Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) Հայաստանի բանկերի միության հետ երեկ ներկայացրեց «Ակտիվների արժեթղթավորումը Եվրոպայում» ձեռնարկը: Ի թիվս պետական եւ մասնավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ուսանողների, նախատեսվում էր, որ ներկայացմանը կմասնակցեին նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները, բայց վերջիններս, AEPLAC-ի եվրոպական տնօրեն Քեննեթ Մյունթերի վկայությամբ, հրատապ հարցերով զբաղված լինելու պատճառով բացակայում էին: Անդրադառնալով ձեռնարկին, Քեննեթ Մյունթերը նշեց, որ սա «Եվրոպական ինտեգրման գրադարան» շարքի 7-րդ հատորն է եւ նպատակ է հետապնդում դյուրացնելու այն պաշտոնյաների աշխատանքը, որոնք զբաղված են Եվրոմիության հետ համագործակցության խորացմամբ:
Հայաստանի բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանը այն կարծիքը հայտնեց, որ վերջին երկու տասնամյակներում աշխարհում արձանագրված տնտեսական առաջընթացը մեծապես պայմանավորված է արժեթղթերի շուկայի առաջանցիկ զարգացմամբ: Այդ ընթացքում Արեւմտյան Եվրոպայում մասնավոր ներդնողների քանակն ավելացել է 5 անգամ, իսկ ԱՄՆ-ում ֆոնդային շուկայի մասնակից է բնակչության 55 տոկոսը: Ըստ բանկերի միության նախագահի, արժեթղթավորումն ունի մի շարք առավելություններ, որոնք հիմնված են անհատների եւ կազմակերպությունների շահագրգռվածության վրա: Այն հնարավորություն է ընձեռում ավելի օպերատիվ արձագանքելու արագ փոփոխվող շուկայական իրավիճակներին եւ խթանելու առավել արագ զարգացող ինովացիոն հատվածի աճը, նպաստում առավել կանխատեսելի եւ կառավարելի դրամավարկային քաղաքականության իրականացմանը: Հայաստանի համար կարեւոր է յուրացնել այս ոլորտում եվրոպական փորձը, եւ հրապարակված ձեռնարկը նպատակ ունի լրացնելու գոյություն ունեցող բացը:
Ձեռնարկի բովանդակությունը ներկայացրեց AEPLAC-ի փորձագետ Սվետլանա Մարեյանը: Նա տեղեկացրեց, որ արժեթղթավորումը նախ սկսել է զարգանալ ԱՄՆ-ումՙ 1970-ական թթ., ապա Արեւմտյան Եվրոպայումՙ 80-ականներին եւ 90-ականներինՙ Ճապոնիայում, Կորեայում եւ Սինգապուրում: Ներկայում արժեթղթավորման ամենաբարձր ցուցանիշն արձանագրված է Մեծ Բրիտանիայում, ապա Իսպանիայում, այնուհետեւ Նիդեռլանդներում: Բանախոսը նաեւ պարզաբանեց, թե ինչ է նշանակում ակտիվների արժեթղթավորում, որոնք են արժեթղթավորման ենթակա ակտիվների տեսակները, գործընթացի հիմնական մասնակիցները, որոնք են հատուկ նշանակության միջնորդները եւ այլն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ