Վերջին շրջանում շատ է շրջանառվում այն լուրը, թե բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մի գործարարից 3 մլն դոլար կաշառք է պահանջել: Լուրը կապվում է ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի հետ, որն էլ, շրջանառվող լուրերի համաձայն, կաշառք ուզող նախարար Այվազյանին ձայնագրել է «Գլոբալ գոլդի» տնօրեն Վան Գրիգորյանի ներկայությամբ (հիշեցնենք, որ Վան Գրիգորյանը Հայկական համագումարի նախկին տնօրենն է եղել, նաեւ «Թուրքահայկական հաշտության հանձնաժողովի» անդամը): Տեղեկություն կար նաեւ, թե չարաբաստիկ այդ ձայնագրությունը նախագահ Քոչարյանին է փոխանցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նախագահ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, թե նման ձայնագրության մասին ինքը որեւէ տեղեկություն չունի, իսկ նախարար Այվազյանի պաշտոնանկության հարց գոնե այս պահին դրված չէ: Նույն օրը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում բնապահպանության նախարարը նույնպես հերքել էր իր կաշառապահանջության մասին լուրը:
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ստացվեց տեղեկություն, որում ասվում է, թե իրենք այդպիսի ձայնագրության գոյության մասին տեղեկություն չունեն եւ նախագահ Քոչարյանին էլ որեւէ ձայնագրություն չեն հանձնել: Հաղորդագրության մեջ նշվում է սակայն, որ դեսպանությունը պաշտոնական կոռուպցիայի խնդրի հետ կապված շարունակական երկխոսության մեջ է ՀՀ կառավարության պաշտոնյաների հետ. «Երբ մեզ հասնում են կոռուպցիայի մեջ ներգրավվածության մասին վստահարժան հաղորդումներ, մենք, իհարկե, այդ տեղեկությունը փոխանցում ենք ՀՀ համապատասխան պաշտոնյաներին»: Դեսպանատնից մեր երկրի պաշտոնյաներին կոչ են անում հետաքննել կոռուպցիայի մեջ ներգրավվածության մասին մեղադրանքներն ու հետապնդում իրականացնել, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պետական նախարարներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին: