«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


Ո՞Վ Է ԸՆՏՐՈՂԸ, ՈՐ ՆՐԱ ԿԱՐԾԻՔԻՆ ՄՆԱՆ

Ոչ ոք չնկատեց, որ ՀՀԿ խորհրդի օգոստոսի 31-ի 2 կետանոց որոշման երկրորդ կետը բանի տեղ չի դնում ՀՀ սահմանադրության միաժամանակ մի քանի կետ: Խոստանալով պատասխանատվության ենթարկել կուսակցության այն անդամներին, որոնք չեն ենթարկվի խորհրդի նիստում ընդունված որոշմանը, այն է, չառաջադրել եւ չպաշտպանել Արման Սահակյանի թեկնածությունը Աջափնյակ համայնքի ղեկավարի ընտրություններում, այս որոշումը փաստորեն խախտում է ՀՀ կուսակցական քաղաքացու` նույն Արման Սահակյանի ընտրվելու իրավունքը (հոդված 30), մարդուն հարկադրում է հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն, ինչն արգելվում է սահմանադրությամբ (հոդված 27): Փաստորեն կուսակցության խորհուրդն իր որոշման երկրորդ կետով իրեն վեր է դրել երկրի սահմանադրությունից, էլ չասած, որ նույն սահմանադրության 7-րդ հոդվածով կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել սահմանադրությանն ու օրենքներին, իսկ գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին: Մինչդեռ որոշման երկրորդ կետի խիստ «ժողովրդավարությունն» ակնհայտ է, քանի որ պետությունն այդ որոշումից հետո չի կարող ապահովել իր քաղաքացու հիմնական իրավունքներից մեկը` ընտրվելու իրավունքը (հոդված 3): Հաստատ համոզված, որ Արման Սահակյանը մեր պաշտպանության կարիքը չունի, ընդամենը հակված ենք պաշտպանելու ՀՀ սովորական քաղաքացու իրավունքը, որն ուզում է առաջադրվել եւ ընտրվել, սակայն նրա դավանած կուսակցությունը ոչ միայն չի պաշտպանում նրան (դա այդ կուսակցության գործն է), այլեւ խոստանում է պատժել նույն այդ կուսակցականին, եթե նա փորձի չենթարկվել որոշմանը եւ առաջադրվել (սա արդեն ամենքիս գործն է): Սա պարզապես աբսուրդ է: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս տեղի ունեցածը մեր երկրում հերթական անգամ ընտրողին արհամարհելու սովորական գործելակերպ է, որին չեն էլ թողնում ընտրվել ցանկացող մի քանիսից ընտրել իր սրտին մոտ մեկին, այլ դեմ են անում միայն Արծրուն Խաչատրյանին, քանի որ Ա. Սահակյանի առաջադրվելն ու պաշտպանելն արգելող որոշումից եւ նրա սարգսյանական մեկնաբանությունից հետո ո՞ւմ «դուխը» կհերիքի հոկտեմբերին Աջափնյակում առաջադրվել:

Իսկ ընտրողին այս օրինակով առաջարկվում է «չթպրտալ» նաեւ առաջիկայում, այլ համայնքների, նաեւ` խորհրդարանական ընտրություններում: Ում «կնշանակեն» վերեւից, հենց նրան էլ ընտրողին առաջարկվում է «ընտրել»: Բայց այս անհարմարությունը ընտրողի եւ սեփական գլխին բերել է հենց հանրապետականը, երբ համայնքների ղեկավարների ընտրություններում արդեն փորձարկել է մեն-մի թեկնածուի ընտրությունը:

Առհասարակ` ո՞վ է ընտրողը, որ նրա կարծիքին մնան: Նա անընդհատ կախված է իր ամենօրյա հացը վաստակելուց, աշխատանքը չկորցնելու վախերից, հզորների (գործատուների) բարեհաճությունից, ընտրակաշառքից, սրա-նրա տված նպաստից: Նա կախված է ամեն ինչից եւ ամեն բանից եւ անգամ աչքն էլ չի թարթի ու «կընտրի» արդեն նշանակվածին, քանզի աղքատ է: Նա ժամանակ ու հնարավորություն չունի իրացնելու իր ընտրական իրավունքը, մտածելու, թե ում կուզենար իսկապես ընտրել: Նա չընտրող է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, երեկ լուր կար, թե Աջափնյակում հնարավոր է մի երրորդ թեկնածուի առաջադրվելու հնարավորությունը: Դա կառարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, անկուսակցական Պարույր Կարապետյանն է լինելու: Եթե դա արվելու է մեն-մի ցանկալի թեկնածուի լիակատար «ժողովրդավարական» ընտրության քողածածկույթն ապահովելու համար, մյուս թեկնածուին պատժելու սպառնալիքով հրաժարեցնելուց հետո, ուրեմն ամեն ինչ հենց մեր դիտարկումների շրջագծում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4