«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2006-08-24 | #161, 2006-08-25 | #162, 2006-08-26


ՄԻ ԶԱՎԵՇՏԱԼԻ ՉՎԵՐԹԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.

Սա էլ, ցավոք, մենք ենք` հայերս

Երեկոյան բավականին ուշ էր, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահ մտնելիս իրականությունը շատ մռայլ թվաց: Աչքերի առաջին իսկ «շրջայցով» պարզվեց մռայլության պատճառը. չորս կողմում գերակշռում էր սեւ գույնը: Այդ հանգամանքի մեղավորներն ուղեւորներն էին, որ կարծես հատուկ ընտրությամբ ու ստանդարտով կրում էին սեւ կաշվե անթեւ բաճկոններ` հագուստի մնացած դետալները եւս այդ գույնից քիչ տարբերվող վարիացիաներով: Այդ ընդհանուր գորշության ֆոնին առանձնապես չէին տարբերվում նաեւ հենց օդանավակայանի աշխատակիցները, որ խիստ հոգնած ու անկարգ տեսք ունեին, եւ որքան էլ տարօրինակ էր` հատկապես կանայք:

Օդանավակայանի սպասասրահ մուտքից մի քանի րոպե հետո պարզ դարձավ, որ տվյալ ժամին իրենց թռիչքին են սպասում Երեւան-Մինվոդի եւ Երեւան-Կրասնոդար չվերթերի ուղեւորները: Ահա թե ո՞ւր էին մեկնում մեր սեւազգեստ հայրենակիցները: Եվ չնայած երկու չվերթերի ուղեւորներն իրենց անձնագրային ստուգումն անցնում էին օդանավակայանի սպասասրահի տարբեր ծայրերում, մարդիկ այնքան միադեմ ու միօրինակ էին հագուստով ու դեմքերի արտահայտությամբ, որ կարելի էր ամենայն հանգստությամբ թռչել Մինվոդի` Կրասնոդարի փոխարեն:

Անձնագրային ստուգումն էլ մնաց հետեւում, ու արդեն մեկ այլ սպասասրահում դրսի իրականությունից էլ ավելի մռայլ տեսարան ստացվեց. մոտ հարյուր ուղեւորներից միայն մի քանիսն էին կին, եւ այդ հանգամանքը բնավ չէր մեղմում տհաճության աստիճանի միօրինակ ու միագույն սեւ պատկերը: «Գնում են հիմնականում աշխատելու, իրենց խնամելու հարցը բարդ խնդիր է, դրա համար էլ նախընտրում են սեւը», սա թերեւս միակ քիչ թե շատ հուսադրող պատճառաբանությունն էր: Չվերթի տոմսերի ստուգումից հետո այն սրահը, որտեղ հայտնվեցին ուղեւորները, ոչ մի կերպ սպասասրահ չէիր կոչի: Այդտեղ արդեն ոտքի վրա հարկ եղավ սպասել մոտ 20-25 րոպե, որից հետո ուղեւորներն իջան ներքեւ ու հայտնվեցին օդանավակայանի ասֆալտապատ ներքին տարածքում:

Այստեղից հետո պատմությունն ուղղակի տխուր զավեշտի նմանվեց: Պետք էր մի քանի տասնյակ մետր անցնել, հասնել «Կուբանի ավիաուղիներ» ընկերության Կրասնոդար թռչող ՅԱԿ-42 ինքնաթիռին ու մի քանի աստիճան բարձրանալ ինքնաթիռում հայտնվելու համար: Ինչպես եւ սպասելի էր, ամենից առաջ եւ առանց որեւէ կանոնակարգվածության դեպի ինքնաթիռ շտապեց սեւազգեստ զանգվածը` իրենից առաջ չթողնելով ոչ միայն կանանց ընդհանրապես, այլեւ միակ ուղեւորուհուն, որի ձեռքին դեռ մեկ տարին չլրացած մի աղջնակ էր արդեն ննջում:

Միով բանիվ, կանայք վերջում տեղավորվեցին ինքնաթիռում: Այստեղ էլ հերթական զավեշտն էր. հայ այրերը նստել էին ինչպես իրենց հարմար էր, որտեղ հարմար էր: Խնդրանքին, թե տեղս ազատեք, պատասխանեցին, որ ձեռքիդ տոմսակը սխալ է` 11F, նման տեղ չկա: Իհարկե, հայ պարոնի համար թերեւս բարձրագույն մաթեմատիկա էր օդանավում տեղերի ռուսերեն տարբերակը տոմսակի անգլերեն համարակալման հետ համադրելը: Ուստի մնում էր ազատ տեղ գտնել ու անկախ ձեռքիդ տոմսակի համարից` ուղղակի հարմարվել իրավիճակին:

Դեռ տեղավորվելու աղմուկը չէր դադարել, բայց օդանավի ուղեկցորդուհին արդեն իսկ փորձում էր միգրացիոն քարտերը բաժանել` անընդմեջ խնդրելով չսխալվել, քանի որ լրացուցիչ քարտեր չկային: Համընդհանուր տոնավաճառային կամ գեղամեջի աղմուկի մեջ հնարավոր չեղավ որեւէ բացատրություն ստանալ ուղեկցորդուհուց, թե ինչպես պետք է լրացնել միգրացիոն քարտը: Հարցնում էին գրեթե բոլորը, մինչդեռ «Կուբանի ավիաուղիների» աշխատակցուհին արագորեն հեռացավ` ակնհայտ դժգոհությունը դեմքին:

Իսկ երբ արդեն օդանավը վերջապես լքեց «Զվարթնոցի» «երկրային» տարածքը, «Կուբանի ավիաուղիների» աշխատակցուհին նորից հայտնվեց` այս անգամ կարամելներ առաջարկելով: Հայ այրերն այստեղ էլ առանձնացան. վերցնում էին բռով: Եվ այս պարագան ավելի արտառոց թվաց, երբ ուղեկցորդուհին իր կոնֆետաբաժան առաքելությունն ավարտելով` հայտարարեց. «Տղամարդիկ, բոլո՞րդ կոնֆետներ վերցրեցիք, որ հետո չուզեք»: Սա արդեն անհեթեթության ու աբսուրդի գագաթը թվաց: Սակայն հաջորդ իսկ պահին հասկանալի էր, որ «Երեւան-Կրասնոդար» չվերթը էլի շատ նման սյուրպրիզներ պիտի մատուցեր:

Թռիչքից մի որոշ ժամանակ անց կրկին հայտնվեց դժգոհ դեմքով ուղեկցորդուհին եւ ուղեւորներին զովացուցիչ հյութեր առաջարկեց: Դա պայմանական նշանի ազդեցություն ունեցավ. որոշ ուղեւորներ սկսեցին փորփրել իրենց պայուսակներն ու ընթրիքի սեղան փռել: Ամենամոտիկ նմանատիպ սեղանը ձեւավորվեց չգիտես ինչ գույնի «ցելոֆանից» հանված ձվից, պանրից ու հացից: Հյուրասիրվելու մերժված առաջարկից հետո «սեղանատերը» սկսեց իր ընթրիքը` ձվակճեպային ու պանրային փշրանքներով «պսակելով» միջավայրը: Այնուհետեւ խռմփոցներն էին, որ տարօրինակորեն քիչ էին ընդմիջվում լռությամբ:

Վերջապես վայրէջքի, իսկ ավելի շուտ այդ իրականությունից ազատվելու բերկրանք կարելի էր վայելել, բայց ոչ, այստեղ արդեն սկիզբ առավ նոր ու բավականին բարձրաձայն վիճաբանություն` ինքնաթիռը շուտ լքելու կապակցությամբ: Բոլորն արդեն ոտքի վրա էին եւ հավաքում էին ձեռքի իրերը, մինչդեռ ինքնաթիռը դեռ կանգ չէր առել: Օդանավի ելքի մոտ դժգոհ դեմքով ուղեկցորդուհին, նման դժգոհության պատճառի վերաբերյալ հարցին ուղղակի նշեց, որ արդեն հոգնել է: Բայց դիմացինի դեմքի արտահայտությունը թերեւս նրան պարտադրեց հուսադրել, թե հիմա ավելի լավ է, քան առաջ, երբ հայերն ինքնաթիռում ծխում էին, գոռգոռում, վիճում ու հայհոյում:

Ինչեւէ, կանայք էլի եզրափակեցին ինքնաթիռը լքող ուղեւորների հոսքը, իսկ ավտոբուսներով անձնագրային ստուգման վայր տեղափոխությունից հետո կրկին մնացին Ռուսաստան մուտք գործելու կնիքին սպասող հայաստանցիների խառն ամբոխի վերջին շարքերում: Մարդկանց` որեւէ երկրաչափական գծային պատկեր չհիշեցնող խմբից միայն մի քանի երիտասարդ առանձնացան ու տեղավորվեցին նստարաններին: Գիտեին, ինչ են անում, անձնագրային ստուգումը պիտի երկար-երկար տեւեր: Գնալով սպասումն անտանելի էր դառնում, որոշ ուղեւորներ 5-10 րոպե զբաղեցնում էին անձնագրային ստուգման աշխատակիցներին, մինչեւ մեկ այլ ուղեւոր կբացատրեր, թե ռուսերեն մի քանի բառ իրար կապելու անկարող ստուգվողը ինչ նպատակով, ինչքան ժամանակով է բարեհաճել Ռուսաստան: 100 մարդու ստուգումը տեւեց մոտ երեք ժամ, որի ընթացքում այդպես էլ որեւէ մեկը չպարզեց, թե ով ումից հետո էր:

Չվերթն իրականացված էր, Երեւանից ժամանածներից վերջինները ստանում էին իրենց ուղեբեռներն ու ողջագուրվում դրսում սպասող հարազատների ու ընկերների հետ: Սա էր թերեւս միակ դրական պահը, որ կարելի էր տեսնել այս զավեշտալի չվերթի տխուր պատմության մեջ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Երեւան-Կրասնոդար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4