«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2006-08-26 | #163, 2006-08-29 | #164, 2006-08-30


ՄԻ ՕՐ ԷԼ ԳԱԼՈՒ ԵՆ ՏԵՍՆԵՆՙ ԳՅՈՒՂԸ ՉԿԱ

Սողանքը շարքից հանում է Այգուտի տները

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ուրիշ դարդ ու ցավ չունեմ, է, առաջին հերթին սողանքների առաջն առնեմ, մին էլ խմելու ջրի հարցն ա, որ էլի կապված ա սողանքների հետ: Ամեն օր բրիգադ ա գալիս-սարքում` առավոտն էլի ջուր չկա: Նոր դպրոցը, որ սարքել ենք` առանց ջրի չի ըլի, խողովակները պոկվել են իրարից, օրական տանում եմ, ռեզինով փթաթում, առավոտը գնում եմ-տեսնում` նորից պոկվել ա: Հիմա որ բարձրանանք` մի քաղաքի խմելու ջուր ունենք, քեփդ գալիս ա, էնքան սառն ա, բայց գալիս ես գյուղ` ջուր չկա, օրական տրաքում ա», այսպես է սկսում իր զրույցը գյուղ եկող ամեն հյուրի, այդ թվում լրագրողների հետ Գեղարքունիքի մարզի Գետիկի ավազանի Այգուտի համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը: Սողանքն արդեն երեք-չորս տարի հետապնդում է գյուղին ու դարձել է բնակիչների գլխավոր հոգսը:

Այգուտցիների մեծ մասը տեղահանվել-եկել է Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից` 170 ընտանիք: 70 ընտանիք Բադա գյուղից է (Էլի Շամխորից), արծվաշենցիները 10 ընտանիք են, կան եւ Խանլարից, Կիրովաբադից, Բաքվից 1100 բնակիչ, 350 տուն ունեցող, փախստականներով բնակեցված տիպիկ գյուղ է, գյուղացիք ապրում են անասնապահությամբ եւ այգեգործությամբ:

«Գյուղը լավ կլի էն ժամանակ, երբ սողանքները չլինեն, սաղ գյուղը սողանքների հոսքերի տակ է:

Որ մենք եկել ենք, էդ պրոբլեմը քիչ է եղել: Օրինակ` իմ տունն էսա 3 տարի է, որ սկսել է սողալ, տուն կա, որ 5 տարի արդեն սահում է: Պատճառն, ասում են, լճերն են, գյուղի վերեւը լճեր ունենք: Իբր էդ լճերից ջուրը տների տակով սողում է, հողը թուլացնում, հոսքեր է տալիս, տները սահում են: Ասում են` 70 տարի սրանից առաջ եղել ա, մին էլ կաղնել ա, հիմի նորից սկսել է: Մասնագետները գալիս են, մեկն ասում է` ջուրն ենք չորըցնում, մեկը` քոլն ենք չորըցնում, բան դուրս չի գալիս: Գրել ենք նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին, մարզպետարան, որ գյուղի դրությունը վատ ա: Գյուղի հողերի կեսը հոսքերի տակ ա: Էս կողմին անտառումը ծառ էլ կա, էլի սողանք կա: Ծառերը, գիտեմ, պահում են: Մի մոմենտ էկան նայեցին, ծառատնկում պետք է անենք` ասացին, որ չսողա, հետո էլ չեկան, ըտենց էլ մնաց, եսիմ, չեմ գիդում ընչից ա», իր գլխավոր հոգսից խոսում է մեզ հետ սովխոզների ժամանակից այս գյուղը ղեկավարող կոլորիտով չարդախլեցին:

Թե ինչու են բարձրադիր գյուղի էլ ավելի բարձրադիր բլուրների վրա լճեր գոյացել, նույնիսկ թվում է` լճերը գետնի տակից են սնվում, ոչ ոք չգիտի: Ինչ-որ տեղից ջուր է բխում, որ հետո հոսի դեպի ավելի ցածր ընկած գյուղ` մարդկանց զրկելով իրենց տներից:

Գյուղի 150-200 տներ սողանքի տակ են, պատերը ճաքում են, քանդվում: Մարդիկ թողնում են տները եւ փոքրիկ տնակների մեջ են ապրում: Նույն վիճակում է եւ գյուղապետի տունը, որ «դոմիկ» է դրել 5-6 սանտիմետրանոց ճաքերով իր տան կողքին ու կնոջ հետ այնտեղ էլ ապրում է: Նրա հարեւան տունը նույն վիճակում է:

«Մի օր էլ գալու են տեսնեն` գյուղը չկա», վերեւներում որոշում կայացնողների կողմը սպառնալիք է նետում գյուղապետը: Հարեւան գյուղերն էլ նույն օրի են` Մարտունին, ավելի վեր գտնվող Գոշը: Գոշում, օրինակ, 1-2 տարի աշխատում են ճապոնացի մասնագետները: Սողանքի գլխավոր մեղավորը, ասում են, ստորերկրյա ջրերն են: Այսինքն` եթե ծառ տնկելով հնարավոր լիներ սողանքի դեմն առնել, վաղուց արած կլինեին: Սկզբից պետք է ջրահեռացում կատարվի` դրենաժով-բանով: Գոշը, Մարտունին գյուղնախարարության կողմից սողանքի դեմն առնելու պետական ծրագրում են:

Բայց Այգուտը սողանքների դեմ իրականացվող պետական միջոցառումների ծրագրից դուրս է մնացել:

Գյուղի շատ հատվածներում մի մետր փորելիս տակը ջուր է երեւում: Գյուղն ինքն այնպիսի ֆինանսներ չունի, որ ջրահեռացում կազմակերպի: Գյուղում դեռ ոռոգման համակարգի նորոգման մասին չեն մտածում: Մի քաղաքի խմելու ջրի խողովակները սողանքները ձգում են, իրարից պոկում, ցանցը շարքից հանում: Ցանցն անընդհատ նորոգելու հնարավորություն չկա, իսկ որտեղ չոր է, ոռոգման ջուր չկա: Ոչ մարզպետարանի ուժը կպատի, ոչ էլ գյուղի` այդ ծախսերը քաշելու:

«Շատ վատ վիճակ է, մեր խմելու ջրի ջրագծերը խախտվել են, տրաքել են, սվարկեն չի պահում` պոկում է», ասում են:

Մարդիկ տեղափոխվել են գյուղի ազատ տները. որ տան տերը գյուղում չէ, Ռուսաստանում կամ Երեւանում է` խնդրել են-ապրում են: Կան մարդիկ էլ, որ ճաքած պատերով տներում են ապրում: «Երեւանից հյուր ես տանում, վախում ա քնի, ասում է` ավելի լավ է մեքենայում քնեմ», պատմում են գյուղացիք:

Մարզպետարանն այս գյուղը պետական ծրագրում ներառել չի ջանացե՞լ. «Է, դե մեկը մտցնում է, մեկը հանում է», հարցից հոգնում է գյուղապետը, «Մարտունիում ճապոնացիներն ուսումնասիրում են, մինչեւ ուսումնասիրեն, մինչեւ տուդա-սուդա` մեկ էլ տենաս սաղ գյուղը փլվեց»:

Եվ առաջարկում է գոնե առայժմ միջանկյալ լուծում. «Տները ջհանդամը, թող մի-մի վագոն-տնակ տան, տնամերձի մեջ դնեն մարդիկ: Մենք մի անգամ եկել ենք Ադրբեջանից զրոյով, հիմի էլ սողանքը նորից զրո ա սարքում մեզ. մարդ իրա տանովն ա ուրախանում, մենք էլ իրիկունը հոգնած գալիս ենք` տուն չկա: Մեր գյուղը զարգացող գյուղ ա, մեր սաղ մարզումը սհենց զարգացող գյուղ չունենք: Եկել ենք` ունեցել ենք 97 երեխա, հիմի ունենք 230 դպրոցական, էս տարի ունենք 2 առաջին դասարան: Պարոն Քոչարյանը ապրի, նոր դպրոցը սարքել է. ընտրությունների ժամանակ էկել ա ստեղ, իրան ասել եմ, ինքն էլ սարքել ա տվել` կուկլա դպրոց, գազը քաշել ենք: Տարեկան 30 ծնունդ ունենք, մի 4 զույգ երկվորյակ երեխեք ունենք, մի տասը ամուսնություն է լինում տարին: Ժողովրդի 70 տոկոսը երիտասարդությունն է», տխուր ու ցածր նոտաներով սկսելով` աստիճանաբար ձայնում բարձր եւ ուրախ շեշտեր է մտցնում գյուղապետը: Դպրոցը սոցիալական ներդրումների հիմնադրամն է կառուցել:

Գյուղը հակասողանքային ծրագրում ընդգրկվելուն չի օգնել եւ այն, որ այս գյուղում է գտնվում բարձրաստիճան պաշտոնյայի` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ նրա եղբոր` ԱԺ պատգամավոր Սայադ Զախարյանի հայրական տունը, վերջինս այստեղ տարին մի քանի անգամ լինում է: «Բա չի՞ նայում ձեզ» հայավարի հարցիս հնչեց այսպիսի պատասխան. «Ինքը իրան նայի` մեզ պետքը չէ: Բայց գյուղ գալիս է, իր տունն էլ է սողանքի տակ, եկել-տան տակը քանդել է, քարով-մարով սարքել, որ ջուրը հոսի»:

Գյուղի լավնուվատը

Այգուտի համայնքապետարանը նորոգվում է` «Եկեղեցիների կլոր սեղանն» է նորոգում, որն ուրիշ գյուղերում էլ է համայնքապետարանները կարգի բերում, ակումբներ, բաղնիք-լվացքատներ սարքում:

«Ակումբ ունենք, գյուղապետարանին կպած ա` լոխ լավ ա, հարմար ա: Կանցերտ են տալիս, տիկնիկային թատրոն են ցույց տալիս, Լեննականից-բանից են գալիս` կանցերտ- թատրոն տալիս», մինչ ակումբի շենք հասնելը գիդի դեր է ստանձնում իր տարիքը բանի տեղ չդնող գյուղապետը:

Համայնքը 4,5 մլն դրամի դոտացիա է ստանում պետությունից, մարզի այն սակավ գյուղերից է, որի հաշիվը կալանքի տակ չի եղել: Դոտացիայի հաշվին էլ հենց աշխատավարձ են ստանում գյուղապետարանի աշխատակիցները:

1 մլն դրամի հողի հարկ է հավաքվում: Գյուղի տնամերձ հողակտորները 35 հեկտար են` բոլորը տնամերձ ունեն, լոբի-վարունգ են ցանում. «Մեզ աբեսպեչիտ ենք անում», ասում են այգուտցիք: Տանձի, խնձորի, սալորի այգիներ կան, խաղողը վերջին տարիների արդյունք է, ծիրան ու ընկույզ են դրել` «Հայաստան-ծառատունկ» ծրագիրն է գյուղին օգնում: Վարելահողը 395 հեկտար է եւ ամբողջովին սեփականաշնորհված, ամեն մեկին 1 հա-ից մի քիչ ավելի հող է ընկել, վարձակալական հող չկա: Ցորեն են ցանում, բայց առանձնապես արդյունք չկա. «Մեզ մոտ գարնանացանը չի ստացվում, աշնանացանն էլ` սերմ չունենք, ժողովրդի ուժը չի պատում` ցանի, տրակտորի ու կոմբայնի փող տա, էնա խոտ են հնձում, բերում-անասնակեր անում: Էս տարի երաշտ էր, բայց տարածքներն այնքան շատ են, որ գյուղը կարող է յոլա գնալ: Կարտոֆիլ ենք ցանում: Առաջինից հինգերորդ կարգի հող ունենք»:

Գյուղի աշխատատեղերում մի 60 մարդ ընդհանուր հաշվով աշխատում է: 90 ընտանիք երեխաների նպաստ է ստանում: Մի 20 ընտանիք կով չունի. «Կարում չեն պահեն. ընենցը կա, որ օգնություն են տվել, որ կովը պահի` վեր ա կալել մորթել, խոխեքին պահել: Մեր գյուղիցը 150 երիտասարդ են պոստի կաղնում` Արծվաշենի դիմացի, Կարմիրի պոստերը: 10-15 ընտանիք ավտո ունի, 5 կովից ավելի` մի 10-15 ընտանիք ունեն»: Գյուղացիք միջինը 1-3 կով ունեն: Դպրոցում 20 ուսուցիչ է աշխատում` 5-ը դրսից: Բուժկետ, 4 խանութ: Վարկեր Հայգյուղփոխբանկից մի 50 ընտանիք ստացել է` 600 դոլարին համարժեք դրամի չափով, 24-25 տոկոսով, մի տարով: Այստեղ վեճ գնաց տոկոսի վերաբերյալ` մենք պնդում էինք, որ այդքան բարձր տոկոս չի կարող լինել: Գյուղապետը հաշվեց իր ստացածը. «600 դոլարի չափով ստացել եմ, 142 դոլարի չափով տոկոս եմ մուծել»: Վարկով խոզ ու ոչխար են առել գյուղացիք, իրացնելիս օգուտ է մնացել: «Տակ տալու» դեպք չի եղել: Մեկը միայն ստանալուց հետո կորցրել է: Մարելուց էլ ժամկետին մարել են: «Էլի կվերցնե՞ք» հարցին` «Էդ տոկոսներով չենք վերցնի» պատասխանը հնչեց:

Գյուղում կաթի մթերման կետ կա, ԱՄՆ գյուղզարգացման դեպարտամենտի օգնությամբ է ստեղծվել, մոտ 70 ընտանիք կաթ է հանձնում, հիմա երկրորդ մթերման կետն է բացելու արդեն անհատ մի ֆերմեր. կաթը տանում-հանձնում են «Աշտարակ-կաթի» Ճամբարակի մասնաճյուղ: Գյուղովի մի 1100 խոշոր եղջերավոր ունեն, 2000 ոչխար: 3 ֆերմեր այս գյուղում 50-60 կով ունի արդեն` սրանք էլ աշխատատեղ են, քանի որ այս ֆերմաներում կթվորներ, բանվորներ են աշխատում. «Վասիլ Հովհաննիսյանը, Սարգիս Գաբրիելյանը, հետո` Ալիկ Բայանդուրյանը, հաշմանդամ տղա է «Փյունիկ»-ից. 5 կովից սկսել- 45-50 են սարքել»: Այս գյուղում կան նաեւ մեղվապահներ, համարյա բոլորը երկու երեք փեթակ ունեն տներում, բայց մի 10-15 հոգի 50-60 փեթակ ունեն, այստեղի մեղրը շատ լավն է, լորենու մեղրն է` լորենու անտառը դիմացը:

Համայնքի ղեկավարը Հանրապետական կուսակցությունից է. «Մի անգամ կանչել են ժողովի` իրանք ասում են, իրանք ծափ տալիս»: «Կգրեմ, հա», ասում եմ: «Գրում ես` գրի, ես ոչ մեկից էլա չեմ վախում», կատակում է:

Գյուղը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց քաղաքականությունն է զբաղվում գյուղով. «Գագոյի կուսակցությունից եկան, մի հարիր մարդու գրեցին կուսակցության մեջ, ասացին` ինչ պետք է կտանք, կօգնենք ժողովրդին», պատմում են այգուտցիք: Գյուղում, ըստ գյուղապետի, մի 80 հոգի էլ հանրապետական կլինի, մի քանիսն էլ դաշնակցական են, իսկ օրինացերկրականները հիմա չկան, մտել են «Բարգավաճ». «Պակրիշկեքը թողեց», Օրինացի մասին ասում է գյուղապետը: Երեւում է` այս գյուղում ընտրաշրջանը թեժ է լինելու:

«Հայաստան-ծառատունկ» ծրագիրն անտառի վերականգնման եւ սոցիալական խնդիրներն այս գյուղում մեկտեղել է

Գյուղում հանդիպեցինք «Հայաստան-ծառատունկ» ծրագրի Ճամբարակի տարածքի Գետիկի ավազանի ծրագրերի օգնական Ռոբերտ Ալեքսանյանին: Մինչ այդ գյուղացիք տնամերձներում ցույց էին տվել հացենու, թխկու փոքրիկ տնկարանները եւ պատմել, թե պայմանագիր ունեն «Հայաստան-ծառատունկի» հետ, աշնանը հանձնում են եւ 70-100 հազ. դրամ ստանում, իսկ տնկիներով վերականգնում են շրջակա անտառը: Ռ. Ալեքսանյանն ավելի մանրամասն պատմեց ծրագրի մասին. այն իրականացվում է մեր սփյուռքահայ հայրենակիցների ներդրումներով, հիմնականում բնապահպանական` անտառների վերականգնման խնդիրներ է լուծում արդեն 12 տարի: Այգուտում գործում է արդեն չորրորդ տարին, առաջին գյուղն է, որտեղ գյուղապետը լայնորեն աջակցել է ծրագրին` նրա երկու նպատակն իր գյուղի համար խիստ օգտակար համարելով. անտառ վերականգնել տարածքում եւ դրա միջոցով գյուղացու համար եկամուտ ապահովել: Գյուղի տարածքի անտառը 35 հա է, որը պատկանում է գյուղին: Բացի այդ կա նաեւ անտառտնտեսությանը պատկանող անտառ` վերականգնում են ե՛ւ համայնքի, ե՛ւ անտառտնտեսության անտառը: Առաջին անգամ, երեք տարի առաջ, որ եկել են` դպրոցի համար երկու հեկտար մրգատու այգիների ծառատնկում են արել:

«Այգին տնկելուց հետո սկսեցինք տնամերձ տնկարանների ծրագիրը. գյուղացիներին առաջարկվեց իրենց տնամերձերում 10-15 քմ տարածք առանձնացնել, «Ծառատունկը» տալիս է սերմերը, իրենք աճեցնում են` թխկի, հացենի, ընկուզենի: Պայմանագրեր կնքվեցին գյուղացիների հետ, տնկիները նրանք խնամում են մինչեւ մեկ տարի, որից հետո ծրագիրը գյուղացիներից գնում է տնկիները` մեկ տնկին 100 դրամով: Ամեն ընտանիք, այդպիսով, սեզոնին մոտ 100 հազ. դրամի եկամուտ է ունենում, քանի որ ըստ պայմանագրի 1000 ծառ է աճեցնում: Նույն ընտանիքներն էլ ներգրավվում են անտառատնկման աշխատանքների մեջ: Կոնկրետ Այգուտում 130 ընտանիք ընդգրկված է այդ գործում: Ե՛վ կանաչ տարածքներն են վերականգնվում, ե՛ւ սոցիալական խնդիրներ են լուծվում: Գետիկի ավազանում այդ ծրագրում, Այգուտից բացի, ընդգրկված են հարեւան Դպրաբակը, Ձորավանքը, հետո արդեն Տավուշի Աղավնաձորը, նաեւ բարձրլեռնային գոտում տեղադրված նույն տարածքի եւս երեք գյուղ: Առաջիկա տարիներին ծրագրով պլանավորված է մոտ 2000 հեկտար անտառ վերականգնել տարածքում, մինչեւ օրս 260 հեկտարից ավելի վերականգնվել է: Կոնկրետ Այգուտի համար ծառատունկից ստացված գումարները բավական խնդիրներ են լուծում` հողի հարկն է հավաքվում, խանութներն իրենց պարտքերն են հավաքում, գյուղացին լրացուցիչ եկամուտ է ունենում իր խնդիրները լուծելիս: Ծրագիրը մի այլ խնդրում էլ է մտադիր օգնել գյուղացիներին. տնամերձերի ծառերն արդեն ծեր են եւ պետք է փոխարինվեն, 350 ընտանիքից յուրաքանչյուրին 8 պտղատու ծառ է տրվել այդ նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4