Ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հարցնում էին միայն կրիմինալից:
Հանրապետական կուսակցությունում կրիմինալի գերակշռելու մասին հարցին վարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ` Հանրապետական կուսակցությանը չեն անդամագրվել մարդիկ, որոնք նոր են դուրս եկել բանտից կամ քննչական մեկուսարանից, մարդիկ են, որոնք միշտ էլ եղել են քաղաքական ասպարեզում Հանրապետականի հետ, եթե անդամներ չեն եղել, ապա աջակցել են Հանրապետական կուսակցությանը»: Կրիմինալը Հանրապետականի հետ կապելը նա «սեւ փիարի» դրսեւորումներից մեկը համարեց: Իսկ որ բոլոր քաղաքական ուժերը համագումարից հետո սկսեցին մտածել քաղաքական կրիմինալի մասին` մինչ այդ էլ այդ մարդկանց ճանաչում էին: «Ընդհանրապես` քաղաքական ուժերի վրա սկսվել է մի տեսակ հետապնդում այն գործիչների եւ քաղաքական ուժերի կողմից, որոնք որ այս ընթացքում չեն կայացել, եւ ես հույս էլ չունեմ, որ ապագայում կկայանան», համոզմունք հայտնեց նա: «Ո՞ր ուժերը» ճշտումն այսպիսի պատասխան ունեցավ. «Այն բոլոր, ովքեր այս հարցը բարձրացրել են եւ շարժում են այն»:
Գառնիկ Մարգարյանը մինչեւ սեպտեմբերի 15-ը խոստացել է փաստեր հրապարակել ՀՀԿ խորհրդում եւ գործադիրում եղած այն մարդկանց մասին, ում գործունեությունն իսկապես կրիմինալ է պարունակում. «Բայց ինձնից ի՞նչ եք ուզում` ուզում եք ես խնդրեմ, որ պարոն Մարգարյանն արագացնի՞ այդ գործընթացը:
Ինչո՞ւ եք ինձ դիմում, դիմեք իրեն, թե ինչո՞ւ չի տպում, կտպի-կքննարկենք, տեսնենք: Եթե փաստեր ունի` իմ կարծիքով պետք է սկզբից դիմի դատախազություն, եթե դատախազություն չի դիմել, նշանակում է հանցագործություն է պարտակել, ինքն էլ է որոշակի կրիմինալի հոդվածի տակ ընկնում», զգուշացրեց նա:
Հանրապետականը չդատապարտեց վերջին բռնարարքները, նաեւ լրագրողների նկատմամբ, կիսո՞ւմ եք արդյոք ՀՀԿ խորհրդի նախագահի այն տեսակետը, թե լրագրողները խղճուկ են, այս հարցը լարեց վարչապետին.
«Մի խեղաթյուրեք, նա չի ասել, թե լրագրողները խղճուկ են, խղճուկ մարդկանց մասին է խոսել. խղճուկ մարդիկ կան ցանկացած ոլորտում: Ոչ էլ Հովհաննես Գալաջյանին է վերաբերում, դուք իր ասածները մեկնաբանում եք ձեր ցանկությամբ: Իհարկե, ես դատապարտում եմ նման երեւույթները, եւ առաջին անգամ չէ, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այդ մասին ասել են, ես ասել եմ: Ի՞նչ է, դուք մտածում եք, որ հանրապետական կուսակցությունը կողմ է, որպեսզի ցանկացած մարդու նկատմամբ բռնարարք կատարվի՞, էլ չեմ ասում ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Բնականաբար դատապարտում ենք եւ ցանկանում, որ չկրկնվի, լրատվական դաշտը միաձույլ լինի, իր շահերը պաշտպանի: Իհարկե, կառավարությունն էլ ձեր կողքին կանգնած լինի:
«Իրավունք» թերթում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն անուղղակիորեն որոշակի մեղքերի մեջ էր մեղադրել նախարարներից ոմանց. «Ես պարտավոր չեմ յուրաքանչյուր քաղաքական գործչի ասածին պատասխան տալ եւ պաշտպանվել: Ամեն մեկն իր մոտեցումն ունի, դա իր սահմանադրական իրավունքն է: Եթե մեղադրանք ունեն, պետք է առարկայական լինեն, տղամարդ են` թող անուն-ազգանուն տան եւ հստակ ասեն, թե ո՞ր արարքի համար են մեղադրում: Թե չէ` ընդհանուր, ամբողջ Հայաստանով մեկ բոլորին կարող են մեղադրել»:
ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է արել, որ իրենք կոռուպցիայի փաստեր են հայտնաբերել «Գլոբալ գոլդ մայնինգ»-ից եւ դրանք տրամադրել են կառավարությանը, ստացե՞լ է արդյոք այդ փաստերը կառավարությունը:
Վարչապետին կից գործարարների խորհրդում այդ հարցը քննարկվել է. «Այն փաստերը, որ նրանք տվել են, ըստ մեր կարծիքի, չեն համապատասխանում իրականությանը, եւ մենք նրանց առաջարկել ենք. եթե չեք հավատում մեզ, խնդիրներ ունեք, դիմեք դատարան: Այդ հարցը տնտեսվարող սուբյեկտի եւ կառավարության միջեւ վեճ է, կան բազմաթիվ դեպքեր, երբ որ տնտեսվարող սուբյեկտները դատի են տալիս կառավարությանը, մի մասում հաղթում են, մյուս մասում` չէ. սովորական, շարքային, տնտեսական վեճերից մեկն է»:
Իսկ Վարդան Այվազյանի մասով, որ նա կաշառք է պահանջել, ըստ վարչապետի, այդպիսի փաստաթուղթ չի ներկայացվել: Ներկայացրել են այդ ֆիրմայի բողոքը, թե նախարարությունն իրենց շահերը ոտնահարում է: Դեսպանատան ներկայացուցիչն էլ է ներկա եղել, նրան ասվել է, որ դատարան դիմեն, եթե խնդիր են տեսնում:
Շահեն Հովասափյանի սպանության դեպքը ներքաղաքական «ռազբորկայի» արդյունք է տեսակետին (նաեւ` Մանուկ Գասպարյանի) վարչապետը հակադարձեց. «Դուք կարծում եք, ես քննչական խմբի անդա՞մ եմ: Կառավարության ղեկավարը քննչական գործողություններ չի կատարում, եւ իրավապահ մարմինները գործի ընթացքի մասին կասեն: Իսկ թե Մանուկ Գասպարյանը ասում է` իր խնդիրն է. ինչ է, ես պետք է ամեն մեկի ասածին պատասխանե՞մ: Ես ինչ իմանամ` Մանուկ Գասպարյանն ի՞նչ երազ է տեսնում, ո՞վ է իր խորհրդատուն եւ ի՞նչ ինֆորմացիա ունի»:
Որեւէ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է երկրում ստեղծված իրավիճակի համար. «Լավ, ժողովուրդ, ոնց որ դուք օտար երկրից եկել-դեսանտ եք իջել: Ասում եք` կրիմինալի եւ ամենաթողության վիճակ. երբ համեմատում ենք երկու-երեք ամիս, հինգ տարի առաջ եղած իրավիճակի հետ, կտրուկ փոփոխություններ ես չեմ տեսնում կրիմինալի հետ կապված: Եթե նայում ենք ոստիկանության կամ իրավապահ մարմինների հաշվետվությունները` ասվում է, թե ինչպիսի՞ հանցագործություններ են տեղի ունեցել` դինամիկան այնպիսին չէ, թե կտրուկ աճ է տեղի ունեցել: Եղել են ցավալի դեպքեր, այո, Հովասափյանի սպանությունը շատ ցավալի դեպք է` իրավապահ մարմինների կողմից որոշակի հետեւություններ անելու համար: Նաեւ պաշտոնատար անձանց` իրենց պաշտպանությունը հոգալու, իրենց անվտանգությունն ապահովելու համար: Միշտ էլ երեք կամ հինգ ամիսը մեկ ցնցող դեպք լինում է բոլոր երկրներում էլ: Իսկ ո՞վ է ասում, որ Շահենի սպանությունը շարքային է, պետական ծառայողի, միաժամանակ ՀՀ քաղաքացու հանդեպ իրագործված սպանություն է, բայց դա չի նշանակում, որ ամբողջ երկիրը քրեականացվել է: Այո, լրագրողին ծեծել են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ երկիրը քրեականացել է: Մենք ինչո՞ւ ենք սարսափի, անվստահության, անհուսալիության մթնոլորտ ստեղծում երկրում, որ վաղը-մյուս օրը մեզ շրջապատող երկրները օգտագործեն մեր ստեղծած կեղծ աղմուկը հետագայում»:
Իսկ թե ոստիկանապետին չեն պատրաստվում փոխել այսքան դեպքերից հետո` վարչապետը կտրեց. «Այդպիսի խնդիր չի դրված»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ