Ռուս զբոսաշրջիկների թիվն սկսել է նվազել
Երկուշաբթի օրը Ստամբուլում, Մարմարիսում եւ ապա Անթալիայում տեղի ունեցած պայթյուններից հետո քուրդ ահաբեկիչներն օտարերկրացիներին զգուշացրել են, որ Թուրքիա մեկնելը վտանգավոր է:
Եթե Ստամբուլում եւ Մարմարիսում պայթյուններից վիրավորվեց 27 մարդ, ապա Անթալիայում, տասնյակ վիրավորներից բացի, եղան նաեւ զոհեր (թուրքական աղբյուրները հաղորդում են 4, օտար աղբյուրներըՙ 3 զոհի մասին): Անթալիայում վիրավորվեցին մասնավորապես երկու ռուսաստանցի զբոսաշրջիկներ:
Անթալիայի ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնեց «Քրդերի ազատագրման ճուռակներ» կազմակերպությունը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիան անապահով երկիր է: Զբոսաշրջիկները չպետք է գան այստեղ»:
«Ճուռակները» պնդում են, որ իրենք են կազմակերպել Ստամբուլի, Մարմարիսի, Անթալիայի պայթյունները, ինչպես նաեւ այլ ահաբեկչություններ:
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայում ձերբակալել են քրդերի անջատական այդ խմբավորման ակտիվիստներից մեկին: Ռոյթեր գործակալության տվյալներով, նա մտադրվել էր ահաբեկչություն իրականացնել Իզմիր քաղաքում (Զմյուռնիա): Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ նրա մի քանի հանցակիցների, որոնք Քրդական բանվորական կուսակցության անդամներ են:
Անթալիայում տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիա մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է: «Իզվեստիա» թերթի տվյալներով, փոխարենն աճել է Չեխիա, Հունաստան, Խորվաթիա, Իտալիա եւ Իսպանիա մեկնել ցանկացողների թիվը:
Զբոսաշրջության ռուսաստանյան միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինայի խոսքերով, վերջին 6 տարում առաջին անգամ Թուրքիայի ուղեգրերի պահանջարկի կրճատում է նկատվում: Պաշտոնական տվյալներով, պահանջարկը նվազել է 8 տոկոսով, անկախ աղբյուրների հաշվարկների համաձայնՙ 20 տոկոսով:
Թուրքիայում ակնկալում էին այս տարի ընդունել 26 մլն զբոսաշրջիկների եւ ստանալ 20 մլրդ դոլար, բայց ակնկալիքները թերեւս մնան անկատար: Եթե ձմռանը ռուսաստանցիները վախենում էին Թուրքիա մեկնել թռչնագրիպի պատճառով, ապա ամռանը նրանք նույն կերպ վարվեցին զբոսաշրջության ընկերությունների սնանկացման առաջացրած խաբեությունների, իսկ այժմՙ նաեւ ահաբեկչությունների պատճառով: