Արդեն երկրորդ անգամն է, ինչ արցախցիները հնարավորություն ունեն օգտվելու Հայկական ակնաբուժության նախագծի բարեգործությունից: ՀԱՆ-ը ամերիկյան բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: Այս տարի Ստեփանակերտում կայանած աչքի շարժական հիվանդանոցը ակնային հետազոտության ենթարկեց 3220 քաղաքացիների: Նրանցից խորազնին հետազոտություն անցան 670-ը, իսկ 340 հոգի վիրահատվեցին ու լազերային միջամտությամբ կարողացան շտկել իրենց տեսողական խնդիրները: Այս տարվա այցելության ժամանակ ՀԱՆ-ը նաեւ 765 ակնոցներ տրամադրեց կարիքավորներին: Հիշեցնենք, որ 2002թ. ՀԱՆ-ը բացել է գրասենյակ Երեւանում եւ 2003-ին մեկնարկել իր «Լույս հայի աչքերին» յոթնամյա ծրագիրը, որը ներառում է անմիջական բուժօգնություն, բուժ. անձնակազմի ուսուցում եւ վերապատրաստում, հանրության իրազեկություն աչքի հիվանդությունների մասին:
Ս. Մ.