Նյու Յորքում մեկնարկել է ընթացիկ մրցաշրջանի «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին դասվող վերջին մրցաշարը` ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Այն վերջինը կլինի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասու համար, որը հրաժեշտ է տալու մեծ թենիսին: Աղասին բավական հաջող է հանդես եկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որը նրա համար արդեն 21-րդն է: Ուստի պատահական չէր թենիսի երկրպագուների մեծ հետաքրքրասիրությունն Աղասու առաջին մրցախաղի հանդեպ: 24 հազար հանդիսականներ հետեւեցին 36-ամյա Աղասու եւ ռումինացի Անդրեյ Պավելի մրցավեճին, ինչը մրցաշարի համար ռեկորդային ցուցանիշ է: Աղասին չորս խաղափուլանոց մրցավեճում հաղթեց մրցակցին եւ կշարունակի պայքարը: Հանդիպումը բավական համառ բնույթ կրեց: Առաջին խաղափուլում Աղասին զիջեց թայ բրեյքում (6-7), իսկ երկրորդում նույնպիսի իրավիճակում հաղթեց (7-6): 3-րդ խաղափուլն ամենահաջողը դասավորվեց Աղասու համար: Նա մրցակցին զիջում էր 0-4 հաշվով, սակայն ոգեւորված երկրպագուների ջերմ աջակցությունից, կարողացավ ի վերջո շահել խաղափուլը (7-6): Ինչպես երեւում է, իրադարձությունների նման ընթացքն ընկճեց ռումինացի թենիսիստին, որը չորրորդ խաղափուլում արդեն չկարողացավ լրջորեն դիմադրել (2-6):
Այսպիսով, Աղասին հաջողությամբ հաղթահարեց առաջին արգելքը եւ հաջորդ փուլում կմրցի կիպրոսցի Մարկոս Բագդատիսի հետ: Հանդիպումից հետո Աղասին հետեւյալն է ասել. «Ես հրաժեշտ եմ տալիս մեծ թենիսին, ուստի ցանկանում եմ կորտում ցուցադրել այն ամենը, ինչին ընդունակ եմ: Շատ ուրախ եմ հաղթանակի համար: 3-րդ խաղափուլում մարզական բախտն իմ կողմն էր, եւ կարողացա խույս տալ պարտությունից»:
Երեկ կեսգիշերին պայքարի մեջ պիտի ներգրավվեր Դավիթ Նալբանդյանը, որի մրցակիցը Բեռերն էր: Հաջող հանդես եկան ռուսաստանցի թենիսիստները, որոնցից ութը հաղթահարեցին առաջին արգելքը: Միխայել Յուժնին հաղթեց Դոմենեկ Հրբատուն: Հաջորդ փուլ են դուրս եկել նաեւ Վերա Զվոնարյովան, Ելենա Դեմենտեւան, Սվետլանա Կուզնեցովան, Մարիա Կիրիլենկոն, Ալինա Ժիդկովան, Եկատերինա Բիչկովան: Նշենք, որ անձրեւի պատճառով առաջին օրվա հանդիպումները սկսվեցին 1,5 ժամվա ուշացումով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ