«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2006-09-07 | #171, 2006-09-08 | #172, 2006-09-09


ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԳՆԱԼՈՒ ԱԲԽԱԶԻԱ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ

Այլապես Վրաստանում կձերբակալվեն...

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վրաստանի մասին խոսելիս ամենաբարձր ու ցածր մակարդակներում չենք մոռանում նշել եղբայրական պետության մասին: Հայ-վրացական եղբայրության ու բարեկամության մասին միշտ էլ կենացի նման խոսում ենք, սակայն իրականությունը կարծես թե այդպիսին չէ: «Ազգի» տեղեկություններով, ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետության մոտ 100 քաղաքացիներ ազատազրկման մեջ են Վրաստանի Հանրապետությունումՙ շատ հետաքրքրական ու տարօրինակ պատճառաբանությամբ:

Վրաստանի քրեական օրենսգրքի 334 հոդվածի 2-րդ մասի համաձայն, ռուս-վրացական սահմանը խախտելու առաջին դեպքի համար նախատեսված է մոտ 2 հազար դոլարի չափով տուգանք, կրկնության դեպքումՙ ազատազրկում 3-5 տարի: Իսկ թե ինչ ասել է ռուս-վրացական սահմանի խախտում, տվյալ դեպքում զուտ վրացական եւ ոչ այնքան անվտանգ բացատրություն ունի: Պարզվում է, Վրաստանի քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացին խախտում է, երբ Աբխազիայում կամ Հարավային Օսիայում է հայտնվում Ռուսաստանի տարածքից:

Վրացական մոտեցման եւ տրամաբանության համաձայն, Հայաստանի քաղաքացիները, որոնք վերջին մի քանի տարում Աբխազիա կամ Հարավային Օսիա են այցելել Ռուսաստանից տարանցմամբ եւ ոչ Վրաստանից, հայտնվել են ազատազրկված վիճակում: Միայն թե պարզ չէ, ինչպես կարող էին Հայաստանի քաղաքացիներն Աբխազիա կամ Հարավային Օսիա մտնել հենց Վրաստանի տարածքից, երբ նման ոչ մի հնարավորություն գոյություն չունի:

Ավելին, Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելությունների մասին վկայող անձնագրում դրվող մուտքի կամ ելքի կնիքը այն հիմնական «հանցանշանն է», որ հիմք է ծառայում վրաց իրավապահների համար ձերբակալելու ՀՀ քաղաքացիներին:

Փաստացի ստացվում է, որ Վրաստանը հայաստանցիների համար փակում է Աբխազիա կամ Հարավային Օսիա գնալու ճանապարհը: Այլապես այդ տարածքներ այցելությունից հետո ուղղակի անիմաստ է գնալ Վրաստան: Թեեւ հանրամատչելի բացատրությամբ նման կարգ կիրառվում է ընդհանրապես օտարազգիների հանդեպ, զարմանալի է, թե ինչպես այդ դեպքում Աբխազիայում գտնվող բարեկամին կարող է հայաստանցին այցելել:

Վրացական պետությունում կիրառվող նման պրակտիկան յուրօրինակ կերպով համահունչ է ստացվում վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելողների հանդեպ Ադրբեջանի դիրքորոշման հետ: Եթե Ադրբեջանը հիստերիա է բարձրացնում Ղարաբաղ այցելող ռուս երգիչների ու լրագրողների առնչությամբ, իսկ Արցախում հայտնված ադրբեջանցիներին ընդհանրապես համարում է դավաճան, ապա Վրաստանում գործի է դրվել քրեական օրենսգիրքը:

Թե ինչպիսին է իրավիճակը եւ ինչ զարգացումներ կան, «Ազգի» ընթերցողները կտեղեկանան հաջորդ համարներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4