Սեպտեմբերի առաջին շաբաթում Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներին լուրջ փորձություն է սպասում: Ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Բելգիայի հավաքականի հետ հանդիպումով սկսում է 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Իսկ երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 2-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլի վերջին` վճռորոշ խաղն է անցկացնելու Նորվեգիայի իր հասակակիցների հետ: Մեր երկու ընտրանիներն էլ արդեն սկսել են նախապատրաստությունը վճռորոշ այդ հանդիպումներին:
Օգոստոսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները սկսել են ուսումնամարզական հավաքը:
Պորտերֆիլդը ծանոթացել է հայաստանյան ակումբները ներկայացնող հավաքականի թեկնածուների հետ: Նորանշանակ գլխավոր մարզիչը ներկայացրել է նաեւ հավաքականի մարզումային ծրագիրը: Օրական երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան, հավաքականը նախապատրաստական մարզումներ կանցկացնի «Փյունիկ» եւ «Բանանց» ակումբների մարզադպրոցների խաղադաշտերում, իսկ բուն հանդիպմանը նախորդող մարզումները կկայանան «Հանրապետական» մարզադաշտում:
Առայժմ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ մարզվում են Գեւորգ Կասպարովը («Փյունիկ») եւ Ֆելիքս Հակոբյանը («Միկա»), Աղվան Մկրտչյանը, Սարգիս Հովսեփյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը (բոլորն էլ` «Փյունիկից»), Արմեն Շահգելդյանը («Միկա») եւ առայժմ ոչ մի թիմում հանդես չեկող Համլետ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Ռոբերտ Արզումանյանը («Փյունիկ»), Սամվել Մելքոնյանը («Բանանց») եւ Արտաշես Բաղդասարյանը («Պաշինգ») մարզվում են երիտասարդական հավաքականի կազմում, որը նույնպես ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Ազգային հավաքականի մյուս թեկնածուները, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, ուսումնամարզական հավաքին կմիանան սահմանված ժամկետում:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
Էդգար Գասպարյան («Փյունիկ»), Մանվել Աֆրիկյան («Ուլիս»), Ռոբերտ Արզումանյան («Փյունիկ»), Վալերի Ալեքսանյան («Փյունիկ»), Միխեիլ Սիմոնյան («Լեւադիակոս»), Արթուր Ստեփանյան («Փյունիկ»), Հովհաննես Գրիգորյան («Բանանց»), Հայկ Չիլինգարյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Արմեն Տիգրանյան («Փյունիկ»), Նորայր Սահակյան («Փյունիկ»), Բորիս Մելքոնյան («Փյունիկ»), Ռաֆայել Սաֆարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Ալեքսանդր Պետրոսյան («Փյունիկ»), Տիգրան Ղարաբաղցյան («Փյունիկ»), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Արտաշես Բաղդասարյան («Պաշինգ»), Սուրեն Սարգսյան («Բանանց»), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»):
Հավաքականի մարզչական շտաբում են նաեւ մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հայաստանի երիտասարդական հավաքականն իր մարզումները կանցկացնի «Փյունիկ» ակումբի խաղադաշտում եւ «Կիլիկիա» ակումբի մարզասրահում: Խաղին նախորդող մարզումները նույնպես երիտասարդական հավաքականը կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում:
Նորվեգիայի երիտասարդական հավաքականը, ինչպես ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տեղեկացրել է այդ երկրի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի քարտուղարությունը, ամենայն հավանականությամբ Հայաստան կժամանի հետեւյալ կազմով. դարպասապահներ` Իվեն Աստբու («Վիկինգ»), Ռունե Յարստեյն («Օդ Գրենլանդ»), Անդրեաս Լի («Ալեզունդ»), պաշտպաններ` Տրոնդ Էրիկ Բերթելսեն («Ֆրեդրիկսթադ»), Քրիստիան Օնստադ («Էսբերգ»), Թորե Ռեգինիուսսեն («Թրեմսե»), Քնութ Օլավ Ռինդառյու («Մոլդե»), Էսպեն Ռուուդ («Օդ Գրենլանդ»), Առնար Ֆուրսուն («Սանդեֆյորդ»), Շտեֆեն Հագեն («Օդ Գրենլանդ»), կիսապաշտպաններ Հենինգ Հաուգեր («Սթաբեկ»), Էրիկ Հուսեկլեպ («Բրան»), Պետեր Վագան Մոեն («Բրան»), Անդրե Դանիելսեն («Վիկինգ»), Յոնե Սամուելսեն («Վիկինգ»), Տոմաշ Սոկոլովսկի («Լյուն»), Ալեքսանդր Թեթի («Ռուսենբորգ»), հարձակվողներ` Թարիկ Էլյունուսի («Ֆրեդրիկսթադ»), Դանիել Ֆրիդհայմ Հոլմ («Վոլերենգա»), Մագնուս Մյուկլեբուստ («Լիլեսթրյոմ»):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ