ՀՀ վարչապետի 2006 թ. մայիսի 4-ի N 299 -Ա որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է.
Սույն թվականի օգոստոսի 28-ին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության մրցութային հանձնաժողովի 5-րդ նիստին կայացվեց որոշում` մամուլում հրապարակել ՀՀ օրհներգի երաժշտության եւ տեքստի ընտրության մրցույթի երկրորդ փուլ անցած 5 տեքստերը:
Վերոնշյալ ստեղծագործությունները տպագրվում են անփոփոխ` ըստ հայտատուի ներկայացման:
Երաժշտությունը` Տիգրան Մանսուրյանի, տեքստը` Եղիշե Չարենցի
Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն են սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
կրկներգ
Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում (կրկնել)
Ուր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յարն եմ սիրում:
կրկներգ
Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում (կրկնել)
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն եմ սիրում:
կրկներգ
Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում (կրկնել)
Երաժշտությունը` Երվանդ Երզնկյանի, տեքստը` Արարատ Բ-ի
Օրհներգ
Հայոց աշխարհ մեր հպարտ,
Դրախտ երկիր, տուն հզոր,
Պաշտպան լինենք մենք քո կյանքին
Ցնծա, ցնծա այսօր:
Գնանք առաջ ու առաջ,
Պահենք ոգին վեհ ու քաջ,
Գնանք, հայեր
Գնանք, հայեր
Միշտ աննահանջ:
Մենք որդիք քո ցնծալի.
Մեր փառքի հետ անցյալի,
Կկերտենք մի դրախտ Երկիր-Ոստան
Մեր արեւով, հոգով, Արարատով`
Նոր Հայաստան
Դու իմ երկիր Նաիրյան,
Տիրոջ կամքով հաստատված,
Պաշտպան ունես դու քաջերիդ
Ու մի հզոր Աստված:
Դու իմ հզոր Հայրենիք,
Օրրան դու ողջ հայության,
Քայլիր ազատ
Քայլիր հպարտ
Իմ Հայաստան:
Երաժշտությունը` Էդգար Հովհաննիսյանի, տեքստը` Վահագն Դավթյանի
ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ
կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,
Փառք քեզ, փառք իմ հող,
Փառք հավիտյան,
Քո որդիներին, քաջորդիներին,
Մայր իմ Հայաստան:
Մաքառեցին քո որդիք, ընկան սրահար:
Նրանց արյամբ մկրտված`
Դու ելար, խոյացար, վեհացար,
Երկիր հայրենի:
կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,
Փառք քեզ, փառք իմ հող,
Փառք հավիտյան,
Քո որդիներին, քաջորդիներին,
Մայր իմ Հայաստան:
Ավարայրի սուրբ դաշտով` դարեր սուրացին,
Շիրիմներից քաջերի շողաց լույս,
Արշալույս, երգ ու հույս,
Ոգի հրածին:
կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,
Փառք քեզ, փառք իմ հող,
Փառք հավիտյան,
Քո որդիներին, քաջորդիներին,
Մայր իմ Հայաստան:
Նրանց հոգին մեր սրտում ապրեց դարերով,
Արծվի նման թեւաբաց,
Սավառնեց մեր հպարտ,
Ձյունապատ, անպարտ լեռներով:
կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,
Փառք քեզ, փառք իմ հող,
Փառք հավիտյան,
Քո որդիներին, քաջորդիներին,
Մայր իմ Հայաստան:
ՓԱՌՔ ՀԱՎԻՏՅԱՆ
Երաժշտությունը` Արամ Խաչատրյանի, տեքստը` Արսեն Սողոմոնյանի
ՕՐՀՆԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
I
Ազա՛տ, անկա՛խ, նախնյաց պատգամ Հայաստա՛ն,
Հայոց ազգի դարեր կերտած դու ոստա՛ն,
Մագաղաթյա մեր պատմության նոր մատյա՛ն,
Դու նորօրյա Մայր Հայրենիք հայությա՛ն:
Կրկներգ
Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստա՛ն,
Որդիներիդ ահեղ բազկով անսասա՛ն,
Երկաթագիր քո տառերով մեսրոպյան
Դու կերտում ես հայոց պայծառ ապագա՛ն:
II
Վահա՛գն աստված քեզ հուրն անշեջ պարգեւե՛ց,
Լուսավորչի հավատքը քեզ լույս տվե՛ց,
Նարեկով էր Խաչիդ ճամփան տեւակա՛ն,
Արարատն է դարձիդ ճամփան վերջնակա՛ն:
Կրկներգ
Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստա՛ն,
Որդիներիդ ահեղ բազկով անսասա՛ն,
Երկաթագիր քո տառերով մեսրոպյան
Դու կերտում ես հայոց պայծառ ապագա՛ն:
III
Արքա՛, ռազմի՛կ, քերթողահա՛յր, շինակա՛ն,
Արարեցին պատմությունդ նաիրյա՛ն:
Ծիրանագույն արտերից արեւահա՛մ
Ալիքվեց քո եռագույնը հաղթակա՛ն:
Կրկներգ
Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստա՛ն,
Որդիներիդ ահեղ բազկով անսասա՛ն,
Երկաթագիր քո տառերով մեսրոպյան
Դու կերտում ես հայոց պայծառ ապագա՛ն:
Երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի, տեքստը` Լյուդվիգ Դուրյանի
ՕՐՀՆԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Մեր հայրենիք, բյուր դարեր կանգուն ես
Հայկյան շուքով դյուցազնական,
Տեսել ես մահ, ավեր, սանձել ես մութ հողմեր,
Թեժ մարտերում կոփել ես կամք հաղթական:
Մեր Հայրենիք, սրբազան լույսի տաճար ես,
Հավերժ կապրի շենշող հանճարը քո,
Աստվածաշունչ մայր Երկիր,
Հավատ մեր եւ փրկիչ:
Քո Արարատ լեռան լանջին
Կծնվեն ազատ երգեր օրորի,
Չի լռի Զանգը Հաղթության կանչիդ,
Կավետի նոր Մայիսներ փառքի:
Փառք քեզ, Երկիր, անվախճան է երթդ,
Պիտի ապրենք ու կերտենք
Վերածնված Հայրենիք,
Հավաքազոր, հար ու Հզոր, Հայաստան:
ՀՀ օրհներգի 85 հայտերի ցանկում ստվար քանակություն են կազմել Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված տեքստերը: Սույն թվականի սեպտեմբերի 1-ից ցանկացողները կարող են ծանոթանալ այդ տեքստերի տարբերակներին www.mrcuyt.am կայքում:
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին