«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել մինչեւ տարեվերջ: Քոչարյան-Ալիեւ հանդիպման հնարավորության լուրը շրջանառվում էր այս օրերին, որի հավանականությունը սակայն կախված է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից: Մամեդյարովն ասել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը կախված կլինի իր եւ Օսկանյանի բանակցությունների արդյունքից, որոնք առաջիկայում տեղի են ունենալու Եվրոպայում:
Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ճանապարհի քարտեզը»` Էլմար Մամեդյարովը ասել է. «Այժմ շատ հարմար է պահը լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որովհետեւ շատ հարցերում համաձայնություն կա: Բայց ամենաբարդ հարցերի շուրջը մենք պետք է շարունակենք բանակցությունները»: Նա նաեւ հավելել է, որ այդ ծրագրով սահմանվում են համաձայնագրի հնարավոր ստորագրման մեթոդները:
Գ. Գ.