«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2006-09-06 | #170, 2006-09-07 | #171, 2006-09-08


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

Իսկ Վրաստանն այստեղ մեծ թռիչք է կատարել

Բիզնես վարելը հեշտանում է ամբողջ աշխարհում: Սա Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Վաշինգտոնում հրապարակված «Բիզնեսի վարում-2007» զեկույցի հիմնական եզրակացությունն է: Համաշխարհային մասշտաբով 112 երկրներում 2005-2006 թթ.-ին անցկացվել են 213 բարեփոխումներ, որոնց արդյունքում կրճատվել են օրենսդրական ակտերի իրականացման դժվարությունները, ֆինանսական եւ ժամանակային ծախսերը: Սա ամբողջ աշխարհում: Իսկ ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակն ԱՊՀ-ում:

Պարզվում է, որ մեր հարեւան Վրաստանն այս ոլորտում իրականացրած բարեփոխումներով գլխավորում է ԱՊՀ երկրների, ինչպես նաեւ բիզնեսի վարման բարեփոխումներ իրականացրած աշխարհի առաջատար 10 երկրների ցանկը: Վրաստանը բարելավել է իր ցուցանիշները 10-ից 6 ոլորտներում: Հայաստանը նույնպես լուրջ բարեփոխիչների թվում էՙ իրականացրած 4 բարեփոխումներով:

«Բիզնեսի վարում-2007» զեկույցի մեջ ընդգրկված են 175 երկրների վարկանիշները ըստ բիզնեսի վարման պայմանների պարզության աստիճանի: Վրաստանն այս ցանկում տպավորիչ առաջընթաց է արձանագրելՙ 75 կետով, Ղազախստանըՙ 20 կետով: ԱՊՀ տարածաշրջանի երկրներից Հայաստանն այդ ցանկում մյուսներից առաջ է անցել եւ գտնվում է 34-րդ, Վրաստանըՙ 37-րդ, Ղազախստանը 62-րդ տեղերում: Ամենավատ ցուցանիշներն ունեն Տաջիկստանըՙ 133-րդ եւ Ուզբեկստանըՙ 147-րդ տեղեր: Ռուսաստանը զբաղեցնում է միջին դիրքՙ 96-րդ տեղը, Ուկրաինան եւ Բելառուսըՙ համապատասխանաբար 128 եւ 129-րդ տեղերը:

Վրաստանում նվազեցվել է նոր ընկերություն ստեղծելու համար նվազագույն կանոնադիր կապիտալի չափըՙ 2000 լարիից հասցնելով 200 լարիի (85 դոլարի): Վերոնշյալ ժամանակահատվածում գրանցվել են 20 տոկոսով ավելի նոր ընկերություններ: Սահմանային խնդիրները պարզեցվել են մաքսային եւ սահմանապահ ծառայություններում իրականացված փոփոխություններից հետո եւ այլն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բիզնեսի վարումը հեշտացնող բարեփոխումներից նշվում է նոր ընկերությունների գրանցման միասնականացումը հարկային ծառայությունում եւ սոցիալական հիմնադրամում, կրճատելով գրանցման ժամանակը 1 օրով: Շինարարական գործունեության համար թույլտվության պահանջները նվազեցվել են, ինչպես նաեւ պարզեցվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման գործընթացը: Հայաստանը նաեւ ուժեղացրել է վարկատուների իրավունքները, մտցնելով արտադատարանական կարգով հավակնությունների բավարարման դրույթը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4