Երկարատեւ հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մարատ Ալեքսանդրի Խարազյանը: Նրա անունը անբաժանելիորեն կապված է 1960-80-ական թվականների հայկական մշակույթի հետ:
Մ. Խարազյանը ծնվել է 1931թ. հոկտեմբերի 10-ին Թբիլիսիում: 1953 թվականին նա գերազանցության դիպլոմով ավարտում է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1954թ.` Մ. Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների դասախոսների պատրաստման կուրսերը:
Աշխատանքային գործունեռությունը սկսել է 1954թ.` Երեւանի մի շարք միջնակարգ դպրոցներում դասավանդել է պատմություն, հայ ժողովրդի պատմություն եւ աշխարհագրություն: 1956-58թթ. աշխատել է ,,Կոմունիստ,, հանրապետական թերթի խմբագրությունում որպես գրական բաժնի աշխատակից:
1958թ. Մ. Խարազյանը տեղափոխվում է Հայաստանի Կոմկուսի ԿԿ, որտեղ զբաղեցրել է տեղեկատվության գծով հրահանգչի, ԿԿ առաջին եւ երկրորդ քարտուղարների օգնականի, բաժնի պետի տեղակալի պաշտոնները:
1966-70թթ. նա անցել է պատասխանատու դիվանագիտական աշխատանքի: Լինելով Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար, Մ. Խարազյանը մեծ ներդրում ունի սովետա-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, Ֆրանսիայի հայ համայնքի հետ հարաբերությունների խորացման գործում: Նա ակտիվորեն մասնակցել է Փարիզի Լուվրի թանգարանում կազմակերպված ,,Հայաստանի արվեստը. Ուրարտուից մեր օրերը,, մեծ ցուցահանդեսի կազմակերպմանը:
Ավելի քան 20 տարի, 1971-1992թթ. նա անընդմեջ զբաղեցրել է Հայաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Այդ տարիները նշանավորվեցին տասնյակ երկրների տարբեր քաղաքներում հանրապետության ստեղծագործական կոլեկտիվների բազմաթիվ հյուրախաղերով եւ հայ նկարիչների ցուցահանդեսներով, ընդարձակվեց թանգարանների եւ գրադարանների գործունեությունը:
Վերջին տարիներին Մ. Խարազյանը ապրում էր Փարիզում, որտեղ զբաղվում էր գիտական աշխատանքով, արդյունավետ աշխատելով ֆրանսիական արխիվներում: Հրատարակել է ,,Հայասիրաց շարժումը Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի սկզբին,, թեմայով հետաքրքիր մի աշխատություն, ինչպես նաեւ մի շարք հոդվածներ գիտական պարբերականներում:
Նա մեծ մտավորական էր եւ ճանաչված գործիչ:
Մարատ Ալեքսանդրի Խարազյանի լուսավոր հիշատակը կմնա նրանց սրտում, ով ճանաչում եւ աշխատել էր նրա հետ:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
***
Մարատ Խարազյանի հոգեհանգստի արարողությունը կայանալու է շաբաթ օրը` սեպտեմբերի 9-ին–ժ. 18.00: Հասցե. Իսրաելյան փ. 37, 2 մուտք, բն. 8 /Սբ. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ/:
Սեպտեմբերի 10-ին ժ. 12.00-14.00 աճյունը կդրվի Կամերային երաժշտության տանը:
Թաղումը` ժ. 14.00-ին: