«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2006-08-31 | #166, 2006-09-01 | #167, 2006-09-02


ԲԱՑՎԵՑ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԸ

Սեպտեմբերի 1-ը գրող, հրապարակախոս, արձակագիր Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում կրկնակի տոն էր: Երեկ` գիտելիքի օրը, իրականացվեց դպրոցի տնօրենության եւ աշակերտության երազանքը` Արաբկիր համայնքի աջակցությամբ բացվեց Վարդգես Պետրոսյանի դիմաքանդակը, որը այսօրվանից տեղադրված կլինի դպրոցի պատին: Դիմաքանդակի հանդիսավոր բացմանը ներկա էին գրողի դուստրը եւ ուրիշ հարազատներ, Արաբկիր համայնքի թաղապետ Անդրանիկ Շահինյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, գրողական եւ մտավորական շրջանակների ներկայացուցիչներ, որոնցից շատերը Պետրոսյանի ժամանակակիցն են եղել եւ հաճելի հուշեր ունեին պատմելու:

Քանդակագործ Էդվարդ Շախիկյանի կերտած դիմաքանդակի ներքո հավաքված աշակերտների խոսք ու երգից հետո Վարդգես Պետրոսյանի վաստակը հիշեցրին նրա գրող ընկերները եւ մտերիմները: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հատկապես շեշտադրեց Վարդգես Պետրոսյան ստեղծագործողի, հրապարակախոսի եւ խմբագրի վաստակը` նշելով, որ հիշյալ բնագավառներում իր գործունեությամբ Պետրոսյանը շատ զարգացումներ է մտցրել: ԳՄ նախագահի համոզմամբ, հրապարակախոսության մեջ Պետրոսյանը զարգացրեց եւ խորացրեց էսքիզների ժանրը, հրապարակախոսության մեջ մեծացրեց հասարակական կյանքի կենսական տարածքը, իսկ «Գարուն» ամսագրի խմբագրի պաշտոնում նա հեղափոխություն մտցրեց մամուլի տարեգրության մեջ:

Երկու տարում քանդակված հուշարձանի մոտ ելույթ ունեցավ Վարդգես Պետրոսյանի թոռնուհին` Մարինեն, որը սովորում է այդ դպրոցում, ինչպես նաեւ շնորհակալական խոսք ասաց դուստրը` Արմինեն:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4