Գյումրու թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոցը երեկ իր աշակերտներին դիմավորեց վերանորոգված եւ վերաբացված շենքում: Արդեն շուրջ 15 տարի գործող դպրոցում, ուր սովորում է մտավոր թերի զարգացած 132 աշակերտ, տարիներ շարունակ հիմնանորոգման աշխատանքներ չէին իրականացվել: Նախաձեռնությունը Հայկական բարեգործական ընդհանուր միությանն էր (ՀԲԸՄ): Անցյալ տարի ՀԲԸՄ-ն դպրոցում վերանորոգեց սանհանգույցը, աշակերտներին ապահովեց անկողիններով: Իսկ այս ամառ նորոգվեց հատակը, ներկվեցին պատերը:
ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը տեղեկացրեց, որ այս ամռան վերանորոգման աշխատանքները իրականացվել են ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: Հետաքրքրական է, որ աշխատանքներին մասնակցել են ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի երիտասարդները, որոնք նախորդ ամիս ամառային ճամբարի շրջանակներում այցելելով հայրենիք, շուրջ մեկ շաբաթ մասնակցել են վերանորոգմանը: Կամավորների ուժերով ներկապատվել է դպրոցի 2/3-ը:
Տեղեկացնենք, որ ճամբարի 8 կամավորները Հայաստանում մասնակցել են ոչ միայն բարեգործական այս աշխատանքին, այլեւ ճանաչողական այցով շրջել են Հայաստանում եւ Արցախում, Վանաձորում մասնակցել հնագիտական պեղումների:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը շնորհավորելով աշակերտներին գիտելիքի օրվա առթիվ, տեղեկացրեց, որ երկրաշարժից ի վեր երկար տարիներ տնակային եւ ոչ հարմար պայմաններում տեղակայված դպրոցները պետական եւ Բարեգործական մի շարք կառույցների ներդրումների շնորհիվ այժմ արդեն նորմալ վիճակում են, խնդիրը Շիրակի մարզում լուծված է:
Այս ծրագիրը Գյումրիում երկրաշարժից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միության իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի շարունակությունն է: Նախկինում ՀԲԸՄ-ն այստեղ կառուցել է արվեստների ակադեմիա, ուր տեղակայված են Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի, Կոնսերվատորիայի եւ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը, կառուցվել է թիվ 7 միջնակարգ դպրոցը, վերակառուցվել Բայրոնի անվան դպրոցի խաղահրապարակը:
Աշոտ Ղազարյանը շնորհավորելով դպրոցականներին, հույս հայտնեց, որ դպրոցի համեմատաբար բարեկարգ վիճակն աշակերտների առաջադիմության խթան կլինի:
Թ. Մ.