«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԱԱ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

Երեկ մեր երկրի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարների, ինչպես նաեւ անդամների հետ: Հանդիպման նպատակը սեպտեմբերի 18-20-ը նախատեսված Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի ծրագիրը ներկայացնելն էր: Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովի շրջանակներում կանցկացվի «Նոր պատասխաններ հին հարցադրումներին. հայերը 21-րդ դարում» խորագրով երկօրյա ֆորում, որտեղ կքննարկվեն ազգային պետության ու ինքնության, Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների, հայրենադարձության ու արտագաղթի խնդիրների եւ 2020 թվականի սփյուռքի հեռանկարների հարցեր:

Ներածական խոսքի ավարտին Վարդան Օսկանյանը ընդգծելով Հայաստան-սփյուռք երրորդ խորհրդաժողովի կարեւորությունը, հույս հայտնեց, որ ներկաները կմասնակցեն վերոհիշյալ աշխատանքներին, նախատեսված քննարկումներին, խնդիրների լուծման առաջարկներ կներկայացնեն:

Հանդիպմանը խոսվեց սփյուռքին համախմբող եւ հայրենիքի հետ աշխատանքները արդյունավետ համակարգող կառույցի անհրաժեշտության մասին: Ներկաներից Կառլեն Դալլաքյանի հարցին, թե պետական մակարդակով ինչպես է գնահատվում Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեությունն այս տեսանկյունից, մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ ջանք ու գումար է ներդրվել այդ կազմակերպության հաջողությունների համար, կան որոշ արդյունքներ, սակայն թերեւս կառույցը դեռ լիովին համապատասխան չէ կազմակերպիչների ծրագրածին: Իբրեւ օբյեկտիվ պատճառ Վարդան Օսկանյանը դիտարկեց սփյուռքի տարբեր գաղթօջախների հաճախ, նույնիսկ իրար բախվող շահերի առկայությունը եւ նշեց, որ պետությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցում է կառույցի կայացմանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ քանի դեռ Համաշխարհային հայկական կոնգրեսը սփյուռքը համախմբող միակ կառույցը չէ, պետությունը չի կարող խտրականություն դնել նմանատիպ կազմակերպությունների միջեւ:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը արտգործնախարարին ներկայացրեց իր մտահոգությունն այն առթիվ, որ մեր երկրի իշխանությունները, Ջավախքի խնդիրը ներվրացական համարելով, համապատասխան ուշադրություն չեն դարձնում Ջավախքում բնակվող մեր հայրենակիցներին: Վարդան Օսկանյանն ի պատասխան նշեց, որ իրենք իրոք խնդիրը ներվրացական համարելով հանդերձ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող անտարբեր լինել Վրաստանում ապրող մեր հայրենակիցների ճակատագրին եւ իրավիճակի բարելավման քայլեր են անում:

Հանդիպմանը խոսվեց նաեւ Անթիլիասի եւ Էջմիածնի լարված հարաբերությունների, հանրային հեռուստաընկերության համահայկական ցանցով հեռարձակվող հաղորդումների ճիշտ ընտրության անհրաժեշտության, երկքաղաքացիության եւ հայությանը հետաքրքրող այլ հարցերի մասին: Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ բոլոր խնդիրներն ընդգրկված են խորհրդաժողովի օրակարգում եւ անպայման քննարկվելու են:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4