Այլապես նրանք երկիրը չեն շրջափակի օդից, ծովից եւ ցամաքից
Լիբանան, Իսրայել, Պաղեստին, Սիրիա, Իրան, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս կատարած շրջագայությունից հետո սեպտեմբերի 5-6-ը Թուրքիա այցելեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը: Ընդ որում նրա Անկարա ուղեւորվելու պահին Թուրքիայի ազգային մեծ ժողովում` Մեջլիսում բուռն քննարկման էր ենթարկվում Լիբանան խաղաղապահ ջոկատ ուղարկելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության օգոստոսի 28-ի որոշումը:
Դա Մեջլիսում հաստատվեց: Այսինքն կառավարությունը Լիբանան զորք ուղարկելու արտոնություն ստացավ Մեջլիսից: Մինչ Թուրքիայում ծավալվում էին որոշման հաստատման արձագանքները, սեպտեմբերի 6-ին Անկարայում Անանը հանդիպեց արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի եւ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հետ: Թուրքիայի ղեկավարության հետ նրա հանդիպումներում որպես առանցքային խնդիր քննարկվել է Լիբանանում թուրքական խաղաղապահ ջոկատի տեղակայման հարցը:
Գյուլի հետ հանդիպմանը, «Միլիեթի» վկայությամբ, Անանը նրան ասել է. «Երեկ գիշեր Անկարայում վերջապես կարողացա հանգիստ քնել»: Թերեւս նա դրանով ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը Թուրքիայի մասնակցության առթիվ արտահայտել է իր գոհունակությունը: Էրդողանի հետ հանդիպման ավարտին Կոֆի Անանը ի պատասխան թուրք լրագրողների համառ հարցերին, ասել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի իրավասությունները հստակեցված են, եւ խաղաղապահ միջազգային ուժերը «Հզբոլլահին» զինաթափելու առաջադրանք չունեն:
Թուրքական հանրային հեռուստատեսությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս խոսքերը բնութագրեց որպես երաշխիք թուրքական խաղաղապահ ջոկատի համար, որ ջոկատը Լիբանանում չի ներքաշվի զինված բախումների մեջ, առավել եւս «Հզբոլլահի» հետ:
Հարկ է սակայն նշել, որ զինված բախումների հավանականության պարագայում խնդիրը սոսկ Կոֆի Անանի երաշխիքը չէ, այլ միջազգային խաղաղապահ ուժերի միջոցով «Հզբոլլահին» չեզոքացնելու Իսրայելի նկրտումներն են, վերջինին ընդառաջելու պաշտոնական Վաշինգտոնի պատրաստակամությունը, Լիբանանի առնչությամբ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի բովանդակային նպատակամղվածությունը եւ խաղաղապահների մանդատի այդ նպատակամղվածությունից բխող «անորոշությունը»:
Ինչպես հայտնի է, այդ բանաձեւը հանգեցրել է Լիբանանում հրադադարի հաստատմանը, սակայն ՄԱԿ-ը ագրեսիայի համար չի դատապարտել Իսրայելին, չի վերացրել երկրի շրջափակումը եւ չի պարտադրել, որ նրա տարածքից դուրս բերվեն իսրայելական զորքերը: Ավելին, բանաձեւով ՄԱԿ-ը «Հզբոլլահից» պահանջել է «դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները», իսկ Իսրայելից` «հարձակողական բնույթի գործողությունները»:
Ակնհայտ է, որ այս ձեւակերպմամբ ՄԱԿ-ը նույնիսկ հրադադարի պայմաններում նպատակային հարվածի քողի տակ Լիբանանում հարձակումներ կատարելու իրավունք է վերապահել Իսրայելին: Դա պայմանավորված է Իսրայելի հարձակողական գործողությունները որպես ինքնապաշտպանական բնութագրելու միջազգային ուժերի պատրաստակամությամբ:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մանդատին, ապա դա որքան էլ «անորոշ» համարվի, եւ գլխավոր քարտուղար Անանը Անկարայում հայտարարի, թե այդ ուժերը Լիբանանում «Հզբոլլահին» զինաթափելու առաջադրանք չունեն, այնուամենայնիվ ՄԱԿ-ի բանաձեւում տեղ է գտել «առճակատման կանոնների» նախագիծը, ըստ որի ծառայության վայրում խաղաղապահներին հակառակորդի դեմ հրազենի հետ իբրեւ սառը զենք սվին օգտագործելու իրավունք է տրվում:
Լիբանանի համար նախատեսվող «առճակատման կանոնների» նախագծի տեքստը սեպտեմբերի 1-ի համարում հրապարակել էր թուրքական «Հուրիեթ» թերթը: Ըստ նախագծի, խաղաղապահները իրավասու են ձերբակալել այն անձանց, որոնք կփորձեն խախտել խաղաղապահ ուժերին ենթակա շրջաններում «վերահսկողության անցակետերի» ռեժիմը, խուզարկել ձերբակալվածներին եւ խաղաղապահ ուժերի հրամանատարի հրամանով զինաթափել զինված անձանց կամ խմբավորումներին:
Խաղաղապահները իրավասու են ուժ գործադրել ոչ միայն հարձակման ենթարկվելու, այլեւ դրա վտանգը զգալու, խաղաղ բնակչությանը բռնությունից պաշտպանելու, ՄԱԿ-ի անձնակազմի եւ հումանիտար օգնության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ առաջադրանքի կատարման ընթացքում որեւէ խոչընդոտի բախվելու դեպքերում:
Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները սոսկ իսրայելական զորքերին չեն փոխարինում: Նրանք «Հզբոլլահին» զենքի մատակարարումը կասեցնելու նպատակով օդից, ծովից եւ ցամաքից աստիճանաբար շրջափակում են Լիբանանը: Արեւելյան Միջերկրականում կատարվող սպառազինությունների եւ զորքի հսկայական կուտակումները, ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը եվրոպական մի շարք երկրների մասնակցությունը ռազմածովային ուժերով, որոնցում ավիակիրների ներգրավումը, առավել եւս սիրիական սահմանը վերահսկելու խաղաղապահների պատրաստակամությունը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ իսրայելական շրջափակումը դեռ չվերացած, Լիբանանը ենթարկվում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շրջափակմանը: Մտածել, որ այս ամենը Լիբանանում խաղաղություն ապահովելու նպատակով է արվում, իրատեսական չէ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ