«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2006-09-12 | #174, 2006-09-13 | #175, 2006-09-14


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ

Դրա վերագրումը PKK-ին առնվազն անտրամաբանական է

Սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան Դիարբեքիրի զբոսայգիներից մեկի մոտՙ ավտոբուսի կանգառում տեղի էր ունեցել հզոր պայթյուն: Նույն պահին տեղում սպանվել էր 7 մարդ, իսկ 17-ըՙ վիրավորվել, ընդ որում 5-ըՙ ծանր: Հաջորդ օրը հիվանդանոցում մահանում է վիրավորներից 4-ը, այսպիսով զոհերի թիվը հասնում է 11-ի: Սպանվածներից 7-ը երեխաներ են: Ուշագրավ է, որ զբոսայգին գտնվում է Դիարբեքիրի այն թաղամասում, որտեղ բնակվում են թուրքական անվտանգության ուժերի եւ PKK-ի զինյալ բախումների հետեւանքով բռնագաղթածները:

Քանի որ բռնագաղթի պատճառը քրդաբնակ գյուղերի դատարկումն էր, ուստի վերոհիշյալ թաղամասի բնակիչներն էլ պետք է քուրդ լինեն, սպանվածներըՙ նմանապես: Համենայն դեպս, մինչ ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսում, թուրքական հանրային հեռուստատեսությունը շտապեց հաղորդել, որ ահաբեկիչները պայթյունի համար օգտագործել են կործանիչ ուժով հզոր պայթուցիկ:

Առհասարակ այս կարգի պայթուցիկները ձեռք են բերվում բանակի զինանոցից: Թեեւ պայթյունի պատասխանատվությունը դեռեւս որեւէ կազմակերպություն չի ստանձնել, ինչը հակասում է ահաբեկչական գործողություն կազմակերպելու տրամաբանությանը, այնուամենայնիվ, թուրքական թերթերն առանց հապաղելու դա վերագրեցին PKK-ին: Թերթերը պատճառաբանում են, թե քրդական այս կազմակերպությունն ահաբեկչական պայթյունով վիժեցնում է հրադադարի եւ հաշտության փորձերը:

Հիրավի, պայթյունի նախորդ օրը Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում եւ հատկապես Դիարբեքիրում մեծ ժողովրդականություն վայելող «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը զինված պայքարին վերջ տալու եւ զինադադար հաստատելու կոչ էր արել PKK-ին: Դրան էր հետեւել 219 թուրք մտավորականների հաշտության կոչը, որոնք միաժամանակ զենքը վայր դնելու պահանջ էին ներկայացնում PKK-ին:

Հարկ է սակայն նշել, որ ինչպես քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության զինադադարի, այնպես էլ թուրք մտավորականների հաշտության կոչը բախվել էր Թուրքիայի քաղաքական շրջանակների հակազդեցությանը: Դրա հիմքում PKK-ի իբրեւ կազմակերպություն քաղաքականացման մտավախությունն էր: Ակնհայտ է, որ առանց նախապայմանի զենքը վայր դնելու դիմաց թուրքական իշխանություններն էլ դադարեցնելով ռազմական գործողությունները, PKK-ին տալու էին քաղաքական ոլորտում գործելու հնարավորություն: Այս դեպքում օրինականացվելու էր քրդական այս կազմակերպության գործունեությունը Թուրքիայում:

PKK-ի օրինականացման առումով հատկանշական է Դիարբեքիրի միջադեպի այս նույն օրը Եվրոխորհրդարանի շենքում եվրոպացի խորհրդարանականների հովանավորությամբ PKK-ի ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսը: Ինչպես տեղեկացնում է «Ենի շաֆաք» թերթը, ասուլիսում PKK-ի ներկայացուցիչները պահանջել են ազատ արձակել Աբդուլլա Օջալանին եւ նշել, որ արձակման համար ստորագրահավաք են նախաձեռնել դրա արդյունքները ՄԱԿ-ին, Եվրոմիությանը եւ Եվրոխորհրդարանին ներկայացնելու պատրաստակամությամբ:

Հարցը, սակայն, սոսկ մամուլի ասուլիսը չէ, ոչ էլ վերոհիշյալ ստորագրահավաքը, այլեւ PKK-ի հարաբերությունները Թուրքիայի հետ համակարգելու ԱՄՆ-ի վերջին նախաձեռնությունը, որն, ըստ երեւույթին, կհամադրվի ԵՄ-ի համապատասխան նախաձեռնությամբ: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Դիարբեքիրի պայթյունով ոչ թե PKK-ն է վիժեցնում զինադադարի եւ հաշտության փորձերը, այլ թուրքական գաղտնի ծառայությունները, որպեսզի այդ փորձերի ձախողման միջոցով կանխարգելեն քրդական այս կառույցի օրինականացումն ու ի չիք դարձնեն վերջինի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը, ինչպես նաեւ նախաձեռնության ԵՄ-ի պատրաստակամությունը:

Ի վերջո չմոռանանք, որ Դիարբեքիրը քրդական շրջանակներում համարվում է Հյուսիսային Քրդստանի մայրաքաղաքը: Այստեղ կատարված յուրաքանչյուր ահաբեկչություն կվնասի հենց PKK-ի հեղինակությանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4