«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2006-08-24 | #161, 2006-08-25 | #162, 2006-08-26


ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀԻՀ ԾՐԱԳՐԻ 5-ՐԴ ՓՈՒԼԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ

Համայնքային ինքնաաջակցման հիմնադրամ (ՀԻՀ) ծրագիրը, որը ֆինանսավորում են ԱՄՆ դեսպանատունը, Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) եւ իրականացնում է «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը, տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համայնքային ծրագրերի իրականացմանը: 2003 թ.-ից իրականացվող ծրագրի նպատակը համայնքների հիմնական սոցիալական եւ տնտեսական պայմանների բարելավումն է, որի համար տրամադրվում են փոքր դրամաշնորհներ:

Երեկ ԱՄՆ դեսպանատանը տրամադրվեցին ՀԻՀ ծրագրի 5-րդ փուլի հաղթողների դրամաշնորհները, ներկա էին դեսպան Ջոն Էվանսը, դեսպանատան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Փրկեք երեխաներին» կազմակերպության ներկայացուցիչները: Ծրագրի հինգերորդ փուլը, որը հայտարարվել է ընթացիկ տարվա մարտին, ունեցավ վեց հաղթողներ: Ներկայացված 134 ծրագիր-առաջարկներից «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը ընտրել էր 20-ը եւ ուղարկել դեսպանատուն, որն էլ ֆինանսավորման համար ընտրել է 6 ծրագիր: ՀԻՀ 5-րդ փուլի ծրագրերը ներառում են նախածննդյան կենտրոնի ստեղծում Ագարակի հիվանդանոցում (Սյունիքի մարզ), համայնքային կենտրոնի վերանորոգում Արտավազդ-Փյունիկ համայնքում (Կոտայքի մարզ), խմելու ջրի ցանցի վերանորոգում Արեգ գյուղում (Արագածոտնի մարզ), խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավում Մեծ Պարնի գյուղում (Լոռու մարզ), թիվ 4 մանկապարտեզի վերանորոգում Սեւանում եւ Գավառի հատուկ դպրոցի ցանկապատի կառուցում (վերջին երկուսն էլ Գեղարքունիքի մարզում): Նշված ծրագրերի ամբողջ արժեքը 101 հազար 817 ԱՄՆ դոլար է:

«Փրկեք երեխաներին» կազմակերպության տնօրեն Իրինա Սավոյանը նշեց, որ հիմնադրամի ծրագրերն այնքանով են կարեւոր, որ յուրաքանչյուր համայնք կարող է դիմել ծրագրին, եւ եթե նրա առաջարկը համապատասխանի ծրագրի չափանիշներին ու հնարավորություններին, ապա այդ համայնքն էլ աջակցություն կստանա: Սավոյանի խոսքով, ծրագրի շնորհիվ լուծվում են համայնքների կարեւորագույն խնդիրները` մանկապարտեզների, բուժհիմնարկների, գյուղական կամուրջների, կրթական հաստատությունների վերանորոգում, ջրամատակարարման եւ այլ հիմնախնդիրների լուծում: «Ազգ»-ի հարցին պատասխանելով` տկն Սավոյանն ասաց, որ տարեկան իրականացվում է 12-15 համայնքային ծրագիր: Մինչ այժմ ՀԻՀ ծրագրի չորս փուլերում ֆինանսավորվել են 40 ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքի ավելի քան 30 տոկոսը կամավորական աշխատանքների եւ շինանյութերի տեսքով ներդրել են համայնքները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4