«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2006-09-06 | #170, 2006-09-07 | #171, 2006-09-08


ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԷԹՆՈՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ

1988 թ.-ից գրանցած մեր հետազոտությունները թույլ են տալիս ասել, որ հայերին բնորոշ է իշխանության օրինակելիության պատկերացումը: Իշխանությունը եւ այն կրողները, բնակչության մեջ տարածված պատկերացումների համաձայն, պետք է օժտված լինեն երկու կարեւոր հատկանիշով` օրինակելիությամբ եւ վստահելիությամբ: Եթե իշխանությունը հասարակական կարծիքում կորցնում է այդ երկու հատկանիշները, այլեւս իշխանություն չէ, այլ պետությունը եւ հասարակությանը հարստահարողների խումբ: Կարելի է ասել, որ սա իշխանության արժեւորման եւ ընկալման մեր ազգային առանձնահատկության առանցքային տարրն է: Սա ազգային արժեքային համակարգի կարեւորագույն տարր է, որի պահպանման պատասխանատվությունը, ըստ հասարակական կարծիքի, իշխանությունը կրող խավի վրա է ընկնում: Եթե իշխանություն կրող վերնախավը այդ արժեքներին տեր չի կանգնում, ժողովուրդը ոչ թե ինքն է ստանձնում դրա պատասխանատվությունը, այլ պարզապես հայտնվում է անորոշության մեջ:

Իշխանության նկատմամբ վստահության կորուստը մեզանում սկսվեց 1992-1993 թվականներին: Դիմանալով հացի, սննդամթերքի անբավարարությանը, անվառելիք ձմռան ցրտին եւ պահպանելով հավատը իշխանության հանդեպ, ժողովուրդը երկար ժամանակ արձագանքում էր «ըմբռնումով մոտենալու» պետական իշխանության կոչին, մինչեւ իշխանությունը սպառեց հանրային վստահության ռեսուրսները: Հավատի հիմքերը հասարակությունում սկսեցին քանդվել, երբ իշխանական վերնախավի վարքում հանրային ու պետական շահի հանդեպ հատվածական ու անձնական շահի գերադասության դրսեւորումները սկսեցին թողնել հասարակական հետեւանքներ:

Հանրապետությունում իրականացված մեր հետազոտությունները թույլ են տալիս ասել, որ ազգային առանձնահատկության տարրերից է նաեւ այն, որ իշխանության հանդեպ վստահության կորուստը հասարակական վարքում վերջին հաշվով վերածվում է պետության արժեզրկման: Պետության գաղափարի արժեզրկմանը զուգահեռ տեղի ունեցավ նաեւ այն բոլոր պետական հաստատությունների ու խորհրդանիշների գնահատականի անկում, որոնք իշխանության նկատմամբ վստահության կարճատեւ ժամանակաշրջանում իրականացնում էին ազգային համախմբվածությունը ամրապնդող գերագույն առանցքային արժեքների նշանակություն: Հատկանշական է, անկախության ձեռքբերման սկզբնական շրջանում, երբ իշխանության օրինակելիության եւ վստահելիության հատկանիշները հասարակական կարծիքում դեռեւս բարձր մակարդակում էին, պետական խորհրդանիշները եւ հաստատությունները` ՀՀ եռագույն դրոշը, ՀՀ պետական զինանշանը, ՀՀ պետական օրհներգը, ՀՀ նախագահի ինստիտուտը, ՀՀ խորհրդարանը Հայաստանի բնակչության մեծամասնության համար չափազանց բարձր կարգի արժեքներ էին: Դրանց մի մասը նույնիսկ ազգային խորհրդանիշների համակարգում սրբազնացված եւ ծիսականացված կարգավիճակում էր: Ներկայումս, բնակչության մեջ շատ ցածր է նշված խորհրդանիշներին ու հաստատություններին դեռեւս գերակա արժեքի նշանակություն տվողների տեսակարար կշիռը: Սակայն պետության ու իշխանության վերաբերյալ հասարակական ընկալումների հետազոտության նյութերը թույլ են տալիս ասել, որ իշխանությունում վերոնշյալ երկու հիմնարար արժեքների` օրինակելիության ու վստահելիության վերականգնումը կարճ ժամանակում կարող է հասարակական կարծիքում եւ վարքում պետության, պետական խորհրդանիշների եւ հաստատությունների արժեքային կարգավիճակի հանդեպ արժեքային ընկալման դրական թռիչք արձանագրել:

Չի կարելի չնկատել նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք: Խոսքը վերաբերում է պետական խորհրդանիշների եւ հաստատությունների հասարակական կյանքում խաղացող արժեքային գործառույթին: Մեր հասարակության եւ ազգային մտածելակերպի համար իդեալական արժեքային հարթությունում դրանք ունեն հայ հանրույթին համախմբելու մեծ ներուժ: Վերջինս կարող է ձեռք բերել առօրյա գործառույթ, եթե իրական արժեքային հարթությունում դրանց հանդեպ գնահատականները չեն հակադրվում իդեալականին: Հասարակությունը հատկապես զգայուն է քաղաքական եւ ֆինանսատնտեսական վերնախավի արժեքային համակարգում վերոնշյալ արժեքներին տրվող իրական գնահատականի հանդեպ: Եվ հակառակը, դրանց արժեւորման ճգնաժամը բացասականորեն է ազդում հասարակության համախմբվածության վրա, նպաստելով վերջինիս թուլացմանը եւ հատվածականացմանը: Հատկապես բացասական դեր է կատարում, երբ վերնախավի արժեքային համակարգով կառավարվող գործունեությունում պետական, ազգային եւ հասարակական շահերը ածանցվում են անձնական շահերին: Պատահական չէ, որ պետականության բացակայության ժամանակաշրջաններում ազգային համախմբիչ առանցքային արժեքներից է եղել ազգային պետության գաղափարը եւ հանուն դրա պայքարը արժեքային այնպիսի ազդեցիկ առանցք է ձեւավորել, որը համախմբել է հաճախ միմյանցից բեւեռացված սոցիալական եւ քաղաքական խավեր ու խմբեր: Բարդույթը, կարելի է ասել, այն է, երբ պետությունը եւ դրա հետ կապված հաստատություններն ու խորհրդանիշները ազգային ու հասարակական կյանքի սրբազնացված հարթությունից տեղափոխվում են առօրյա հարթություն, որպես արժեքներ կորցնում են իրենց ազդեցությունը: Պատճառը, մեր կարծիքով, հասարակական, հատկապես քաղաքական եւ ֆինանսատնտեսական վերնախավի արժեհամակարգում շուկայական ֆունդամենտալիզմին բնորոշ արժեքային գերակայությունների աստիճանական արմատավորումն է:

Վերջին տասնամյակում հանրային կյանքի ինքնակազմակերպման բոլոր համակարգերում գերիշխող եւ կիրառական է դառնում արժեքային այն բանաձեւումը, համաձայն որի «արժեք է այն, ինչի համար մարդիկ վճարում են»: Շուկայական ֆունդամենտալիզմին բնորոշ բանաձեւումից հետեւում է, որ բարոյական, այսինքն հասարակական չափորոշիչները չեն կարող էական դեր կատարել հանրային կյանքում, եթե դրանք կաշկանդում են կապիտալի ձեւավորման ու կուտակման գործընթացները: Նույնը վերաբերում է հոգեմտավոր ոլորտին, որտեղ շուկայական ֆունդամենտալիզմից բխող օրենքներից հետեւում է, որ արժեքավոր են այն գիտելիքները, որոնք անմիջականորեն կարող են ծառայել նյութական օգուտ ու շահույթ ձեւավորելուն: Կամ արժեքավոր են այն հոգեւոր արժեքները, որոնց դիմաց մարդիկ պատրաստ են վճարել:

Ավելին, մարդու գնահատման հիմնական չափանիշները նույնպես շուկայական բնույթ ունեն, եւ մարդը նույնացվում է իր ապրանքային հատկանիշների հետ, այսինքն` բացառապես աշխատուժի տեսանկյունից: Իսկ նրա հասարակական կարգավիճակի ձեւավորման վրա էական ազդեցություն են ունենում նրա սպառողական հատկանիշները: Մնացած հասարակական դերերը, ոչ բացահայտորեն, բայց ըստ էության համարվում են մարդու, որպես աշխատուժի, արդյունավետության վրա բացասականորեն ազդող, ավելորդ ու շեղող: Օրինակի համար, եթե կնոջը սոցիալական ու անձնական կյանքում ունեցած իր մայրական դերը խանգարելու է կարիերայում առաջընթաց գրանցելուն, ապա կին մայր դերը ստորադաս է կին - աշխատող, կին - մասնագետ դերերին: Նմանապես եթե որդու դերը ստորադաս է երիտասարդ մարդու համար աշխատող-մասնագետ դերին, ապա նա աշխատանքային զբաղվածության մեջ շատ հազվադեպ ժամանակ կարող է գտնել ծնողներին այցելելու համար:

Այս տեսանկյունից ձեւավորվում են նաեւ արժեքային գերակայությունները: Եթե «արժեք է այն, ինչի համար վճարում են», ապա մարդկանց գործունեության ձեւավորման հիմնական դրդիչը փողն է, որը ստեղծում է հարգի կարգավիճակ եւ վայելքներից օգտվելու հնարավորություն: Սա արմատական նշանակություն ունեցող փոփոխություն է այն առումով, որ տնտեսական տեսանկյունից արդյունավետության չափանիշները կարող են ազգային, բարոյական, հոգեւոր ու մտավոր արժեքները գնահատել անարդյունավետ եւ կանխորոշել դրանց վախճանը:

Ելնելով վերն ասվածից, կարելի է նշել, որ Հայաստանում պետական եւ հասարակական կայացման ներքին գործընթացներ չեն հաջողվի, քանի դեռ անհատական, հասարակական եւ պետական հարթություններում որոշված չեն.

- այն արժեքային գերակայությունները, որոնք հիմնարար են մեր նորանկախ հասարակության ու պետության համար,

- այն ռազմավարությունը, որը կարող է այդ գերակայությունների պահպանման ու վերարտադրության համար մեր համատեղ հասարակական եւ պետական կյանքը դարձնել դինամիկ, նպատակաուղղված եւ իմաստավորված:

Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք Հայաստանի ժողովրդին այսօր, ապա նա ոչ այնքան աղքատության, տնտեսական կամ քաղաքական ճգնաժամային վիճակում գտնվող ժողովուրդ է, ինչպես փաստերի ու երեւույթների նյութական ու քանակական չափանիշներով գնահատման տեսանկյունից դա ընդունված է համարել, այլ որպես մարդկային հանրույթ` ազգ ու հասարակություն միասնականության ու հավաքական կյանքի իմաստը կորցրած ընդհանրություն է:

ԱՂԱՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, Ազգագրագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4