ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 29-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց Բանկային ավանդ մուծելը հավաստող փաստաթղթերի ցանկը եւ բանկային ավանդ հավաստող փաստաթղթերի, բանկային գրքույկի, բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի վավերապայմանները, 2006-2007 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Միջազգային բեւեռային տարի» միջազգային ծրագրի շրջանակներում թողարկվող արծաթե հուշադրամի ուրվագծերը, Դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձեւերը եւ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրամադրված հատուկ կապուղու շահագործման եւ էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները:
Խորհուրդը հավանություն տվեց «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին, որը սահմանված կարգով կուղարկվի Կառավարություն:
Նիստում որոշվեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններում», «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին» կարգում:
Խորհրդի որոշմամբ «ՆՅՈւ ՋԵՆԵՐԵՅՇՆ ՔՆՍԱԼԹ» ՍՊԸ-ին տրամադրվեց գրավատան կազմակերպման լիցենզիա: Ալիկ Բաբայանին եւ Սահակ Հագոյանին տրամադրվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ, իսկ Սմբատ Ասլանյանինՙ այլ վայրում եւս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա:
Խորհուրդը «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ին «ԱՄԵՐԻԿԵՆ ԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրեց:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ-ում «ՇԻՆՄԵՔԵՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԲԲԸ-ի, «ԲՀԷՍ-ՊԼԱԶՄԱ» ԲԲԸ-ի, «ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ» ԲԲԸ-ի, «Հ.ԷԴ, ՀԱՅԱՍ ԳՐՈւՊ» ԲԲԸ-ի, «ԳԱՐՈւՆ» ԲԲԸ-ի, «ՊԼԱՍՏԻԿ» ԲԲԸ-ի մասին, «ՏԱՔՍԻ-1» ԲԲԸ-ի, «ՏՈՒՐԿԱՊ» ԲԲԸ-ի եւ «Կոշկագործ-Մասիս» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի գրանցման դադարեցմանը: Որոշվեց նաեւ դադարեցնել «Շինինդուստրիա» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի գրանցումը:
ԿԲ մամուլի ծառայություն