ՕՏԵ-ն ձգտում է ավելի բարձր գին ստանալ սպառողների հաշվին
Մամուլում, այդ թվում նաեւ մեր թերթում վերջերս հրապարակվեց «Արմենտելի» դիմումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որտեղ ընկերությունն առաջարկում էր վերանայել ներկայումս գործող սակագները: Հիշեցնենք, որ բնակչության համար հիմնականՙ լարային հեռախոսակապի համար առաջարկվում էին հետեւյալ փոփոխություններըՙ ամսական բաժանորդավճարը ներկայիս 1100 դրամի փոխարեն 3000 դրամ, անվճար խոսելաժամանակըՙ գործող 360 րոպեի փոխարեն 280 րոպե, որից հետոՙ 1 րոպեի համար ներկայիս 5 դրամի դիմաց 6 դրամ մինչեւ 1000-րդ րոպեն, որից հետոՙ 1 րոպեն 9 դրամ: Թեեւ բջջային եւ միջազգային խոսակցությունների համար «Արմենտելն» առաջարկում է սակագների նվազում, բայց անզեն աչքով էլ երեւում է, որ լարային հեռախոսակապի դեպքում խոսքը սակագների կտրուկ բարձրացման մասին է: Ինչո՞վ է պայմանավորված սակագների բարձրացման ընկերության առաջարկը եւ արդյոք սա անակնկա՞լ քայլ էր:
Առաջին հայացքից թվում է, թե սա անակնկալ էր, քանի որ նման դեպքերում «Արմենտելը», որպես կանոն, եթե ոչ ամիսներ, ապա գոնե շաբաթներ առաջ հայտնում էր սակագների բարձրացման իր մտադրությունների մասին: Այս անգամ դա տեղի չունեցավ, բայց ասել, որ գների բարձրացման առաջարկն անսպասելի էր, չի կարելի: Ճիշտ է, տնտեսական որեւէ հիմնավորում հնարավոր չէ բերել հօգուտ այդ առաջարկի: Ոչ կապի միջազգային սակագներում ինչ-որ առանձնահատուկ փոփոխություն է տեղի ունեցել, ոչ Հայաստանում որեւէ արտառոց իրադարձություն, որը կարող էր սակագների բարձրացման անհրաժեշտություն ստեղծել: Ընդհակառակը, դրամի շարունակվող արժեւորումն ու դոլարի արժեզրկումը նպաստում են «Արմենտելի» շահութաբերության ավելացմանը, քանի որ վճարումները կատարվում են դրամով, իսկ տարբեր սարքավորումներ ձեռք են բերվում արտարժույթով: Այդ դեպքում ո՞րն է այս առաջարկի շարժառիթը:
Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ սակագների բարձրացման այս առաջարկն ուղղակիորեն կապված է ՕՏԵ-ի կողմից «Արմենտելի» սպասվող վաճառքի հետ: Հայտնի է, որ այդ նպատակով հայտարարվել էր միջազգային մրցույթ, առանձնացել էին երկրորդ փուլ անցած ընկերությունները, եւ սպասվում էր, որ մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա ծայրահեղ դեպքում օգոստոսի վերջին: Սակայն արդեն սեպտեմբերի առաջին տասնօրյակն է ավարտվում, իսկ մրցույթի հաղթողի անվան փոխարեն մենք ստանում ենք սակագների բարձրացման հայտ: Ակնհայտ է, որ սրա պատճառը ՕՏԵ-ի եւ հավանական գնորդի սակարկություններն են: Ամենայն հավանականությամբ, հունական ընկերությունը որոշել է առավել գրավիչ դարձնել «Արմենտելը» եւ հնարավորինս բարձր գին պահանջել գնորդից: ՕՏԵ-ն փաստորեն հերթական անգամ փորձում է իր նպատակներին հասնել սպառողների, հետեւաբար բոլորիս հաշվին: Այսինքն, գնդակը հիմա մեր խաղադաշտում է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է ուսումնասիրել եւ որոշում կայացնել «Արմենտելի» այս առաջարկի վերաբերյալ: Չփորձելով կանխորոշել հանձնաժողովի որոշումը, այդուհանդերձ, անհավանական է, որ առաջարկը հաստատվի, քանի որ «Արմենտելի» այս առաջարկը պայմանավորված եւ հիմնավորված չէ տնտեսական գործոններով, այլ զուտ կոմերցիոն նպատակներ է հետապնդում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ