«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում այսօր բացվեց ցուցահանդես` նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության 15-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին ԼՂՀ պատմությանը նվիրված գրականություն, թերթեր եւ լուսանկարներ` ռուսերենով, անգլերենով եւ ֆրանսերենով: Ներկայացված գրականության մեջ գերակշռում էին Արցախյան հերոսամարտի տարեգրությանը վերաբերող գրքերը, անկախության տարիներին ԼՂՀ-ում հրատարակված մամուլը, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուները` նվիրված Արցախին, ինչպես նաեւ ԼՂՀ ազգային հերոսների լուսանկարները:

«Շատ կարեւոր է, որ տրամաբանական կապ ստեղծվի մեր պատմության եւ իրականության միջեւ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տեսնելու եւ գնահատելու, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած: Հայ ազգն անցավ պատմական մի փուլ, որի ընթացքում ձեւավորվեց եւ հռչակվեց ԼՂՀ պետությունը, եւ բացի դրանից ԼՂՀ-ն անցել է ազգային ազատագրական պայքարի բոլոր փուլերը», գնահատելով տոնը` ասաց պատմաբան Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա, ներկայումս կանգնած լինելով ԼՂՀ-ի կարգավորման խնդրի առջեւ, պետք է շարունակել ճնշում գործադրել հակառակորդի վրա այնքան ժամանակ, մինչեւ որ ստորագրվի հօգուտ հայ ժողովրդի հաշտության պայմանագիր:

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված 300 գրքերն ամբողջությամբ վերցված են Ազգային գրադարանի սեփական գրապահոցներից: Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ-ի անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եւ կշարունակվի մեկ շաբաթ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4