Իտալիայի Պալերմո քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանիների 34-րդ եւ աղջիկների 9-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի պատվիրակները: Մրցահարթակ դուրս եկած հայ մարզիկներից առայժմ բոլորից հաջող է ելույթ ունեցել Տիգրան Մարտիրոսյանը` նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Տիգրանը գերազանց ելույթ ունեցավ: Արդեն պոկում վարժությունում նա դրսեւորեց իր առավելությունը մրցակիցների նկատմամբ: Հաջորդաբար բարձրացնելով 140, 145 եւ 150 կգ-անոց ծանրաձողերը, նա առաջին վարժությունից հետո դարձավ առաջատար`արժանանալով փոքր ոսկե մեդալի: Բավական է նշել, որ 2-րդ տեղը գրաված հույն Վլադիմիրոս Լազարիդիսին նա գերազանցեց 19 կգ-ով: Առավելությունը մրցակիցների նկատմամբ այնքան ակնհայտ էր, որ հրում վարժությունում Տիգրանը միայն երկու անգամ մոտեցավ ծանրաձողին` հաջորդաբար բարձրացնելով 171 եւ 180 կգ-անոց ծանրաձողերը, ինչն ապահովեց եւ փոքր ոսկե մեդալն ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում ցույց տալով 330 կգ (150+180) արդյունք, Տիգրան Մարտիրոսյանն արժանացավ Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեծ մեդալին:
Մրցանակակիր դարձավ նաեւ Թեհմինա Կարապետյանը: Մինչեւ 53 կգ քաշային մարզուհիների մրցավեճում հայ մարզուհին երկամարտի 169 կգ (75+94) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր: Նա նաեւ փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Իսկ չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Իրինա Սիբետովան` 180 կգ (78+102):
Մինչեւ 62 կգ քաշային կարգում Դավիթ Մուրադյանը երկամարտի 261 կգ (120+141) արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Քաշային այս կարգում 280 կգ (126+154) արդյունքով չեմպիոն հռչակվեց թուրք Էրոլ Բիլգինը:
Մեր մյուս ծանրորդը` Արամ Անդրիկյանը (մինչեւ 77 կգ) փոքր բրոնզե մեդալ շահեց հրում վարժությունում` ցույց տալով 176 կգ արդյունք: Երկամարտի 321 կգ(145+176) արդյունքով Արամը գրավեց 4-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Ալեքսեյ Յուֆկինը` 340 կգ (155+185):