Թեթեւագույն քաշում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որ վերջին 6 տարիներին բնակվում է Ավստրալիայում, Սիդնեյում իր առաջին ռեստորանն է բացել: Ըստ Դարչինյանի, նա այդ քայլին դիմել է ընկերոջ` Գարի Օբիի խորհրդով եւ որոշել է ռեստորանն անվանել Raging Bull (բռնցքամարտում Դարչինյանի մականունն է): Դարչինյանի կարծիքով ռեստորանը սիրված վայր կդառնա Սիդնեյի բնակիչների եւ հյուրերի համար:
Այս առնչությամբ Վախթանգը նաեւ նշել է, որ ռեստորանի առկայությունը բնավ էլ չի նշանակում, թե ինքը մտադիր է մոտ ժամանակներս հրաժեշտ տալ պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Դարչինյանն, ինչպես հայտնի է, երազում է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի նվաճման մասին: Նրա հերթական մենամարտը պետք է կայանա հոկտեմբերի 7-ին: Դարչինյանը մարտահրավեր էր նետել WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն, արգենտինացի Օմար Նարվայեսին, սակայն վերջինս հրաժարվել է մենամարտից: