգաբադում, Տաշքենդում եւ այլուր:

Իսրայելը նույնպես լավ աշխատանքային հարաբերություններ սկսեց պահպանել այս նորանկախ պետությունների հետ, սակայն ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ Ադրբեջանի հետ վերջինիս հարաբերությունները այդքան կբարգավաճեն:

Այդ երկու երկրները պաշտոնապես հարաբերություններ հաստատեցին Ադրբեջանի անկախացումից մեկ տարի անց` 1992-ի ապրիլին: Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ 93 տոկոսի հասնող մահմեդական բնակչությամբ մի երկիր կարող է սերտ համագործակցություն ծավալել իսրայելական հետախուզական գործակալությունների հետ, նրանց պարգեւելով պաշտպանական «պլատֆորմ» խիստ անկայուն մի տարածաշրջանում:

Այո, Երուսաղեմն ու Բաքուն դարձան ռազմավարական գործընկերներ, որոնք հետախուզական եւ առեւտրական բնագավառներում համագործակցելուց բացի միասին ստեղծում են նաեւ «շրջանային ալյանսներ»: Թե ինչքան ժամանակ Ադրբեջանի պետական մարմինները կշարունակեն այս կապերը, առայժմ անհայտ է, բայց որ երկու երկրների շահերը համընկնում են, անկասկած է»:

Շահերի համապատասխանություն

Փոխադարձ համագործակցությունը երկու երկրների համար էլ առաջնահերթ չլինելով հանդերձ Երուսաղեմն ու Բաքուն հետզհետե սերտացնում են իրենց կապերը քաջ գիտակցելով, որ միայն քաղաքականությունների նման մերձեցումով կարելի է իրանական ծավալապաշտական նպատակների առաջն առնել եւ անվտանգությունն ապահովել Կասպիականում: Երկու երկրներն էլ իրենց, եթե ոչ անմիջական գոյության, ապա առնվազն այդ գոյության լեգիտիմությանն առնչվող մարտահրավերներ ունեն դիմագրավելու: Երկուսն էլ իրենց հարեւանների հետ տարածքային պատերազմի փորձություն են անցել մինչեւ անկախություն ձեռք բերելը: Եթե Իսրայելը անկախության հասնելու տարիներին ստիպված էր հինգ արաբական երկրների բանակներին դիմագրավել, եւ եթե ներկայումս նա դեռեւս պատերազմական դրության մեջ է Սիրիայի, Լիբանանի եւ Իրաքի հետ, ապա Ադրբեջանը խրված է տասնամյա ռազմական հակամարտության մեջ իր հարեւան Հայաստանի հետՙ հայկական բանակի կողմից գրավյալ տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի պատճառով:

Ըստ արաբալեզու մամուլում եւ հատկապես սաուդամետ թերթերում հայտնված ասեկոսեների, Իսրայելը Ադրբեջանին զինում էր դեռ նախքան վերջինիս պաշտոնական անկախացումը (1):

Պատերազմի եւ պաշարման մեջ գտնվելու հանգամանքով երկու երկրներում առաջացած անապահովության բարդույթները ստիպում են Երուսաղեմին եւ Բաքվին միեւնույն պրիզմայով նայել տվյալ տարածաշրջանին: Երկու երկրներն էլ իրենց ինքնությունը հաստատելու խնդիր ունեն: Ինչպես կարող է Ադրբեջանը «ադրբեջանցիների պետությունը» լինել, եթե մոտ 20 միլիոն ադրբեջանցիներ (երկրի բնակչության գրեթե կրկնակին) ապրում են հարեւան Իրանում: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էթնիկական ծագումով ադրբեջանցի է: Իսրայելն իր հերթին խնդիր ունի հստակեցնելու իր հրեական սփյուռքի եւ երկրի ներսում մեծ թիվ կազմող արաբ փոքրամասնության հետ:

Իսրայելի կառավարությունը Ադրբեջանին մերձենալու մի շարք պատճառներ ուներ: Իսրայելի քաղաքականությունը կերտողները, ինչպես իրենց արաբ եւ իրանցի գործընկերները, Ադրբեջանն ու Կասպիցի մերձափնյա տարածքը դիտում են որպես «Մեծ Միջին Արեւելքի» մի մասը (2): Մահմեդական, բայց ոչ արաբական տարածքների վրա իր ազդեցությունը տարածելու գաղափարը վաղուց է մարտավարական նպատակ եղել Իսրայելի համար: 1979-ի հեղափոխությունից դեռ շատ առաջ Իսրայելը իրանական բանակին զենք էր վաճառում եւ Շահին իր բարեկամն էր համարում: Իսկ 1990-ականների սկզբից Իսրայելը ձեռք է մեկնել նաեւ Թուրքիային: Իսկ նոր դաշնակիցները նոր տնտեսական հնարավորություններ են բացում, ապահովում առավել մեծ անվտանգություն եւ նաեւ հավելյալ քվեներ ՄԱԿ-ում (3):

Իսրայելի նպատակն է շահագործել տարածաշրջանի էներգիայի աղբյուրները քարոզչություն ծավալելով հօգուտ իր հարեւանների գազի եւ նավթի խողովակաշարերի տեղադրման: Իսրայելի ղեկավարները նաեւ հույս ունեն, որ ուղղակի կապերը կհեշտացնեն Ադրբեջանում ապրող շուրջ 20 հազար հրեաների ներգաղթը Իսրայել (4):

Ադրբեջանի կառավարությունն իր հերթին համագործակցում է Իսրայելի հետ նախ ելնելով հրեական պետության հանդեպ ունեցած իր հարգանքից (5) եւ երկրորդ` այլընտրանքի բացակայությունից: 1991-ին Ադրբեջանը տնտեսապես թույլ էր, քաղաքականապես` անկայուն եւ ռազմական տեսակետից` տկար: Արտաքին օգնության կարիքը Բաքվին մղեց մերձենալու Իսրայելի հետ` դիմագրավելու համար անհամեմատ հզոր Իրանին եւ ռազմական տեսակետից իրեն գերազանցող Հայաստանին: Իսրայելը խոստացավ բարելավել Ադրբեջանի տնտեսությունը, զարգացնելով առեւտրական կապերը (6): Ադրբեջանից գնեց նավթ, գազ եւ փոխարենը ուղարկեց բժշկության, տեխնոլոգիայի եւ գյուղատնտեսության ասպարեզների մասնագետներ: Եվ ամենակարեւորը Իսրայելի արտգործնախարարությունը խոստացավ իր ամբողջ ուժով Վաշինգտոնում քարոզչություն ծավալել հօգուտ Ադրբեջանի` հակակշռելու համար հայկական ազդեցիկ քարոզչությանը: Ըստ Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի, «Իսրայելը կարող էր օգնել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում, համոզելով ամերիկացիներին, որ ստիպեն հայերին դադարեցնել պատերազմը» (7):

Ադրբեջանի դիվանագետները վաշինգտոնյան տարբեր բնագավառներում հարաբերություններ հաստատելու կարիք զգում էին հատկապես այն բանից հետո, երբ Մ. Նահանգների կոնգրեսը հայկական քարոզչության արդյունքում որոշ սահմանափակումներ պարտադրեց Ադրբեջանին: Ադրբեջանի զինվորական շրջանակներում նաեւ հավատացած էին, որ Իսրայելը կարող է զինել իրենց թափթփված բանակը, որը ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո վերազինման խիստ կարիք ուներ: Հեյդար Ալիեւը (նախագահ 1993-2003 թթ.) մի քանի առիթներով անձամբ ռազմական օժանդակություն է խնդրել Իսրայելի վարչապետներից (8):

Հասունացող հարաբերություններ

Հայկական զորքերի կողմից ադրբեջանական տարածքի 20 տոկոսի գրավման, Մոսկվայի եւ Իրանի ազդեցության մեծացման եւ տարածաշրջանում իսլամական խմբավորումների ուժեղացման պայմաններում Իսրայելը ու Ադրբեջանը խորացրին իրենց պաշտպանական կարողությունները:

Ղարաբաղում պարտություն կրելուց հետո Բաքուն Իսրայելին դիմեց վերազինելու բանակը: Իսրայելի պաշտպանական կառույցները պարտավորվեցին Ադրբեջանին վաճառել արդիական ինքնաթիռներ, հրազեն, հակատանկային եւ հակահետեւազորային սարքեր (9): Զենքի առեւտուրը դեռ շարունակվում է: 2004 թ.-ին Ադրբեջանի եւ Իսրայելի մամուլում հայտնվեցին լուրեր, որ Իսրայելը Թուրքիա է ուղարկում ռազմական տեխնիկայի մասեր, որոնք այնտեղ հայտնվելուց հետո ուղարկվում են Ադրբեջան (10):

Թեեւ իսրայելական, թուրքական եւ ադրբեջանական պատկան մարմինները ժխտում են այս լուրը (Իսրայելի քաղաքականությունը կտրուկ արգելում է նման գործարքների վավերացումը), ադրբեջանցի զինվորական բարձրաստիճան մի պաշտոնյա հաստատել է գնումը, ասելով. «Իսրայելական զենքի նկատմամբ մեր երկրի շահագրգռվածությունը բնական է, քանի որ այդ երկիրն ունի նորագույն զինվորական տեխնիկա, հատուկ սարքավորումներ եւ ամեն տեսակի զինամթերք» (11): Պետք է սակայն նշել, որ երբեմն հարեւան երկրներում չափազանցնում են ռազմամթերքի առեւտրի մասին շրջանառված լուրերըՙ ելնելով հակասեմիտական տրամադրություններից: (12)

Զինամթերքի առեւտուրն ու սպառնալիքների ընկալումը ճանապարհ են հարթել համագործակցելու նաեւ անվտանգության եւ հետախուզական ասպարեզներում: Իսրայելական ընկերությունները կառուցել եւ վերահսկում են Բաքվի միջազգային օդանավակայանը շրջապատող պատնեշը, պահպանում են Ադրբեջանի էներգակիր ենթակառույցները եւ նույնիսկ ապահովում Ադրբեջանի նախագահի անվտանգությունը արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ (13):

Իսրայելական հետախուզական ծառայությունները օգնում են բացահայտելու տարածաշրջանի ծայրահեղական իսլամական կազմակերպություններին եւ հարեւան երկրներիՙ հատկապես Իրանի զորքերի տեղակայման վայրերը (14): Մերձավոր Արեւելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի զեկույցներից մեկում Սոներ Քագապտայն ու Ալեքսանդր Մուրինսոնն ակնարկում էին այն, որ ադրբեջանա-իրանական սահմանի ամբողջ երկայնքին իսրայելական հետախուզությունը տեղակայել է լսողական կայաններ (15):

Իսրայելի եւ Ադրբեջանի կառավարությունները վախենում են արմատական իսլամի հզորացումից: 2001 թ.-ի հոկտեմբերին Իսրայելի դեսպան Էյտան Նսեյի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել էր, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում իրենց դիրքերը համընկնում են (16): Իսրայելի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքից պակաս կարեւոր չէ նաեւ Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքը, քանի որ վերջինս գտնվում է սուննի եւ շիա մահմեդականների «խաչմերուկում»: Սուննիների շարքերն են թափանցել չեչենական եւ դաղստանյան հակամարտությունների մասնակիցներ: 1994 թ.-ին շրջանային վահաբի կազմակերպությունների միջեւ «իսկական իսլամըՙ հանուն եղբայրության» համաձայնության ստորագրումից եւ Ռուսաստանի Դաշնության վահաբի շարժումների դեպի հարավ թափանցելուց ի վեր, իսլամական բջիջներ հայտնվել են ամբողջ երկրով մեկ (17):

Եվրասիայում անվտանգության խնդիրների զարգացումներին հետեւող «Աքսիս» տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի տվյալներով 2005 թ.-ի հուլիսից մոտ 15 հազար վահաբի ակտիվիստներ են գործում Բաքվում (18): Չեչեն մարտնչողների կողմնակիցներն էլ Ռուսաստանի հետ 284 կմ սահմանի ամբողջ երկարությամբ զինամթերքի շահութաբեր առեւտրով են զբաղված:

«Հիզբ ութ-թանրիրի» նման խմբավորումներ, որոնք հետամուտ են Իսրայելի ոչնչացմանն ու նրա փոխարեն իսլամական խալիֆայությունների վերականգնմանը, սպառնում են ինչպես Երուսաղեմին, այնպես էլ Բաքվին: Ենթադրվում է, որ «Հիզբ ութ-թանրիրը» մի քանի հարյուր անդամներ ունի Ադրբեջանում: Նրանցից տասնյակներ ձերբակալված են (19): Մոնմաութ համալսարանի պատմության վաստակավոր դասախոս Թադեուշ Սվիտոչովսկին, որն ադրբեջանական հարցերի գիտակ է, խիստ մտահոգված է, որ վահաբի կողմնակիցները պարարտ հող կգտնեն Ադրբեջանում: «Դժգոհության հսկայական առիթներ կան մասնավորապես բնակչության աղքատ խավի շրջանում, որոնց մաս են կազմում նաեւ ղարաբաղյան պատերազմի փախստականները: Բնականաբար նրանց բաժին չի հասնում նավթային հարստությունից, որը գնում է ուռճացնելու առանձնաշնորհյալ էլիտների, կամ ինչպես ժողովուրդն է բնորոշում «կոռումպացված անհավատների» գրպանները (20)», նշում է նա:

Ադրբեջանի տարածքում բիզնեսով զբաղվել ցանկացող ահաբեկչական փոքրիկ խմբավորումների հետզհետե աճող բանակը ստիպել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը ձերբակալելու (2005 թ.-ի օգոստոսին) որոշ կասկածյալների, հատուկ հսկողություն սահմանելու մզկիթների շուրջը, եւ արգելելու ծայրահեղ կրոնական գրականության տարածումը (21): Իսրայելական մարմիններն, իրենց հերթին, մտահոգված են Ադրբեջանում հրեական համայնքների դեմ արմատական իսլամիստների ծավալած բռնությունների աճով (22):

Տարածաշրջանում բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների հովանավոր Իրանն (23) իր արմատական գաղափարախոսությունը տարածելու ձեւը գտել էՙ ֆինանսավորելով եւ կառուցելով մզկիթներ եւ կրոնական դպրոցներ: Մինչեւ օրս Ադրբեջանի պատկան մարմիններն իրենց տարածքի այս ոտնձգություններին արձագանքել են օրենքից դուրս հայտարարելով արմատական իմամներին եւ նրանց կառուցած մզկիթները: Անգամ եթե կասկածի տակ առնվի Իսրայելի հետախուզական ծառայությունների ներկայությունը Ադրբեջանում, աններելի պետք է համարել իրանական գաղափարախոսության ընդարձակման դեմ նրանց համատեղ պայքարի ձախողումը:

Առեւտրական համագործակցություն

Զգալիորեն աճել է երկու երկրների տնտեսական համագործակցությունը: Դեռ 1995 թ.-ին իսրայելցի մի լրագրողուհի Բաքվում նկատել էր, որ շուկան այնտեղ հեղեղված է իսրայելական ապրանքներով: «Սթրաուս» մակնիշի պաղպաղակները, «Մոտորոլայի» իսրայելական մասնաճյուղի արտադրած բջջային հեռախոսները, «Մաքաբի» գարեջուրն ու այլ ապրանքներ կարելի է տեսնել ամենուրեք», գրել էր նա (24):

Ազատ շուկայական պայմաններում իսրայելական ընկերությունները հեղեղել են երկիրը: Առաջիններից մեկը «Բեզեկ» հեռախոսային ընկերությունն էր, որն 1994 թ.-ին տեր դարձավ գործող հեռախոսային ընկերության բաժնետոմսերի մեծ մասին: Այսօր ամբողջ երկրով մեկ հեռախոսագծերի տեղադրման աշխատանքներով է զբաղված (25):

Ըստ ադրբեջանա-իսրայելական բիզնես ֆորումի նախագահի տվյալների, տասնյակ իսրայելական ընկերություններ գործում են հատկապես էներգետիկայի բնագավառում (26): 2000 թ.-ին, օրինակ, գազի եւ նավթի արդյունաբերություններին բարձր տեխնոլոգիաներ մատակարարող «Մոդկոն սիստեմզ» ՍՊԸ-ն սկսեց իր գործունեությունը Ադրբեջանում: Նրա գործադիր տնօրենիՙ Գրիգորի Շահնովսկու խոսքերով, այդ «բիզնեսը խիստ կարեւոր է ընկերության ընդարձակման առումով», եւ նա հույս ունի, որ ուրիշ ընկերություններ կհետեւեն իր օրինակին (27):

Վիճակագրական տվյալները հաստատում են, որ 2000-2005 թթ. ժամանակահատվածում Իսրայելը Ադրբեջանի առեւտրային գործընկերոջ 10-րդ տեղից բարձրացել է 5-րդ տեղը (28): Դրանից Ադրբեջանի արդյունաբերությունը զգալիորեն շահել է: ՄԱԿ-ի տվյալներով 1997-2004 թթ. Ադրբեջանից Իսրայել արտահանումները 2 միլիոն դոլարից հասել են 323 միլիոն դոլարի (29): Ներկայիս իսրայելա-ադրբեջանական առեւտրի ծավալները առնվազն հինգ գործակցով գերազանցում են Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իսրայելի ունեցած առեւտրային ցուցանիշը (30):

Իսրայելցի գործարարներն այսպիսով անուղղակիորեն խրախուսում են Ադրբեջանին որդեգրելու մարտավարական տեսակետից Երուսաղեմին նպաստավոր քաղաքականություն:

1993 թ.-ից ի վեր Շուլ Այզենբերգի նման իսրայելցի ձեռներեցներ իրականացրել են մեծածավալ էներգետիկ ծրագրեր Կասպիականի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, իսրայելցի գործարար Յոսի Մայմոնը մեծ դերակատարություն է ունեցել ամբողջ Կենտրոնական Ասիայում նավթի խողովակաշարերի տեղադրման պայմանագրերի ստորագրման գործում: Դրա մի օրինակն է Թուրքմենստանից Թուրքիա ձգվող 1999 թ.-ին ստորագրված 2,5 միլիարդ դոլարի պայմանագիրը: «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթին 2001 թ.-ին նա պարծեցել էր, ասելով «Սա դարձյալ Մեծ խաղն է, որ մենք խաղում ենք: Մենք անում ենք այն, ինչ Մ. Նահանգներն ու Իսրայելը չեն կարողանում իրականացնել: Հսկում ենք ամբողջ տրանսպորտային համակարգը, իսկ դա նշանակում է հսկել ամբողջ արտադրանքը» (31):

Իսրայելցի դիվանագետների կարծիքով, Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները ոչ միայն կպարգեւեն անվտանգություն էներգետիկայի բնագավառում, այլեւ թույլ կտան Երուսաղեմին վերահսկել նավթի խողովակաշարերը: 2002-ին Իսրայելն, Իտալիայից հետո, Ադրբեջանից ամենամեծ նավթ ներկրողն էր (32): 3,2 միլիարդ դոլար արժողությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն, օրինակ, շրջանցում է Իրանն ու Ռուսաստանը եւ արեւմտամետ երեք երկրները` Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կապում իրար, ինչը համահունչ է Իսրայելի շահերին: Այս մասին 1997-ին արտահայտվել է վարչապետ Բենիամին Նաթանյահուն (33): Դրա մասին տեղյակ են նաեւ Ադրբեջանում (34):

Բաքվում իսրայելական դեսպանատան էկոնոմիկայի եւ առեւտրի զարգացման նախկին տնօրեն, իսկ ներկայիս Ադրբեջանի Ասիական զարգացման բանկի աշխատակից Ռաֆայել Աբասովը հավատացած է, որ էներգետիկայի բնագավառում հետզհետե աճող թաքուն համագործակցություն գոյություն ունի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ, որը չի արտացոլվում հաշվեկշիռներում: «Նավթի հարցում Իսրայելն ավելի շատ է ներգրավված, քան առաջին հայացքից երեւում է», նշում է նա ավելացնելով, որ հաճախ իսրայելցիները «գրանցվում են որպես ամերիկյան կամ բրիտանական ընկերությունների մասնաճյուղեր» (35):

Նավթի նկատմամբ հնդկական եւ չինական «ախորժակների սրումը» կարող է առաջ բերել համագործակցության առավել ընդլայնման հնարավորություններ, երբ նավթն արդեն կարելի կլինի արտահանել «Աշկելոն-Էյլաթ» խողովակաշարի միջոցով, դառնալով Սուեզից կամ Պարսից ծոցից ներմուծված այլընտրանքային միջոց:

Քաղաքականության ոլորտը

Եթե առեւտրի զարգացումը հարթ է ընթացել, ապա քաղաքականության ոլորտում համագործակցությունը ունեցել է իր վայրիվերումները: Դիվանագիտական փոխըմբռնման հայտարարություններին գործնականում քիչ բան է հետեւել: 1992-ի ապրիլին կնքված դեսպանների փոխանակման համաձայնությունը վառ օրինակ կարող է ծառայել: Տարիներ շարունակ Իսրայելի պաշտպանության զորքերի հրաձիգ, 24-ամյա Բեննի Հադդադն էր ներկայացնում Իսրայելի շահերը Ադրբեջանում, չունենալով դիվանագիտական աշխատանքի փորձ: Հետո միայն նրան փոխարինեց Էլիզեր Յոտվաթը` Իսրայելի առաջին պաշտոնական դեսպանը Ադրբեջանում: Բայց Բաքուն դեռ մշտական դեսպան չունի Իսրայելում: Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն բացելու խոստումը չի կատարել: Ժամանակին Էլչիբեյի եւ Յիցհակ Ռաբինի հանդիպումը կազմակերպելու Ադրբեջանի պետքարտուղար Ալի Քարիմովի ջանքերն էլ ոչ մի դրական արդյունք չտվեցին (37):

Միակ «ողջագուրումը» տեղի ունեցավ 1997-ի օգոստոսին, երբ վարչապետ Բենիամին Նաթանյահուն այցելեց Բաքու: Հեյդար Ալիեւի հետ կարճատեւ հանդիպման ընթացքում նա քննարկեց տարբեր հարցեր, սկսած նավթից մինչեւ Իրանի միջուկային ձգտումները, եւ Թուրքիայի հետ երկու երկրների համագործակցությունը (38): Հանդիպումը ծառայեց լոկ մարտավարական փոխըմբռնմանը եւ պաշտպանական համագործակցության բարելավմանը: Սակայն քաղաքական-դիվանագիտական տեսակետից այդքան արդյունավետ չեղավ: Դիվանագիտական հարաբերությունների անցնող 15 տարիների ընթացքում պաշտոնական ոչ մի պայմանագիր չի ստորագրվել: Ինչպես իսրայելցի ավագ մի դիվանագետ նկատել է, «այդ հարաբերությունները կանոնակարգված չեն: Չկան նույնիսկ մշակութային կամ զբոսաշրջիկության պայմանագրեր» (39):

Հաջողություններ գուցե կարելի է տեսնել երիտասարդների փոխադարձ այցելությունների ծրագրերում: 2003-ին Երուսաղեմն ու Բաքուն համաձայնեցին հեշտացնել ադրբեջանցի ուսանողների (մասնավորապես բժիշկների եւ գիտնականների) ուսումնառության գործընթացը Իսրայելում (40): «Ադրբեջան-Իսրայել երիտասարդական բարեկամության ընկերությունը» փորձում է զարգացնել հարաբերությունները պատմության դասավանդման միջոցով: Ընկերության միջազգային հարաբերությունների փոխնախագահ Քանան Սեյիդովի մեկնաբանությամբ ծրագիրն օգնում է հասկանալու «մի կողմից ամենօրյա ահաբեկչական վտանգի տակ ապրող իսրայելցիների վիճակըՙ մյուս կողմիցՙ Հայաստանի ագրեսիայի եւ տարածքների գրավման ազդեցության տակ ապրող ադրբեջանցիների վիճակը» (41):

Նոր մեծ խաղը

Այդուհանդերձ Երուսաղեմն ու Բաքուն գիտակցում են, որ ավելի լավ է իրենք համագործակցեն (նաեւ Թուրքիայի հետ), քան թույլ տան, որ Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում դառնա գերիշխող: Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական չեն, Ադրբեջանի հարեւանները գիտակցում են Իսրայել-Ադրբեջան կապերի աճող կարեւորությունը:

Իրանի գործոնը: Երկու երկրների հարաբերությունների խորքում անվստահությունն է Իրանի հանդեպ: Նաեւ վախը` նրանից: Իսրայելը ակնհայտ պատճառներ ունի նրան չվստահելու: Իրանի ղեկավարները սկսած Այաթոլլահ Ռուհոլլան Խոմեյնիից մինչեւ նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մոհամեդ Խաթամին, ապա նաեւ ներկայիս գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քանիցս կոչ են արել ավերել Իսրայելը (42): Ադրբեջանի հարաբերություններն այդ երկրի հետ շատ ավելի բարդ են: Մի կողմից նա պատմական եւ կրոնական (շիաների) կապեր ունի նրա հետ: Ավելի շատ ադրբեջանցիներ ապրում են Իրանում, քան Ադրբեջանում: Մյուս կողմից Իրանը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում: Նա հայ անջատողականների հետ զբաղված է զենքի տրաֆիկինգով (43) եւ ադրբեջանցի մոլլաներին էլ վերապատրաստում է, հորդորելով նրանց քարոզել իսլամական պատգամներ ի հեճուկս Ադրբեջանի աշխարհիկ քարոզչության (44):

Թեհրանը քիչ աջակցություն ցուցաբերեց նաեւ 1990-ականների վատ տարիներին, երբ Ադրբեջանի տնտեսությունը 58 տոկոսով անկում ապրեց (45): Կասպից ծովի էներգիայի պաշարներից օգտվելու մրցակցությունը նույնպես վնասել է հարաբերությունների զարգացմանը:

Այսօր Իրանն ու Իսրայելը Ադրբեջանում մուկն ու կատվի խաղն են առաջ տանում: Երկուսն էլ հսկայական լրտեսական ցանցեր են հյուսել այնտեղ: Իսրայելի հետախուզությունը Իրանի հետ Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով տեղադրել է լսողական եւ դիտողական կայաններ (46): Հրապարակված հոդվածները վկայում են, որ «Բաքուն գերազանց բազա է դարձել Իսրայելի հետախուզական ծառայությունների համար», եւ որ «քաղաքում տեղակայված է իրանական դեսպանատունը իր 200 աշխատակիցներով» (47):

Արիել Շարոնի ավագ խորհրդականներից մեկը նույնիսկ ակնարկել է, որ ադրբեջանցի հրեաները կանոնավոր կերպով թափանցում են Իրանի տարածք (48): Իրանն էլ իր հերթին է լրտեսում Ադրբեջանում տեղակայված իսրայելական հենարանները: 2004-ի սեպտեմբերին Իսրայելի անվտանգության գործակալները բռնել էին մի իրանցու, որը Բաքվում Իսրայելի դեսպանատունն էր տեսագրում (49):

Իրանը երդվել է վրեժխնդիր լինել Ադրբեջանից «սիոնիստական խմբավորման» հետ համագործակցելու համար, նաեւ անկախացումից հետո Թուրքիայի եւ Իսրայելի հետ դեպի արեւմուտք «թեքվելու» համար, Նաթանյահուի 1997-ի այցելությունից հետո Իրանի պետական ռադիոն խիստ քննադատեց հանդիպումըՙ հայտարարելով, որ «Բաքուն վտանգավոր խաղ է ձեռնարկել հյուրընկալելով սիոնիստական վարչակարգի ընդարձակմանը հետամուտ վարչապետին: Դրանով նա խախտել է կապը իսլամական պետությունների հետ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում» (50):

Իրանի արտգործնախարարը ավելի առաջ գնալով, սպառնաց Ադրբեջանին, ասելով, որ Իսրայելի հետ Բաքվի համագործակցությունը Կովկասում անկայունություն կառաջացնի, կվնասի իսլամական միությանը եւ «այդ երկրների կառավարություններին» (51): Մինչեւ օրս իրանական մամուլում Ադրբեջանին դիտում են որպես «զավթիչ մի ուժի» հետ համագործակցող պետություն (52):

Ռուսաստանի գործոնը: Համագործակցության մյուս ազդակը Ռուսաստանի մտադրությունների հանդեպ երկու երկրների ունեցած կասկածն է: Երուսաղեմն ու Բաքուն չեն վստահում Մոսկվայի երկակի քաղաքականությանը, որն, ըստ նրանց, անտեսում է տարածաշրջանի անվտանգությունը:

Իսրայելի կառավարությունը հավանություն չի տալիս, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիա է վաճառում Իրանին, զինում է Սիրիային եւ օրինականացնում «Համասին» ու «Հզբոլլահին»: Ադրբեջանի կառավարությունը, մյուս կողմից, մտահոգված է Օսիայում եւ Աբխազիայում ռուսական բազաների գոյության, նաեւ Ղարաբաղում հայ պարտիզաններին օժանդակելու փաստով (53): Իրանի հետ Ռուսաստանի համագործակցությունը հիմք է տալիս Ադրբեջանի եւ Իսրայելի դիվանագետներին խորհելու, որ պետք է հույսները դնեն միմյանց վրա (54): Նույն այս փաստարկը սերտացրել է նրանց կապերը նաեւ Վրաստանի հետ (55):

Որոշ ռուս ազգայնականներ դժգոհ են, որ Իսրայելը միջամտում է իրենց ազդեցության ոլորտում գտնվող մի տարածաշրջանի գործերին: Որպես հակասեմական ճանաչված ռուսական «Զավտրա» թերթում 1998-ին հրատարակված մի հոդվածում Վիտալի Դեմինը դատապարտում էր Իսրայելին, ասելով որ Ռուսաստանի հանդեպ նա գրավում է այն դիրքը, ինչ Կուբան Մ. Նահանգների հանդեպ: Դեմինը նաեւ մեղադրում էր Իսրայելին տարածաշրջանի էներգետիկ միջոցներից օգտվելու մեջ (56): Այս ատելության հիմքում կարող է ընկած լինել Ռուսաստանին շրջանցող նավթի խողովակաշարը:

Պարսից ծոցի պետությունների գործոնը: Ադրբեջան-Իսրայել հարաբերությունը հաջողությամբ կասեցրել է Պարսից ծոցի պետությունների ներթափանցումը կասպյան տարածաշրջան: Ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ էլ Էմիրությունները Ադրբեջանի հետ առեւտրական լուրջ հարաբերություններ չունեն: 2004-ին Պարսից ծոցի ոչ մի պետություն չընդգրկվեց Ադրբեջանի 25 առեւտրական գործընկերների շարքում (57): 1990-ականների սկզբներին Սաուդյան Արաբիան օգտագործելով իր «Իսլամական զարգացման բանկի» միջոցներըՙ Բաքվին վարկեր եւ կրեդիտներ տվեց, բայց այդ փողերն արդեն «փոշիացել են» վերջին տարիներին (58): Ռիադը հազվադեպ է ներդրումներ կատարում այն երկրներում, որոնք չեն հետեւում խիստ իսլամական օրենքներին: Սաուդյան գաղափարախոսները նախընտրում են ֆինանսավորել ասենք Թուրքիայի նման երկրի, որը փորձում է ձերբազատվել աշխարհիկ «պաշտպանվածությունից», քան Բաքվի նմանին, որը փորձում է պահպանել այն: Չունենալով երկարաժամկետ հարաբերություններ կամ զենք մատակարարելու հնարավորություններ, Պարսից ծոցի պետությունները չեն կարողանում մուտք գործել տարածաշրջան: Ըստ քաղաքական մեկնաբան Անուշիրավան Էհթեշամիի, նույնիսկ այդ պետություններից ամենաակտիվը` Սաուդյան Արաբիան սոսկ «անուղղակի դեր» է կատարում Կասպիականում, փորձելով լոկ հակադարձել Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում (59): Եթե նավթով հարուստ Ադրբեջանը հաջողությամբ հարաբերություններ է մշակում էներգետիկայի բնագավառում Իսրայելի եւ Արեւմուտքի հետ, ապա բնականաբար OPEC-ը` նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը ընդհանրապես եւ Պարսից ծոցի Էմիրությունները մասնավորապես կորցնում են իրենց ազդեցությունը: Հետեւաբար Իսրայելը դառնում է Միջին Արեւելքի երկրներից միակը, որ իսկական ազդեցություն կամ դերակատարություն ունի Անդրկովկասում (60):

Թուրքիայի գործոնը: Շրջանի երկրներից Թուրքիան ամենաշատն է օգտվում Ադրբեջան-Իսրայել համագործակցությունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, թուրք իշխանավորներն սկսեցին սիրաշահել ադրբեջանցի քաղաքագետներին, մատնանշելով էթնիկական, լեզվական եւ հայկական փորձառության նմանությունները (61): Անկարան խրախուսեց ազատ շուկայական հարաբերությունների զարգացումը Ադրբեջանում եւ դեպի Արեւմուտք նրա կողմնորոշումը: 2004-ին թուրք-ադրբեջանական պաշտոնական առեւտուրը մի փոքր ավելի էր քան 400 միլիոն դոլարը, եւ Թուրքիան դարձել էր Ադրբեջանի արտաքին առեւտրի 4-րդ ամենամեծ գործընկերը (62): 2003-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս հայտնեց, որ այդ թիվը կհասնի մինչեւ 1 միլիարդ դոլարի (63):

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացումը էլ ավելի է ամրապնդում Իսրայելի հեռահար մարտավարական նպատակները տարածաշրջանում (64):

Միաժամանակ շնորհիվ Անկարայի, շարունակվում է բարգավաճել Բաքու-Երուսաղեմ գործակցությունը: Դրա դրսեւորումներից մեկին ականատես եղանք 2001-ի հուլիսին տեղի ունեցած «Կասպից ծովի միջադեպի» ժամանակ` երբ իրանական մարտանավերից «Գեոֆիզիկա 3-ը» սպառնաց Կասպից ծովում նավթ որոնող ադրբեջանական մի նավի: Թուրքիան անմիջապես հաղորդագրություն հրապարակեց ի պաշտպանություն Ադրբեջանի (65): Պարզ էր, որ Իսրայելն էլ կմիանար այդ պաշտպանությանը: Այդ մասին Թուրքիայում հաստատեց Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը (66): Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ Շարոնը Անկարայի լրագրողներին հավաստիացրել էր, որ Իսրայելը կամրապնդի իր կապերը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ (67):

Մ. Նահանգների գործոնը: Մ. Նահանգները նույնպես մեծ դերակատարություն ունի այս ամենում: Բաքուն համագործակցում է Երուսաղեմի հետ այն հույսով, որ կբարելավի հարաբերությունները Վաշինգտոնի հետ (68):

Մինչեւ վերջերս Մ. Նահանգների քաղաքագետները Ադրբեջանին համարում էին լավագույն դեպքում «անկապ», իսկ վատագույն դեպքումՙ «անպետք» մի երկիր: 1992 թ.-ին Մ. Նահանգների Կոնգրեսն ընդունեց «Ազատությանն աջակցելու» բանաձեւը, որը խոստանում էր տնտեսական եւ մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին, բացի Ադրբեջանից: Հայկական քարոզչության ազդեցության տակ բանաձեւի 907 հոդվածը նշում էր, որ Վաշինգտոնը չի օգնի Ադրբեջանին քանի դեռ չի լուծված ղարաբաղյան հակամարտությունը (69): Արդյունքում Ադրբեջանը 1990-ականներին ոչ մի օժանդակություն չստացավ Մ. Նահանգներից: Մինչ Հայաստանն ստացավ ավելի քան 1 միլիարդ դոլար (70):

1990-ականների կեսերին, փորձելով ադրբեջանական պետության թույլ եւ անգործության մատնված բաղադրամասերն իրար «զոդել», նախագահ Ալիեւը շրջվեց դեպի Երուսաղեմ, այդպիսով շահելով նաեւ Վաշինգտոնի իսրայելամետ խմբակցությունների բարյացակամ վերաբերմունքը: Ադրբեջանի արտգործնախարար Հասան Հասանովը նշել է այդ մասին 1997 թ.-ին ասելով. «Չենք թաքցնում, որ մեր հույսը դրել ենք Վաշինգտոնում իսրայելական քարոզչության վրա» (71): Սա անշուշտ տվեց իր արդյունքները եւ 2002 թ.-ին նախագահ Բուշը չեղյալ համարեց վերոհիշյալ բանաձեւի 907 հոդվածը (72):

Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան մի աշխատակից խոստովանեց, որ «հրեական կազմակերպությունները որոշակի ներդրում ունեին այդ հարցում» (73):

Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Բուշի վարչակարգը գիտակցեց, թե ինչպիսի մարտավարական դեր կարող է խաղալ Ադրբեջանը, երբ Բաքուն թույլատրեց իր տարածքի վրայով ամերիկյան ինքնաթիռների թռիչքները դեպի Աֆղանստան. Ադրբեջանը օգնեց նաեւ Իրաքի ազատագրման գործում (74): Ադրբեջանի նավթը դարձավ Սաուդյան Արաբիայի եւ արմատական իսլամիզմը պաշտպանող այլ պետությունների նավթին հակակշռող մի արդյունավետ միջոց:

2002 թ. մարտին Մ. Նահանգների պետքարտուղարությունը վերացրեց 1993 թ-ից ի վեր գործող Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը (75): Միաժամանակ Մ. Նահանգների կառավարությունը 4,4 մլն դոլար հատկացրեց Ադրբեջանին որպես ռազմական օժանդակություն: Դրանով Ադրբեջանը գնեց ամերիկյան զենք (76): Փոխարենը Ադրբեջանը 2003-ին խաղաղարար ուժեր ուղարկեց Իրաք (77):

Հրապարակայնորեն Բուշի վարչակարգը երդվել է հավատարիմ մնալ Ադրբեջանը ավելի ժողովրդավարական տեսնելու իր ձգտումներում: 2005 թ.-ի նոյեմբերին Ադրբեջանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետքարտուղարության օգնական Դանիել Ֆրեդը նշեց, որ Մ. Նահանգները «լուրջ» է իր այդ մտադրության մեջ (78): Բայց թե ինչքան լուրջ է Վաշինգտոնը, դեռեւս մնում է հարցական: Մ. Նահանգների գերատեսչությունները կարիք ունեն Ադրբեջանինՙ որպես երաշխիք էներգետիկայի մատակարարման եւ որպես բազա հատուկ օպերացիաների ժամանակ: Հեյդար Ալիեւի որդու առանց այն էլ երերուն վարչակարգը տակնուվրա անելը կարող է ավելի վնաս հասցնել Մ. Նահանգների շահերին, քան օգուտ տալ նրան: Թեհրանի իշխանությունները աչալուրջ սպասում են օգտվելու ամենափոքր անկայունությունից:

Իսրայելի համար, սակայն, Մ. Նահանգների չափից ավելի մերձեցումը Ադրբեջանին նմանվում է երկսայր թրի: Եթե մի կողմից Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները օգնում են, որ Ադրբեջանը մաս կազմի արեւմտամետՙ ուստի եւ հակաիսլամական ճամբարին, մյուս կողմից դրանք նվազեցնում են Երուսաղեմի հեղինակությունը:

Մեկ այլ կողմից Ադրբեջանի իշխանություններին մտահոգում է այն փաստը, որ հարեւան պետությունների կարծիքով իրենք չափից ավելի շատ են մոտիկացել Իսրայելին (79):

Իսկ դեպի ո՞ւր են ընթանում Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները: Եթե ոմանք կողմնակից են «ողջագուրմանը», ապա ուրիշները (առավելաբար էլիտայի ներկայացուցիչներ) դեմ են եւ պահանջում են վերանայել այդ մարտավարությունը: Իսրայելի հետ համագործակցությունը կրճատելու Ադրբեջանի ներկա որոշումը դրա հետեւանքն է (80): Ճիշտ է, ադրբեջանցի պաշտոնական այրերը շարունակում են աննախադեպ մակարդակներով այցելել Իսրայել, բայց այդ այցելությունները այլեւս չեն լուսաբանվում մամուլում եւ առաջվա նման արդյունավետ չեն: Այդուհանդերձ, հարաբերությունների ընդլայնման հեռանկարները առկա են ոչ միայն էներգետիկայի, այլեւ գյուղատնտեսության ասպարեզում, որը Ադրբեջանի երկրորդ հարստությունն է (81):

Անշուշտ երկու երկրների համար էլ ամենաէական խնդիրը մնում է Իրանը: Երկկողմ համաձայնություն կա, որ ազգային անվտանգության շահերից ելնելով պետք է պայքարեն իրանական ազդեցության դեմ: Բայց Իրանի վարչակարգը փորձում է ամեն կերպ հասնել իր ազդեցության մեծացմանը: Իրանցիներն իրենց ադրբեջանցի գործընկերներին հիշեցնում են, որ միշտ իրենց կողքին կլինեն, նույնիսկ երբ Մ. Նահանգներն ու Իսրայելը շեղեն իրենց ուշադրությունըՙ այլ շահերից ելնելով (83): Այստեղ է կարեւորվում Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը: Վաֆա Գուլուզադեի հավաստիացումներով «Իսրայելը գործարան է կառուցելու Բաքվում, որն աշխատանքով ապահովելու է հազարավոր մարդկանց: Դա լավ հակաիրանական քարոզչություն է լինելու» (84):

Բայց Իսրայելի ընձեռած այդ հնարավորությունից օգտվելու քիչ ապացույցներ կան: 1990-ականներին որոշված նման գործարքներից շատերը դեռ մնում են թղթի վրա: Իսրայելցի մի դիվանագետ երկու երկրների հարաբերությունը նմանեցրել է «մի կույսի, որն ուզում է, բայց վախենում է հարաբերություն ունենալ տղամարդու հետ» (85):

Իսրայելի որոշ քաղաքագետներ, որոնք կողմնակից են սերտացնելու հարաբերությունները, նեղացած են Ադրբեջանի սառը վերաբերմունքից: Բարձրաստիճան այդ դիվանագետները սկսել են մտածել, թե ի՞նչ դրդապատճառներ կարող են թաքնված լինել դրա հետեւում. պետական շահե՞ր, թե՞ անձնական, գործարար կապեր իրանցիների հե՞տ (86): Թե՞ Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ադրբեջանամետ որոշումների հետ չհամաձայնող արաբների դիրքորոշումը, որն ստիպում է հետ կանգնել ավելի մերձենալու վճռականությունից (87):

Այնպես որ գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է: Ինչպես Ռաֆայել Աբբասովն է ասել, «երկու կողմում էլ համագործակցության հսկայական պահանջ կա, բայց հավասարակշռված համագործակցության եւ քաղաքական վճռականության պակասը արգելք են հետագա ծրագրերի իրագործմանը: Իսկ ամենամեծ արգելքը Իսրայելում ադրբեջանական դեսպանատան չգոյությունն է» (88):

Ադրբեջանցիներից շատերն են խոստովանում, որ երկիրը շահել է Իսրայելի հետ համագործակցելուց: «Բոլորն էլ գիտեն, որ Իսրայելն այն եզակի երկրներից է, որի հետ Ադրբեջանն ունի դրական փորձառություն: Ժամանակն է, որ Ադրբեջանը հանդգնի անցնել իր ուրույն ճանապարհը» (89), գրում էր դեռ 2002 թվին ադրբեջանցի մի լրագրող:

Այո, Իրանի միջուկային ծրագիրն ու Սաուդյան Արաբիայի աջակցությունը իսլամական խմբավորումներին լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը: Այնպես որ Բաքու-Երուսաղեմ հարաբերությունների ամրապնդումը բխում է նաեւ Ամերիկայի շահերից:

Ծանոթագրություններ

1. Ջեյն Հանտըր: «Իսրայել եւ Թուրքիա: Զե՞նք Ադրբեջանին», Միդլ իսթ ինտերնեշնլ, հոկտ. 23, 1992.

Սոներ Քագապտայ եւ Ալեքսանդր Մուրինսոն, «Լավ հարաբերություններ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ: Օրինա՞կ Եվրասիայում այլ մահմեդական պետությունների համար», Մերձավոր Արեւելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտ, «Պոլիսի ուոչ» թիվ 982, մարտ 30.2005

2. Բյուլենտ Արաս: «Հետսառըպատերազմյան իրականություններ: Իսրայելի մարտավարությունը Ադրբեջանում եւ կենտրոնական Ասիայում»: «Միդլ իսթ պոլիսի», հունվար, 1998, էջ 68-69

3. Ջեյկոբ Աբադի: «(Հարաբերությունների) նորմալացման Իսրայելի որոնումները Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի մահմեդական պետությունների հետ»: «Ջոռնըլ լավ թըրդ ուորլդ սթադիզ», աշուն, 2002 թ., էջ 66

4. Նույն տեղըՙ էջ 74

5. Արաս: «Իսրայելի մարտավարությունը Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայում», Էջ 68-69

6. Հաարեց (Թել Ավիվ), դեկտ. 21, 1993

7. Սեդատ Լասիներ: «Հրեաների հանդեպ թերահավատությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա»: «Ջոռնըլ լավ թրքիշ ուիքլի» հոկտ. 11, 2004 թ.

8. Մաարիվ (Թել Ավիվ), հոկտ. 24, 1995 թ.

9. «Ջեյնզ թիֆենս ուիքլի», հոկտ. 16, 1996 թ.

10. «Էխո» (Բաքու), ապրիլ 16, 2004 թ.

11. «Էխո» (Բաքու), ապրիլ 16, 2004 թ.

12. Ա. Ի. Նովիկով: «Իսրայելի հարաբերությունները նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ»: Մերձավոր Արեւելքի ինստիտուտ, հունվար 25, 2005 թ.

13. Անձնական էլ-փոստային խոսակցություն Իսրայելի արտգործնախարարի հետ: Հունիս 10, 2005 թ.

14. Նույնը

15. Քագապտայ եւ Մուրինսոն: «Լավ հարաբերություններ...»

16. ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալություն (Մոսկվա), հոկտ. 22, 2001 թ.

17. «Զերկալո» (Բաքու), Հունվար 4, 2002 թ.

18. «Բաքուն վախենում է մուջահեդներից», «Աքսիս ինֆորմեյշն էնդ անալիսիզ», հուլիս 17, 2005 թ.

19. «Հիզբ ութութանրիր ալ-իսլամի», Գլոբըլ սեքյուրիթի, մարտի 13, 2006 թ.

20. Թադեուշ Սվիտոչովսկի: «Ադրբեջան: Իսլամի թաքնված դեմքերը», «Ուորլդ ջոռնըլ», աշուն, 2002 թ., էջ 75

21. Շահին Աբբասով եւ Խադիջա Իսմաիլովա: «Վահաբի ուոչ կազմակերպությունը», «Տրանզիշնզ օնլայն», օգոստոս 22, 2005 թ.

22. Հաարեց, փետրվար 15, 2006 թ.

23. «Պետականորեն հովանավորվող ահաբեկչության քննություն», Գլոբալ ահաբեկչության ձեւերը, 2002 (Վաշինգտոն, պետքարտուղարություն)

24. «Ջերուսալեմ ռիփորտ», սեպտ. 21, 1995 թ.

25. «Ջերուսալեմ ռիփորտ», մայիս 19, 1994 թ.

26. Բի Բի Սի նյուզ, հուլիս 26, 2002 թ.

27. Անձնական էլ-փոստով խոսակցություն հեղինակի հետ, հունիս 14, 2005 թ.

28. «Ադրբեջանի վիճակագրական տարեգիրք- 2005 թ.»: Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական վարչություն, Բաքու, փետր. 21, 2006 թ.

29. Տեղեկություն վերցված (հուլիսի 17, 2005 թ.) ՄԱԿ-ի ապրանքային առեւտրի ինտերնետային վիճակագրությունից

30. Նույնը (փետր. 22, 2005 թ.)

31. «Ուոլ սթրիթ ջոռնըլ», հոկտ. 2, 2001 թ.

32. «Յունայթեդ պրես ինտերնեշնլ», նոյեմբ. 4, 2002 թ.

33. «Ջերուսալեմ փոստ», օգոստոս 31, 1997 թ.

34. Անձնական էլ-փոստ. խոսակցություն էլշան Գուրբանովի հետ, Բաքվի պետհամալսարան, հունիս 20, 2005 թ.

35.Անձնական էլ-փոստ. խոսակցություն Ռաֆայել Աբբասովի հետ, հուլիս 20, 2005 թ.

36. «Ֆայնենշլ էքսպրես» (Նյու դելի), հունիս 10, 2005 թ.

37. «Ջերուսալեմ ռիփորտ», հունիս 17, 1993 թ.

38. «Թուրք-իսրայելական նավթային համաձայնություն», Թրքիշ պրես ռիվյու, Մամուլի եւ տեղեկատվության գլխավոր վարչություն, վարչապետի գրասենյակ, Ստամբուլ, սեպտ. 1, 1997 թ.

39. Անձնական էլ-փոստ. խոսակցություն Իսրայելի արտգործնախարարի հետ, հունիս 10, 2005 թ.

40. «Բաքու թուդեյ», հունվ. 29, 2003 թ., Ադրբեջանի միջազգային անկախ լրատվ. գործակալություն (Ասսա-Իրադա, Բաքու), հունվար 27, 2005 թ.

41. Անձնական էլ-փոստ, խոսակց. Քանան Սեյիդովի հետ հուլիս 18, 2005 թ.

42. Մայքլ Ռուբին: «Իրանը խոսքի տերն է»: «Ամերիկն Էնտրպրայզ ինստիտուտ» հունվ. 25, 2006 թ.

43. Ալեխ Վագների հոդվածը «Արմզ կոնտրլ թուդեյում», հունիս 2002 թ.

44. Սվիտոչովսկի: «Ադրբեջան: Իսլամի թաքնված դեմքեր», էջ 73, «Ջերուսալեմ ռիփորդ» հունիսի 17, 1993 թ.

45. «Ադրբեջանի Հանրապետությունը: Երկրի պրոֆիլը 2005», Տնտեսական զարգացման նախարարություն, Բաքու, էջ 3

46. Քագապտայ եւ Մուրինսոն: «Լավ հարաբերություններ...»

47. Ավի Մաչլիս: «Ադրբեջանը սիրահետում է հրեաներին, Մ. Նահանգների բարեկարգությանն արժանանալու համար»: Հրեական ձեռագրային գործակալություն, լուրերի բաժին (Նյու Յորք), փետր. 1, 2000 թ.

48. Հարցազրույց Իսրայելի կյառավարության ներկայացուցչի հետ: Թել Ավիվ, հունիս 13, 2005 թ.

49. «Ջերուսալեմ փոստ», սեպտ. 20, 2004 թ.

50. օգոստ 31, 1997 թ.

51. «ՕՄՌԻ» բաց մեդիայի ուսումնասիրության ինստիտուտ, Վաշինգտոն, օգոստոս 10, 1995 թ.

52. «Թեհրան թայմս», հունվար 25, 2005 թ.

53. «Թրքիշ դեյլի նյուս» (Անկարա), դեկտ. 28,1998 թ.

54. «Ջերուսալեմ փոստ», հունիս 10, 2005 թ.

55. Նովիկով: (տես N 12)

56. «Զավտրա» (Մոսկվա), հունիս 23, 1998 թ.

57. «Ադրբեջանը թվերով 2005 թ.» պետվիճվարչություն Ադրբեջան, (մարտ 1, 2006 թ.)

58. Անուշիրավան էնտերշամի «նոր սահմաններ, Իրան» Էքսետեր համալսարանի հրատարակիչ, 1994, էջ 96

59. Նույն տեղը

60. Շիրին Ակիներ: «Քաղաքական գործընթացները հետխորհրդային Կենտր. Ասիայում», Մեհդի Պարվիզիի եւ հենք Հուվելինգի կազմած «Կենտրոնական Եվրասիան գլոբալ քաղաքականության մեջ» գործում (Լեյդեն, Կոնինկլեքեբրիլ ՆՎ. 2004 թ.) էջ 137

61. Սվանտե Կոռնել: «Իրանը եւ Կովկասը», «Միդլ իսթ պոլիսի», հունվար 1998, էջ 51

62. «Ադրբեջանի առեւտրի գլխավոր գործընկերները»:

63. «Յուրեյժը ինսայթ» (Նյու Յորք), հունվ. 22, 2003 թ.

64. Արաս (տե՛ս թիվ 5), էջ 68-69

65. «Հուրիեթ» (Ստամբուլ), օգոստ. 13, 2001 թ.

66.

67. , օգոստ. 8, 2001 թ.

68. Հերշել Շանքս եւ Սյուզան Սինգեր: «Նավթը եւ հրեաները մետաքսե ճանապարհին», Մոմենտ, հոկտ. 1998, էջ 68

69. Ազատությանը օժանդակելու բանաձեւ, օրենք 102-511-907 հոդվ., հոկտ. 24, 1992

70. Շանքս եւ Սինգեր, էջ 70

71. «Թուրան» տեղեկ. գործակ. (Բաքու), օգոստ. 21, 1997

72. Սպիտակ տան լրատվական հաղորդագրություն, հունվար 30, 2002 թ.

73. Անձնական էլ-փոստ. խոսակցություն Սուլթան Մալիքովի հետ, հուլիս 28, 2005 թ.

74. Հաֆիզ Փաշահ (դեսպան, Ադրբեջանի դեսպանություն), «Իրաքը եւ Կովկասը: Ինչպե՞ս կազդի պատերազմը տարածաշրջանի վրա», Մարտավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոն, մայիս 27, 2003 թ.

75. Ուեյդ Բոեզի հոդվածը «Արմզ կոնտրոլ թուդեյում», մայիս, 2002 թ., էջ 38

76. Նույն տեղը

77. «Սժոնս ֆրանս պրես», օգոստ. 13, 2003 թ.

78. «Նեշնլ ինտերեստ», նոյեմ. 8, 2005 թ.

79. Կամերոն Բրաուն: «Դիտարկումներ Ադրբեջանից», «Միջազգ. գործերի միջինարեւելյան տեղեկագիրք», դեկտ. 2002 թ. էջ 2

80. Անձնական էլ-փոստ. խոսակցություն Իսրայելի արտգործնախարարի հետ, հունիս 10, 2005 թ.

81. «Ադրբեջանը մի հայացքով: Գյուղատնտեսություն»: Իսրայելի դեսպանատուն, Ադրբեջան, մարտ 1, 2006 թ.

82. «Ջերուսալեմ փոստ», հունիս 10, 2005 թ. եւ փետր. 12, 2006 թ.

83. Անձնական էլ-փոստ. խոսակցություն Իսրայելի արտգործնախարարի հետ, հունիս 10, 2005 թ.

84. Հրեական հեռագրական գործակալություն, սեպտ. 11, 2002 թ.

85. Անձնական էլ-փոստ, խոսակցություն Իսրայելի արտգործնախարարի հետ

86. Նույնը

87. «Էխո», մարտ 26, 2005 թ.

88. Անձնական էլ-փոստ. խոսակցություն Ռաֆայել Աբբասովի հետ, Ադրբեջան, հուլիս 20, 2005 թ.

89. «Զերկալո», փետրվար 7, 2002 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4