Իսկ լիբանանահայության կամքն անտեսելու մեղադրանքներըՙ անիմաստ
Սեպտեմբերի 8-ին, ինչպես տեղեկացրել էինք հաջորդ օրվա համարում, Բեյրութի թաղամասերից Բուրջ Համուդի հրապարակում տեղի էր ունեցել հանրահավաք: ՀՅԴ կազմակերպած այս հանրահավաքին չէին մասնակցել Ռամկավար ազատական եւ Հնչակյան կուսակցությունները: Մասնակիցները բողոքել էին թուրքական խաղաղարար ստորաբաժանման դեմ, որը ՄԱԿ-ի բազմազգ ուժերի կազմում տեղակայվելու է Հարավային Լիբանանում:
Այդ ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչը լիբանանահայության կամքն անտեսելու համար խստագույնս քննադատել էր Ֆուադ Սինիորայի կառավարությանը, որի կազմում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը Թուրքիայի մասնակցության դեմ քվեարկել է միայն տարածքային կառավարման բարեփոխումների նախարար, անկուսակցական Ժան Օղասափյանը:
Սեպտեմբերի 11-ին Բեյրութում «Հզբոլլահի» նախաձեռնությամբ կազմակերպվել է բողոքի բազմահազարանոց ցույցՙ բոլոր լիբանանցիների համար: Ցուցարարները դատապարտել են ինչպես ԱՄՆ-ին ու Իսրայելին, այնպես էլ Սինիորայի կառավարությանը: Ավելին, ցույցի կազմակերպիչներից մեկը, մեղադրելով խորհրդարանական մեծամասնությանը, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ համագործակցելու միջոցով «Հզբոլլահի» դեմ դավադրություն պատրաստելու մեջ, հայտարարել է, որ դիմադրության մարտիկները զենքը չեն հանձնի: Ցուցարարները, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, արձագանքելով ելույթին, պահանջել են Լիբանանի կառավարության հրաժարականը:
Հիշեցման կարգով նշենք, որ հակաիսրայելական դիմադրությանը «Հզբոլլահի» հետ ակտիվորեն մասնակցում էր նաեւ «Ամալ» շարժումը: Նրանք Սինիորայի կառավարությունում ներկայացված են նախարարական 5 պորտֆելներով:
ՀՅԴ ներկայացուցչիՙ լիբանանահայության կամքի անտեսումից բխող մտահոգությունը հասկանալի է: Կարելի է հասկանալ նաեւ «Հզբոլլահի» դեմ դավադրության առնչությամբ լիբանանցի ցուցարարների անհանգստությունը: Սակայն իսրայելական ագրեսիան ավերակի է վերածել Լիբանանը: Որքան էլ երկրում հրադադար հաստատվի, Իսրայելը չի հրաժարվում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի միջոցով «Հզբոլլահին» զինաթափելու, իսկ ԱՄՆ-ըՙ հակալիբանանյան պատերազմը Սիրիայում եւ Իրանում տարածելու նկրտումներից:
Ակնհայտ է, որ պատերազմի տարածման դեպքում Լիբանանում տեղակայվող բազմազգ ուժերն ինքնաբերաբար կներքաշվեն ռազմական գործողությունների մեջ: ՄԱԿ-ի բազմազգ ուժերը կազմավորում են Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից երկրները: Դաշնակից է նաեւ Թուրքիան: Սակայն, ի տարբերություն մյուսների, դատապարտում է տարածաշրջանում Իսրայելի քաղաքականությունը եւ սերտ հարաբերություններ պահպանում «Հզբոլլահին» աջակցելու մեջ մեղադրվող Սիրիայի ու Իրանի հետ:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը Թուրքիայի մասնակցությունն ընդունելի են համարում ինչպես Սիրիան ու Իրանը, այնպես էլ վերջիններիս հարող «Հզբոլլահը»: Քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է եւ նրա մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղարար ուժերին թեկուզ մասամբ ապահովում է իսլամական աշխարհի ներկայությունը, ուստի Իսրայելը պաշտոնապես թուրքական մասնակցություն է պահանջում Անկարայից, իսկ ԱՄՆ-ը մասնակցության դիմաց առաջարկում է համագործակցություն PKK-ի դեմ պայքարում:
Ի՞նչ արդյունքի կհանգեցնի այդ համագործակցությունը, ցույց կտա ժամանակ: Բայց որ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը Թուրքիայի մասնակցությամբ Իսրայելի հետ խիստ շահագրգռված է նաեւ ԱՄՆ-ը, ակնհայտ է: ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն այդ հարցում Թուրքիային միանգամայն նախընտրելի են դարձնում նաեւ խաղաղարար ուժերի առանցքը կազմող եվրոպական երկրների համար:
Թեեւ Թուրքիայի մասնակցությունը չի չեզոքացնում տարածաշրջանում հակալիբանանյան պատերազմի ծավալման վտանգը, սակայն երկրում Սիրիայի եւ Իրանի ազդեցությունը, ինչպես նաեւ «Հզբոլլահի» առանձնահատուկ տեղն ու դերն ստիպում են վարչապետ Սինիորային հայացքն ուղղել, ի տարբերություն ԱՄՆ-ի, Իսրայելի եւ եվրոպական երկրների, վերջիններիս հետ հարաբերվող Թուրքիայի վրա: Նա դրանով բավարարում է Իսրայելի պահանջը, ընդառաջում ԱՄՆ-ի շահագրգռությունները, հաշվի նստում եվրոպական երկրների կարծիքի հետ եւ խուսափում է Սիրիայի, Իրանի ու «Հզբոլլահի» առարկություններից:
Վարչապետ Սինիորայի կառավարությունն, ըստ երեւույթին, փորձում է Թուրքիայի ներկայությամբ հավասարակշռել երկրում Սիրիայի ու Իրանի ազդեցությունը, չափավորել վերջիններիս նկատմամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի նկրտումները, ինչպես նաեւ ավելի արդյունավետ դարձնել եվրոպական երկրների խաղաղապահ գործունեությունը, ընդ որումՙ առանց իսլամական աշխարհում հակազդեցություն առաջացնելու:
Ստեղծված իրավիճակում պահանջել, որ, ինչպես ՀՅԴ-ն է պահանջում, վարչապետ Սինիորան հաշվի նստի լիբանանահայության կամքի հետՙ մերժելով թուրքերի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, իրատեսական չէ, իսկ նրան այդ կամքն անտեսելու մեջ մեղադրելըՙ անիմաստ:
Ինչ վերաբերում է Սինիորայի կառավարության հրաժարականի պահանջին, որը «Հզբոլլահի» առաջարկով ներկայացրել են ցուցարարները, ապա դա կարող է հանգեցնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության կասեցմանը: Այդ դեպքում կմեծանան ե՛ւ երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու, ե՛ւ պատերազմը տարածաշրջանում ծավալելու շահագրգիռ միջազգային ուժերի հնարավորությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ