2006 թ. սեպտեմբեր
2006 թ. օգոստոսի 29-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը, նախագահի տեղակալ Ա. Ջավադյանը, խորհրդի անդամներ Ա. Սարիբեկյանը, Վ Մովսիսյանը, Ա. Նորեկյանը:
ՀՀ ԿԲ խորհրդի կողմից սեպտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման կայացմանը նախորդեց մինչ օգոստոսն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի, գնաճի, տնտեսության արտաքին, իրական, հարկաբյուջետային եւ դրամավարկային հատվածների, ինչպես նաեւ ապագա ժամանակահատվածի ռիսկերի ներկայացումը:
Գնաճ
Ըստ ԱՎԾ տվյալների, 2006 թ. օգոստոսին` հուլիսի նկատմամբ գրանցվել է 0.9% գնանկում, իսկ 2005 թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ գնաճը կազմել է 2.7%: Այն համապատասխանում է 12-ամսյա (2006 թ. օգոստոսը 2005 թ. օգոստոսի նկատմամբ) 7.2% գնաճի ցուցանիշին, որը ձեւավորել են պարենային ապրանքների գների 8%, ոչ պարենային ապրանքների գների 5.3% եւ ծառայությունների սակագների 4.5% աճերը:
Պարենային ապրանքների խմբում գների բարձր աճի տեմպեր են արձանագրվել հատկապես «շաքարավազ», «միրգ» եւ «բանջարեղեն եւ կարտոֆիլ» հոդվածների գծովՙ համապատասխանաբար 35.2%, 25.2% եւ 49.2%, իսկ տարեսկզբի նկատմամբՙ 30.7%, 7.9% եւ 8.4%:
Ոչ պարենային ապրանքների խմբում աճի տեմպերը բարձր են եղել «ոսկերչական ապրանքներ», «այգեգործական ապրանքներ», «անձնական օգտագործման մեքենաներ եւ բենզին» եւ «շինանյութեր» հոդվածների գծով, որոնց աճի տեմպերը տարեսկզբի նկատմամբ կազմել ենՙ համապատասխանաբար 31.9%, 23%, 8.8% եւ 5.7%:
Տարեսկզբի նկատմամբ օգոստոսին ծառայությունների ոլորտի գների բարձր աճ է արձանագրվել «կոշիկի վերանորոգման»ՙ 5.1%, «բուժսպասարկման»ՙ 6.9% եւ «կապի»ՙ 10.6% հոդվածների գծով:
Ներմուծման դոլարային գների աճը 2006 թ. երկրորդ եռամսյակումՙ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ կազմել է 20.4%, ընդ որումՙ աճ է գրանցվել եւ՛ սպառողական բնույթի ապրանքների, եւ՛ միջանկյալ սպասման ապրանքների, ինչպես նաեւ հումքային ապրանքների գներում:
Ստեղծված իրավիճակում երրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը, ըստ ԿԲ գնահատումների, կգերազանցի նպատակային առավելագույն 3% ցուցանիշը:
Արտաքին միջավայր
Արտաքին միջավայրի զարգացումները օգոստոսին հիմնականում շարունակել են տարեսկզբից դրսեւորված միտումները: Մասնավորապես, շարունակվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժեքավորումը. օգոստոսինՙ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ շուրջ 5.1%: Պահպանվել են նաեւ հումքային ապրանքների, մասնավորապեսՙ նավթի գների բարձր աճի տեմպերը` 26.8%: Նշված զարգացումները, որպես գնաճային ռիսկեր, նախօրոք մատնանշվել էին եւ շարունակում են գնաճային ճնշումներ ստեղծել:
Իրական հատված
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հուլիս ամսվա ընթացքում տնտեսության իրական հատվածում շարունակվել են նախորդ ամիսների միտումները, որոնց արդյունքում հունվար-հուլիսին տնտեսական աճը կազմել է 11.6%: Այն հիմնականում պայմանավորվել է շինարարության ծավալների աճի տեմպի արագացմամբ, որի արդյունքում հունվար-հուլիսին շինարարության ավելացված արժեքն աճել է 36.6%-ով, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում դեռ տարվա սկզբից արձանագրված աճի բարձր տեմպերով, որը հունվար-հուլիսին կազմել է 14.6%:
Գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է թողարկման ծավալների 6.8% նվազումՙ պայմանավորված այս տարվա հունիս-հուլիս ամիսներին սովորականից շոգ եղանակի հետեւանքով բուսաբուծության որոշ արտադրատեսակների (հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր եւ ծիրան) գծով արձանագրված բերքի նվազմամբ#: Վերջինս, զուգակցվելով մշակող արդյունաբերության կողմից եւ արտահանմանն ուղղված (մասնավորապեսՙ Վրաստան) գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ#, գնաճային ճնշումներ է ստեղծել եւ՛ արտադրողների բացթողնման գների, եւ՛ սպառողական շուկայում մանրածախ գների առումով: Մասնավորապես, սպառողական շուկայում «միրգ», ինչպես նաեւ «բանջարեղեն եւ կարտոֆիլ» ապրանքախմբերի գների գծով արձանագրվել է սովորականից ցածր սեզոնային անկում. այսպես, բանջարեղենի գների նվազումը 2006 թ. հուլիս-օգոստոս ամիսներին կազմել է 25.1%ՙ նախորդ տարվա 35.8%-ի դիմաց, իսկ մրգի գները նույն ժամանակահատվածում նվազել են 22%-ովՙ նախորդ տարվա 43.8%-ի դիմաց:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով օգոստոսին եւ սեպտեմբերին որոշ մթերքների (բոստանային կուլտուրաների, մրգի որոշ տեսակների եւ այլնի) գծով ակնկալվող հարուստ բերքը, երրորդ եռամսյակում սպասվում է գյուղատնտեսության արտադրանքի իրական աճի տեմպերի վերականգնում:
Հուլիսին արդյունաբերության ճյուղի իրավիճակը, ինչպես եւ ակնկալվում էր, առանձնապես չի փոփոխվել, որի արդյունքում հունվար-հուլիսին այստեղ արձանագրվել է 1% իրական նվազումՙ պայմանավորված ադամանդագործության, էլեկտրաէներգիայի արտադրության, քիմիական եւ հանքային արդյունաբերության ենթաճյուղերում դեռ տարվա սկզբից արձանագրված արտադրության ծավալների անկմամբ: Արդյունաբերության ճյուղի զարգացումներն արտահայտվել են արտահանման անվանական ծավալների շարունակվող նվազմամբ, ինչը հունվար-հուլիսին կազմել է 2.2%: Վերջինիս նվազումը պայմանավորվել է մեծ կշիռ կազմող երեք ապրանքախմբերի# արտահանման ծավալների նվազմամբ: Դրա հետ մեկտեղ, բնակչության եկամուտների շարունակվող աճը, ինչպես նաեւ ներդրումների նկատմամբ պահանջարկի աճը հանգեցրել է ներմուծման աճի տեմպերի փոքր-ինչ արագացման, ինչը հունվար-հուլիսին կազմել է 20.5%:
Ընդհանուր առմամբ, չնայած ճյուղային միտումների սպասվածից որոշակի շեղման, ակնկալվում է, որ տարվա երրորդ եռամսյակում տնտեսության իրական աճը կձեւավորվի կանխատեսվածի սահմաններումՙ 12.3% շրջանակում:
Աշխատուժի շուկա
Աշխատուժի շուկայի վարքագիծը, այդ թվում աշխատավարձի աճը, դրսեւորվել է կանխատեսվածի շրջանակներում: Այսպես, 2006 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ միջին աշխատավարձի մակարդակը իրական արտահայտությամբ ավելացել է մոտ 16.2%-ով (2003-2005 թթ. միջին տարեկան աշխատավարձի իրական աճը կազմել է 21.7%): Վերջինս զուգակցվել է տրանսֆերտների շարունակական մեծածավալ ներհոսքով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հուլիսին տրանսֆերտների աճը կազմել է 48%: Արդյունքում, բնակչության եկամուտների շարունակվող աճը մեծացրել է գնաճային ճնշումները սպառողական շուկայում, ինչպես նաեւ հանգեցրել ներմուծման աճի տեմպերի արագացմանը:
Հարկաբյուջետային հատված
2006 թ. երրորդ եռամսյակում հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը գնահատող հարկաբյուջետային ազդակի նախնական փաստացի ցուցանիշը (հաշվարկված հուլիս ամսվա փաստացի ցուցանիշների եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված օգոստոս, սեպտեմբեր ամիսների նախնական ծրագրերի վրա) կազմել է փոքր-ինչՙ 0.3 տոկոս զսպողՙ ծրագրված չեզոքի դիմաց: Այսպես, եկամուտների մասով ակնկալվում է զսպող ազդակ ծրագրված ընդլայնողի դիմաց, որը բացատրվում է ոչ հարկային եւ կապիտալ եկամուտների մասով առաջացած մոտ 5.5 մլրդ դրամի (նախատեսված չէր նաեւ ՀՀ 2006 թ-ի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններում) եւ հարկային եկամուտների ակնկալվող մոտ 0.6 մլրդ դրամի գերակատարումներով: Ծախսերի նախնական փաստացի ցուցանիշը եւս 5.5 մլրդ դրամ ավել է երրորդ եռամսյակի համար ծրագրված ցուցանիշից, որը չեզոքացնում է երրորդ եռամսյակում Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին նախատեսված մոտ 5.0 մլրդ դրամ ծախսի չկատարումը: Արդյունքումՙ ծախսերի ազդեցությունը մնում է ծրագրվածին համապատասխանՙ 0.18 զսպող:
Ամփոփելովՙ նշենք, որ երրորդ եռամյակում հարկաբյուջետային հատվածը գնաճի վրա ընդհանուր առմամբ կունենա չեզոք ազդեցություն:
Փող եւ վարկ
Ելնելով տարվա անցած յոթ ամիսներին ձեւավորված գնաճային ճնշումներիցՙ ԿԲ-ն օգոստոս ամսվա սկզբին, բարձրացնելով վերաֆինանսական (ռեպո) տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, իրականացրել է զսպողական դրամավարկային քաղաքականություն, միեւնույն ժամանակ ակտիվորեն կիրառելով ներքաշող դրամավարկային գործիքներ: Այդ նպատակով օգոստոսին ԿԲ-ն տեղաբաշխել է շուրջ 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով սեփական արժեթուղթ: Արդյունքումՙ փողի բազայի 12-ամսյա (2006 թ. օգոստոսը 2005 թ. օգոստոսի նկատմամբ) աճը կազմել է 19.3%, այն դեպքում, երբ առաջին կիսամյակի վերջինՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այդ ցուցանիշն աճել էր 32%-ով:
Փողի զանգվածը օգոստոսինՙ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ աճել է 12.9% -ով, որը եւս զգալի զիջել է առաջին կիսամյակի նույն ցուցանիշըՙ 22.2%: Այդուհանդերձ, շարունակվող դրամայնացման գործընթացի պարագայում, օգոստոսին եւս պահպանվել են փողի ագրեգատների դրամային բաղադրատարրերի բարձր աճի տեմպերը. շրջանառությունում գտնվող կանխիկն աճել է տարեկան (2006 թ. օգոստոսը 2005 թ. օգոստոսի նկատմամբ) 29.9%-ով, իսկ դրամային ավանդներըՙ 39.5%:
Ինչ վերաբերում է արտարժութային ավանդներին, ապա, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեքավորման ազդեցությունը բացառելու դեպքում, 2006 թ. օգոստոսինՙ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ կունենանք 4.8% աճ, իսկ այդ գործոնի ազդեցությամբՙ 11% նվազում:
ԿԲ կողմից վարած զսպողական դրամավարկային քաղաքականությունը մասամբ անդրադարձել է նաեւ տնտեսության վարկավորման ցուցանիշի վրա, որի 12-ամսյա աճի տեմպերը զգալի դանդաղել ենՙ 30.3%, այն դեպքում, երբ հունիսինՙ նախորդ տարվա հունիսի նկատմամբ վարկավորման աճը կազմել է 41.5%:
Արձանագրվեցՙ
Խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման միտումների շարունակման պարագայում լիովին իրատեսական է երկնիշ տնտեսական աճի արձանագրումը, սակայն գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում գնաճային ռիսկերը դրսեւորվել են եւ դրանց պահպանումը ավելի հավանական է:
Արտաքին միջավայրի ռիսկերից հիմնականում առանձնանում է հումքային ապրանքներիՙ նավթ, մետաղներ, միջազգային գները, որոնք, կապված աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումների հետ, հնարավոր է շարունակեն նման բարձր աճի տեմպերը եւ ձեւավորեն լրացուցիչ գնաճային ճնշումներ ներքին շուկայում:
Ներքին ռիսկերց թերեւս առանձնանում է գյուղատնտեսության ճյուղում արձանագրված անկումը, որը բանջարեղեն եւ միրգ ապրանքախմբի սպասվածից ավելի քիչ սեզոնային գնանկման պարագայում, գնաճային լուրջ ճնշումներ է ձեւավորել սպառողական շուկայում:
Միեւնույն ժամանակ, եկամուտների շարունակական աճը արդեն այս տարվանից սկսած իր ազդեցությունն է թողել ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում գների աճի վրա, որը դրսեւորվել է եւ, ըստ մեր գնահատականների, կպահպանվի հետագա ժամանակահատվածներում:
ԿԲ խորհուրդը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ, հատկապես տարվա վերջին ամիսներին սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերը գնաճի վրա ունենալու են բարձրացման ուղղությամբ լագային ազդեցություն, ինչը կդրսեւորվի արդեն 2007 թ. առաջին կեսին: Վերջինս, զուգակցվելով վերը նշված գործոններինՙ կհանգեցնի գնաճային զգալի ճնշումների:
Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, վերոնշյալ գործոններով պայմանավորվածՙ առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի համար գնաճը կգերազանցի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշը:
Որոշվեցՙ
Բարձրացնել վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովՙ սահմանելով այն 4.5%: Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման պարագայում, գնաճային վերոնշյալ ռիսկերը զսպելու նկատառումներից ելնելով, ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսներին տոկոսադրույքների կրկին ճշգրտման իրականացումը:
ԿԲ մամուլի ծառայություն