Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հանդիպումները եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով հաճախակի ընդհատվում են: Այս անգամ էլ միջամտեց «Էռնեստո» փոթորիկը:
Մրցումների հերթական օրվա գլխավոր իրադարձությունն, անկասկած, Անդրե Աղասու եւ գերմանացի Բենջամին Բեքերի մրցախաղն էր: Աղասին, որ հրաժեշտ է տալու մեծ թենիսին, ձգտում է որքան հնարավոր է երկարաձգել իր մասնակցությունը մրցաշարին: Սակայն 3-րդ փուլի արգելքը հաղթահարել նրան չհաջողվեց: Նա չորս խաղափուլ տեւած մրցախաղում զիջեց մրցակցին (5-7, 7-6, 4-6, 5-7): Խաղին հետեւած 23 հազար հանդիսականները հոտնկայս մի քանի րոպե ծափահարություններով ու բացականչություններով ճանապարհեցին Աղասուն մեծ թենիսից: «Ցուցատախտակը վկայում է, որ այսօր պարտվեցի: Պրոֆեսիոնալ թենիսիստի 21-ամյա գործունեությանս ընթացքում ես վստահություն եմ ձեռք բերել: Դուք ինձ աջակցել եք ինչպես կորտում, այնպես էլ կյանքում: Դա ինձ մշտապես ոգեւորել է: Դուք ինձ միշտ հաջողություն եք ցանկացել, նույնիսկ կյանքիս դժվարին պահերին: Եվ առանց ձեզ դժվար կլիներ հասնել բարձունքների, իրականացնել երազանքը», նման խոսքերով հանդիպումից հետո հանդիսականներին դիմեց Անդրե Աղասին, որն ավարտեց ելույթները:
Աղասին 60 մրցաշարերի հաղթող է դարձել, որից 8-ը` «Մեծ սաղավարտի» մրցանակի շարքին դասվող մրցումներում: Նա 101 շաբաթ գլխավորել է թենիսիստների դասակարգման համաշխարհային ցուցակը: ԱՄՆ-ի բաց առաջնությունն ամենասիրված մրցաշարն է Աղասու համար: Նա արդեն 21-րդ անգամ էր մասնակցում այդ մրցումներին: 1994 եւ 1999 թթ. Աղասին նվաճել է գլխավոր մրցանակը: 36-ամյա թենիսիստն իր կենսագրությունում ավելի քան 31 մլն դոլար է վաստակել տարբեր մրցաշարերում:
Ցավոք, Դավիթ Նալբանդյանն էլ անհաջողության մատնվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նրա մրցակիցը ռուսաստանցի Մարատ Սաֆինն էր: Բավական համառ մրցախաղ ստացվեց, որը տեւեց ավելի քան չորս ժամ: Հինգ խաղափուլերից 3-ում հաղթեց Սաֆինը, երկուսում` Դավիթը: Ընդ որում, նրան հաջողվեց 0-2 հաշվից հետո վերականգնել հավասարակշռությունը եւ միայն վերջին խաղափուլում, այն էլ թայ բրեքում զիջեց մրցակցին: Առայժմ հաջող է հանդես գալիս հանրահայտ Մարտինա Նավրատիլովան, որը զուգախաղում ընկերակցելով Նադեժդա Պետրովային, հաջողությամբ հաղթահարեց նաեւ 2-րդ փուլի արգելքը: Նրանք հաղթեցին Կրայչեկ-Մորարիու զույգին (6-2, 6-1):
Տղամարդկանց մրցաշարում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Ռոխուսը, Ռոբրեդոն, Յուժնին, Նովակը, Հյուիթը, Գասկեն, Ռոդիկը, Նադալը, Բերդիչը, Դավիդենկոն, Ֆեդեռերն ու Բլեյկը: Կանանց մրցաշարում հերթական հաղթանակը տոնեց Մարիա Շարապովան` պարտության մատնելով իր հայրենակցուհի Ելենա Լիխովցեւային (6-3, 6-2): Սերենա Ուիլյամսը պարտության մատնեց Իվանովիչին (6-2, 6-4): Հաջորդ փուլ են մտել նաեւ Սաֆինան, Ռազանոն, Չակվետաձեն, Գոլովինը, Դեւենպորտը, Մորեսմոն: