Ստեղծելով Իրաքի մասնատման նախադրյալները, նա ճանապարհ է հարթում «Նոր Միջին Արեւելքի» ստեղծման համար
Արեւմտյան մամուլում հաճախակի արծարծվող «Նոր Միջին Արեւելքի» մասին, ըստ երեւույթին, առաջինը պաշտոնապես արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Հուլիսի 25-ին, երբ Իսրայելն օդային անընդմեջ հարվածներով ավերում էր Լիբանանը, Երուսաղեմում նա վարչապետ Էհուդ Օլմերտի հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել է. «Եկել է «Նոր Միջին Արեւելքի» ստեղծման ժամանակը»:
Մինչ տարածաշրջանի երկրները փորձում էին ճշտել, թե ինչ է ենթադրում «Նոր Միջին Արեւելքը», ահա օգոստոսի 20-ին ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Ռալֆ Պիտերսն անգլիական «Զինյալ ուժերի» հանդեսի կայքէջում հրապարակում է տարածաշրջանի նոր քարտեզը, որտեղ երկրների սահմանները ենթարկվում են լուրջ ձեւափոխությունների, որոնց արդյունքում ստեղծվում է «Ազատ Քուրդիստանը»:
Նախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ամերիկացի գնդապետի հրապարակած «Նոր Միջին Արեւելքի» քարտեզին, կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանում սահմանների ձեւափոխման ամերիկյան ծրագիրն անհեթեթություն չէ եւ կարծիքը հիմնավորելու համար վկայակոչել էր «Իրաքի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի որոշակի հատվածում «Անկախ Քուրդիստանի» ստեղծման հավանականության եւ դրան տարածաշրջանի երկրների հակազդեցության» մասին անգլիական «Ինդիփենդնտի» սեպտեմբերի 1-ի հոդվածը:
«Ինդիփենդնտին» էլ հենց նույն օրն անուղղակի հաստատել էր Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ քրդական վարչակարգի նախագահ Մասութ Բարզանին, փոխարինելով Հյուսիսային Իրաքում իրաքյան դրոշը քրդականով:
Օգտվելով առիթից նշենք, որ Իրաքի կարմիր-սպիտակ-սեւ դրոշն ընդունվել է Սադդամ Հուսեյնի իշխանության օրոք, խորհրդանշում էր «Բաաս» կուսակցությանը, իսկ Իրաքյան Քրդստանինըՙ կարմիր-սպիտակ-կանաչ գույնի է, մեջտեղում արեւի պատկերով: Հատկանշական է, որ Իրաքի գործող սահմանադրության մեջ, որն ընդունվել է 2005 թ.-ին, չի տրվում երկրի դրոշի նկարագրությունը: Իրաքյան խորհրդարանում ընդունելություն չի գտնում նաեւ ԱՄՆ-ի առաջարկած նոր դրոշը:
Այլ կերպ, Բարզանիի համար առկա են Իրաքի դրոշից հրաժարվելու, փոխարենը Հյուսիսային Իրաքում Քրդստանի դրոշը բարձրացնելու բոլոր նախադրյալները: Բացի այդ, քրդական վարչակարգն ունի սեփական բանակ, նրան ենթակա տարածքում գործում է սեփական սահմանադրությունը, որի հիման վրա ձեւավորվել է տեղական Քրդստանի խորհրդարանն ու ընտրվել է նախագահը եւ կազմավորվել կառավարությունՙ վարչապետի գլխավորությամբ: Ավելին, Հյուսիսային Իրաք այցելող արաբների նկատմամբ կիրառվում է անցագրային ռեժիմ:
Այս ամենն ազգային դրոշի հետ, ինչ խոսք, անկախ պետականության խորհրդանիշն է: Բարզանին, սակայն, սոսկ Քրդստանի դրոշը չի բարձրացնում, այլեւ Հյուսիսային Իրաքի տարածքում արգելում է իրաքյան դրոշը: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հակազդեցություն է ցուցաբերում դրան: Նա ապօրինի համարելով Քրդստանի դրոշի բարձրացումը, հայտարարում է. «Քանի դեռ Իրաքի խորհրդարանը սահմանադրության համապատասխան նոր որոշում չի ընդունել, երկրի ողջ տարածքում պետք է բարձրացվի իրաքյան դրոշը»:
Ի պատասխան Բարզանին ոչ միայն իրաքյան դրոշը բնութագրում է «որպես քրդերի դեմ իրականացված կոտորածների եւ Իրաքի կործանման» խորհրդանիշ, այլեւ սպառնում է. «Անհրաժեշտության դեպքում կարող ենք անկախություն հռչակել Հյուսիսային Իրաքում, ընդ որում առանց կաշկանդվելու: Հյուսիսային Իրաքում իրաքյան դրոշի արգելման որոշումը Էրբիլում ընդունել է Քրդստանի խորհրդարանը»:
«Նոր Միջին Արեւելքը» ենթադրում է տարածաշրջանի երկրների սահմանների ձեւափոխում: Ձեւափոխման հետեւանքով ի հայտ եկող «Ազատ Քուրդիստանի» ստեղծումն անխուսափելի է դարձնում Իրաքի մասնատումը: Քանի որ մասնատման անհրաժեշտ նախապայմանը Հյուսիսային Իրաքի քրդերի անկախացումն է, ուստի Մասութ Բարզանին քրդերի անկախացման առաջադրանքով Իրաքի մասնատմանը ծառայելիս միաժամանակ ստեղծում է «Նոր Միջին Արեւելքի» ստեղծման նախադրյալներ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ