Հանուն բնության հետ ներդաշնակ ապրելակերպի
Երկիր մոլորակը այն միակ եւ առայժմ անփոխարինելի տիեզերական մարմինն է, որի գոյատեւմամբ պայմանավորված է մարդկության գոյատեւումը: Ողջ օրգանական աշխարհից միայն մարդն է օժտված շրջակա միջավայրն արմատական փոփոխությունների ենթարկելու կարողությամբ, բայց նա այդ հնարավորությունն օգտագործում է ոչ խելամիտ եւ խախտում է էկոլոգիական հավասարակշռությունը: Գյումրու «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, որի նույնանուն հանդեսից մեջբերեցինք այս տողերը, գործում է հասարակության առողջ եւ բնության հետ ներդաշնակ ապրելակերպի ձեւավորմանը, նշված փոխկապված ոլորտների կայուն զարգացմանը նպաստելու կարեւոր առաքելությամբ: ՀԿ-ի «Բիոսոֆիա» անունը նշանակում է կենսիմաստություն, այսինքն թե` մենք պետք է սովորենք մեր կյանքն իմաստնությամբ ապրել:
Մեր հասարակությունում դեռեւս չկա այն գիտակցությունը, որ մարդը բնության մի մասնիկն է եւ պարտավոր է հանուն իր իսկ առողջության ու ապագայի հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության համար: 2005 թ. փետրվարից գործող կազմակերպությունում այս առումով նախ եւ առաջ կարեւորում են մարդկանց մեջ բնապահպանական գիտակցության ու մշակույթի զարգացումը, ոլորտի հիմնախնդիրների գնահատման եւ լուծման գործում հասարակության ներգրավվածության ու մասնակցության ապահովումը: Այս եւ նման այլ նպատակներով անցյալ տարի «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ մշակվել եւ իրականացվել է «Գյումրի համայնքում քաղաքացիական մասնակցության եւ հասարակական վերահսկողության մեխանիզմների կենսագործումը բնապահպանության ոլորտում» բազմակողմ ծրագիրը: Վերջինիս շրջանակներում կազմակերպվել են բնապահպանության հիմունքների եւ ուսուցման մեթոդաբանության երկամսյա դասընթացներ ոլորտի եւ համայնքային ՀԿ-ների երիտասարդ լիդերների ու հանրակրթական դպրոցների բնագիտության ուսուցիչների համար: Բնապահպանական ՀԿ-ների, ՏԻՄ-ի ու մարզպետարանի ներկայացուցիչների եւ ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել է վեց կլոր սեղան-քննարկում «Գյումրի համայնքի բնապահպանական հիմնախնդիրները» ընդհանուր թեմայով, ինչի արդյունքներով համատեղ մշակվել է այդ հիմնախնդիրների լուծման ռազմավարական պլան 2006-2010 թթ. համար: Հարկ է նկատել, որ սա մանրակրկիտ եւ լուրջ մշակված օրինակելի փաստաթուղթ է` արժանի ամենայն ուշադրության: Գործընկեր բնապահպանական եւ համայնքային կազմակերպությունների հետ նաեւ ստեղծվել է էկոլոգիական համագործակցության ցանց, մշակվել դրա կանոնակարգը:
Ինչպես նշեց կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը, իրենք առանձնակի նշանակություն են տալիս ապագա սերնդի` պատանիների ու երիտասարդների հետ կատարվող աշխատանքին, նրանց բնապահպանական կրթության ու դաստիարակության խնդրին: Նույն ծրագրով հրատարակվել է «Բիոսոֆիա» հետաքրքրական ու արժեքավոր ուսումնամեթոդական ձեռնարկը, որի նպատակն է լրացնել հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում տեղ գտած բացերը եւ օգնել ուսուցանողներին` ուսուցման տարբեր եղանակների արդյունավետ զուգորդմամբ ամբողջացնելու բնաճանաչողության ու բնապահպանության վերաբերյալ պատանիների եւ երիտասարդների գիտելիքները: Գրքույկը բաշխվել է Գյումրու ուսումնական հաստատություններին եւ գրադարաններին: Կենտրոնին կից նաեւ գործում է «Նա-Նե» պատանեկան ակումբը, որը ներկայումս ունի 37 անդամ: Միայն անցյալ տարվա ընթացքում ակումբի անդամների համար կազմակերպվել են 41 պարապմունք, քննարկում, ֆիլմերի դիտում, բնապահպանական թեմաներով գործնական խաղ եւ այլն: Կազմակերպվել է ծառատունկ, այցելություն Հայաստանի բնության թանգարանի Գյումրու մասնաճյուղ, բնարշավ դեպի Մարմաշենի վանք, որի շրջակա տարածքը ակումբականներն արդեն երկրորդ տարին մաքրում են կենցաղային աղբից, այստեղ անցկացնում բացօթյա բնագիտական ուսումնաճանաչողական խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ եւ այլ միջոցառումներ:
«Կենսիմաստությունը մեր համայնքը կփրկի նոր աղետներից». այսպես է կոչվում «Բիոսոֆիա» ՀԿ-ի այժմ իրագործվող երկրորդ ծրագիրը: Նախորդի նման սա եւս իրականացվում է Սախարովի անվան հայկական իրավապաշտպան կենտրոնի ենթադրամաշնորհային աջակցությամբ: Իսկ դա նաեւ ՀԿ համագործակցության լավ օրինակ է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ