«Ուժեղ զգացմունքները» («For-ceful feelings») աշխարհի տարբեր երկրների պարախմբերում աշխատող հայ երիտասարդ պարողների նոր ձեռնարկումն է: Նրանցից մեկըՙ Արսեն Մեհրաբյանը, մտահղացավ հայկական բալետային արվեստի մի քանի տաղանդավոր ներկայացուցիչների միավորող «Forceful feelings» պարային կորպորացիայի գաղափարը: Ահա՛ նրանց անունները. Արսեն Մեհրաբյան, Տիգրան Միքայելյան, Վահե Մարտիրոսյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարապետյան:
2006 թ. ամռան մի շոգ օր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենությունը կազմակերպեց «Forceful feelings»-ի պրեմիերային ներկայացումը, որն առաջացրեց հանդիսականների պատասխան ուժեղ զգացմունքները: Տարբեր սերունդների պրոֆեսիոնալների եւ բալետային մելոմանների ստվար լսարանը դժվարությամբ տեղավորած դահլիճի արձագանքը կարելի է բնութագրել որպես բերկրանք եւ հպարտություն:
Իրոք, Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի միջազգային ճանաչման հասած սաները ծարավի են կատարելագործման եւ նոր գեղարվեստական նվաճումների: Այդ սերունդը պարի տեխնիկական հնարավորությունների զարգացումն ընկալում է որպես բալետի համապարփակ արտիստ դառնալու ուղի: Այսօր այլեւս անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով» եւ մանավանդ շրջանցել ժամանակակից պարի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների լայն սպեկտրը: Ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե՛ նորարարականի եւ թե՛ դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Իսկ զգացմունքների ուժը բնավ չի նշանակում զուտ հուզական լարվածություն: Զգացմունքների ուժը պարի մեջ առաջացնում է նաեւ վերլուծական սկզբունքի ակտիվացում: Այդօրինակ զգացմունքները պարողին տանում են դեպի իր մարմնիՙ շարժման աղբյուրի եւ բնության հետ կապի միջնորդի, ռացիոնալ ճանաչման արվեստը:
Երեւանում «Forceful feelings» խումբը հանդես եկավ առանց Դ. Կարապետյանի: San Francisco Ballet-ի մենապարող Դավիթ Կարապետյանը հանդես կգա Մայնի Ֆրանկֆուրտի Nordwest Zentrum-ում 2007 թ. մայիսին ծրագրված խմբի ելույթի ժամանակ: «Forceful feelings»-ի մյուս մասնակիցները Երեւանում ցուցադրեցին իրենց տաղանդը, առաջին բաժնում հանդես գալով մեր օպերային թատրոնի մենապարուհիներիՙ եռանդուն Սոնա Առուստամյանի (պա դը դե Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետից, Բազիլՙ Տիգրան Միքայելյան), քնարական Մերի Հովհաննիսյանի (պա դը դե Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից, արքայազնՙ Արման Գրիգորյան): Պրոֆեսիոնալ եւ ամուր Մարիա Դիվանյանի (ադաջիո ըստ Չայկովսկու երաժշտության, մենապարողՙ Վահե Մարտիրոսյան), հղկված ու նուրբ Սյուզաննա Փիրումյանի (պա դը դե Ա. Ադանի «Ծովահենը» բալետից, ստրուկՙ Արսեն Մեհրաբյան) հետ:
Երկրորդ բաժնում «Forceful feelings»-ի արական խումբը ներկայացրեց արդի պարարվեստի նմուշներ, որոնք մերձենում էին գեղագիտությամբ եւ պլաստիկայի լեզվով: Բեմի զուսպ լուսավորությունն ուշադրությունը բեւեռում էր բացառապես պատկերի սրության եւ ճկուն մարմնի գյուտարարության վրա: Համարները դինամիկորեն հաջորդում էին մեկը մյուսին, դրանք շաղկապելով միասնական հայեցակարգի մեջ: Պետք է ասել, որ հենց «Forceful feelings»-ի արտիստների բեմադրած մի քանի համարները չէին խախտում ընդհանուր հայեցակարգը: Դրանք են Դոն Դեւիսի «Վերջին շունչը» (Last breath) Դ. Կարապետյանի բեմադրությամբ (մենակատար Ա. Գրիգորյան), նույն հեղինակի «Փակուղի» (No way out) գործը ըստ Ա. Վիվալդիի երաժշտության (մենակատար Վ. Մարտիրոսյան), կոլեկտիվ աշխատանքներըՙ չորս դուդուկի համար մշակված Կոմիտասի «Ծիրանի ծառը» (բեմադրություն Ա. Մեհրաբյանի) եւ Կ. Օրֆի «Կարմին Բուրանի» «Ֆինալը» (համատեղ իմպրովիզացիա):
Մյուս համարների թվում նշենք Բ. Բարտոկի երաժշտության հիման վրա ստեղծված «Պարզ հաճույքը» (Simple pleasure) Ա. Մեհրաբյանի դինամիկ կատարմամբ (բեմադրությունը Իրժի Բուբենիչեկի), ըստ Թոմ Ուիլյամի երաժշտության Ուիլյամս Ֆորսայթի բեմադրած «Վերջույթների թեորեմը» (Limbs theorem) Տ. Միքայելյանի սրամիտ կատարմամբ, Դանիել Փլոյանի երաժշտության հիման վրա «Մյունխենյան բալետի» պարուսույց Նորբերտ Գրաֆի բեմադրած «Էվոլուցիան» (Evolution): Այդ բալետի մենապարող Տ. Միքայելյանը «pas»-երի շաղկապման գաղափարով յուրօրինակ այդ կոմպոզիցիան կատարեց բառացիորեն մարզական ճշգրտությամբ:
«Վերջին շունչ» համարում արտահայտիչ առնական պլաստիկայով աչքի ընկած Ա. Գրիգորյանը քանդակային արտահայտչականություն դրսեւորեց ամերիկացի ամենահայտնի մինիմալիստ Ֆիլիպ Գլասի երաժշտության հիման վրա ստեղծված «Համբերությամբ» (Patiently) համարում: Հայնց Շպյորլիի բեմադրությունը կարելի է հիրավի անթերի անվանել: Պակաս հետաքրքրական չէ նշանավոր Ջոն Նոյմայերի գլխավորած «Համբուրգյան բալետի» պրեմիերանՙ ըստ Մորիս Հորստիսի երաժշտության Իրժի Բուբենչեկի ստեղծած «Ավելին, քան բառերը» (Beyond words) երկու պարողների կոմպոզիցիան: Կատարողներ Վ. Մարտիրոսյանը եւ Ա. Մեհրաբյանը ճշգրիտ եւ ճկուն պահվածքով, շարժումների հայելային արտացոլմամբ դրանց համակարգման դաս տվեցին:
Համերգի երկու բաժինների ոճային հակադրությունը դրդեց վերհիշել «Ֆրանկֆուրտյան բալետի» տնօրենիՙ մոդեռն պարի առաջատարներից մեկը հանդիսացող Ուիլյամ Ֆորսայթի խոսքերը. «Ես սիրում եմ դասական պարարվեստը, ինչպես տատիկիս եւ պապիկիս: Առանց դրա ես ոչինչ եմ: Բայց իմ բեմադրությունները ես պատկերացնում եմ որպես ճարտարապետական ձեւեր, որոնցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածության մոդելավորմանը» (Սանկտ Պետերբուրգի 2002 թ. փառատոնում տված հարցազրույցից):
Հայ պարողների կողմից արդի կոմպոզիցիաների մարմնավորումը տպավորություն էր գործում ոչ միայն վիրտուոզությամբ, այլեւ կատարողներին եւ հանդիսականներին միավորող հոգեւոր էներգիայով: Եվ դա գլխավորն էր:
Վերջում բերենք մի քանի տեղեկություն «Forceful feelings»-ի արտիստների վերաբերյալ:
Արսեն Մեհրաբյան: Ավարտել է պարարվեստի ուսումնարանը Ռուբեն Տոնոյանի եւ վաստակավոր արտիստ Նորայր Մեհրաբյանի դասարանում: Հինգ մրցույթների դափնեկիր է, այդ թվում Մեծ մրցանակ է ստացել Վառնայի 2002 թ. միջազգային մրցույթում եւ Ժյուրիի հատուկ մրցանակՙ Նագոյայի (Ճապոնիա) 2005 թ. մրցույթում: Համբուրգի բալետային դպրոցում երկամյա ուսումնառությունից հետոՙ 2000 թվականից աշխատում է Ջ. Նոյմայերի գլխավորած Համբուրգի բալետում:
Տիգրան Միքայելյան: Ավարտել է պարարվեստի ուսումնարանը Գարուշ Խունոյանի եւ Արմեն Գրիգորյանի դասարանում, ապա սովորել է Շվեյցարիայումՙ պրոֆեսիոնալ բալետի դպրոցում: 1998-2004 թթ. աշխատել է Ցյուրիխի բալետում, 2005 թվականից Մյունխենի բավարական պետական բալետի մենապարող է: Լոզանի 1998 թ. մրցույթի պրոֆեսիոնալիզմի մրցանակի դափնեկիր է:
Վահե Մարտիրոսյան: Սովորել է պարարվեստի ուսումնարանում Ռուբեն Տոնոյանի եւ Նորայր Մեհրաբյանի ղեկավարությամբ, ապա 1999-2001 թթ.ՙ Ցյուրիխի պրոֆեսիոնալ բալետի դպրոցում: Ավարտելուց հետո դարձել է Ցյուրիխի օպերային թատրոնի մենակատար: 2005 թ. Նագոյայում արժանացել է դափնեկրի կոչման:
Արման Գրիգորյան: Խմբի ամենաերիտասարդ արտիստն է: Պարարվեստի ուսումնարանում սովորել է Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: 16 տարեկանում (2001 թ.) մասնակցել է Լոզանի մրցույթի եզրափակիչին: Այդ ժամանակվանից ապրում է արտերկրում. Ցյուրիխի բալետի մենապարող է: Մի քանի մրցույթների դափնեկիր է, այդ թվում ոսկե մեդալներ է ստացել Թել Ավիվի 2002 թ. միջազգային բալետային մրցույթում եւ 2004 թ. Վառնայում: 2005 թ. Նագոյայում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր