«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Ավարտական խաղում մեր ֆուտբոլիստները հյուրընկալել էին նորվեգացիներին: Պայքարը շարունակելու համար հայ ֆուտբոլիստներին միմիայն հաղթանակ էր անհրաժեշտ, այն էլ երկու գնդակի առավելությամբ: Հայ ֆուտբոլիստները կատարեցին առաջադրանքի միայն կեսըՙ հաղթելով 1-0 հաշվով: Այդ միակ գոլը գրանցվեց 24-րդ րոպեին կազմակերպած եռաքայլ կոմբինացիայի արդյունքում: Տիգրան Ղարաբաղցյանը խորքից փոխանցում ստանալով, գնդակը փոխանցեց Ալեքսանդր Պետրոսյանին: Վերջինիս հարվածը հետ մղեց նորվեգացիների դարպասապահը եւ վրա հասած Ղարաբաղցյանը գրավեց դարպասը:

Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ շատ ջանք ներդրեցին հաղթանակի համար: Նորվեգացիները բավական ակտիվ խաղ ցուցադրեցին եւ մի քանի անգամ սպառնացին մեր հավաքականի դարպասին, սակայն հուսալի էին գործում պաշտպաններն ու դարպասապահը, որոնց հաջողվեց անառիկ պահել դարպասը:

Մեր ֆուտբոլիստները կարող էին խաղը շահել խոշոր հաշվով, սակայն երկու անգամ Ալեքսանդր Պետրոսյանը չիրացրեց գոլային նպաստավոր պահերը: Այսպիսով, մեր հավաքականը հաղթելով 1-0 հաշվով, վաստակեց 3 միավոր: Խմբի հաղթողի հարցը պարզ կդառնա սեպտեմբերի 6-ին կայանալիք Նորվեգիա-Բոսնիա հանդիպումից հետո: Նշենք, որ մրցակարգի համաձայն, եթե երկու եւ ավելի հավաքականներ վաստակեն հավասար միավորներ, ապա նախ հաշվի է առնվելու խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը, ապա խփած գոլերի քանակը, իսկ դրանց հավասարության դեպքումՙ մրցակցի դաշտում խփած գոլերի թիվը: Այնպես որ, Հայաստանի հավաքականը հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն այն դեպքում, եթե նորվեգացիները Բոսնիայի ընտրանուն հաղթեն 1-0 հաշվով: Այլ արդյունքի դեպքում պայքարը կշարունակի Նորվեգիայի կամ Բոսնիայի հավաքականը:

Հանդիպման մասին թիմերի մարզիչների կարծիքներն այսպիսին էին:

Հալվար Թորեսեն (Նորվեգիա)- Սպասում էինք, որ բարդ խաղ է լինելու: Շոգ եղանակն այնքան էլ չազդեց մեր ֆուտբոլիստների խաղի վրա, որոնցից գոհ եմ: Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից էր: Մենք եւս գոլային պահեր ստեղծեցինք, սակայն ցավոք չկարողացանք իրացնել դրանք: Բնականաբար, արդյունքը չի կարող գոհացնել մեզ: Սակայն դեռ ոչինչ կորած չէ: Հաջորդ փուլ մտնելու համար անհրաժեշտ է Բոսնիային հաղթել առնվազն 2 գնդակի տարբերությամբ: Կաշխատենք կատարել մեր առջեւ դրված խեդիրը:

Սամվել Պետրոսյան (Հայաստան)- Գիտեինք, որ նորվեգացիները ֆիզիկապես լավ պատրաստված եւ բարձրահասակ ֆուտբոլիստներ են: Ուստի տղաներին առաջադրանք էի տվել առաջին կես ժամում դիմադրել մրցակցին, որից հետո արդեն ավելի հեշտ կլիներ նրանց դեմ խաղալը: Տղաները կատարեցին առաջադրանքը: Թեեւ հաղթեցինք 1-0 հաշվով, սակայն կարող էինք 2-3 գնդակի տարբերությամբ առավելության հասնել մրցակցի նկատմամբ, ինչը զգալիորեն կմեծացներ հաջորդ փուլ մտնելու մեր հնարավորությունները: Ամեն դեպքում նորվեգացիների նկատմամբ տոնած հաղթանակից պետք է գոհ լինենք, քանի որ տղաները 90 րոպե պայքարեցին բավական մեծ ներուժ ունեցող հավաքականի դեմ: Այժմ մեր ճակատագիրը մրցակիցների ձեռքում է:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Բոսնիա11003-23
2. Հայաստան21013-33
3. Նորվեգիա10010-10

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4