«Հեղափոխությունների զարգացմանը զուգընթաց չափավորականները, ժիրոնդիստները եւ մենշեւիկները տանուլ են տալիս արմատականներին, յակոբինյաններին եւ բոլշեւիկներին: Համանման գործընթացներ սովորաբար տեղի են ունենում նաեւ տարբեր քաղաքակրթությունների բեկման գծերի պատերազմներում: Իրենց սահմանափակ նպատակներ առաջադրող (օրինակ` ինքնավարություն եւ ոչ թե անկախություն) չափավորականները դրանց չեն հասնում բանակցությունների միջոցով (որոնք գրեթե միշտ ձախողվում են նախնական փուլում), եւ նրանց լրացնում կամ դուրս են մղում արմատականները, որոնք անհամեմատ հեռագնա նպատակների են ձգտում բռնի միջոցներով»:
Այս մտքերը պատկանում են ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր գաղափարախոսներից մեկին` պրոֆեսոր Սեմյուել Հանթինգթոնին, որ նա արտահայտել է իր նշանավոր ծրագրային գրքում` «Քաղաքակրթությունների բախումը»: Եվ այս մեջբերումն է դարձրել իր նույնպես, կարելի է ասել, ծրագրային հոդվածի հիմնադրույթը գլոբալ գերսիոնիզմի ջատագով ռաբբի Ավրոմ Շմուլեւիչը:
Թվում է, հոգեւոր գործիչը, բնորոշելով հատկապես լիբանանյան վերջին իրադարձություններից հետո իսրայելական հասարակությանը համակած դեպրեսիվ մտայնությունը, պիտի արտահայտեր աստվածահաճո, հաշտարար, հանդուրժողական տեսակետներ: Սակայն ծանոթանալով նյութին, ապշում ես համաշխարհային հանրության մեջ Իսրայելի պետության տեղի ու դերի հարցում ռաբբիի դրսեւորած ագրեսիվ ու անողոք մոտեցումներից, որ նույնիսկ շատ քաղաքագետներ իրենց թույլ չէին տա: «Զարգացնելով» Հանթինգթոնի միտքը, Շմուլեւիչը հավաստիացնում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ շահում է նա, ով իր առջեւ դնում է հանդուգն, գլոբալ խնդիրներ: Ռուսաստանը, օրինակ է բերում նա, մի կողմ նետելով աշխարհի սոցիալական վերափոխման պայքարի դրոշը (կարեւոր չէ, թե դրանք ինչքանով էին իրական), անմիջապես հայտնվեց գերտերության կարգավիճակից դուրս, վերածվելով «երրորդ աշխարհի» երկրի: Նույնն է Իսրայելը: Իր փառքի գագաթնակետին հասնելով առավել նվաճողական` վեցօրյա պատերազմից հետո, նա այսօր վերածվել է անվերջ քննադատության ու ատելության օբյեկտի:
Հրեա ժողովուրդը 19-րդ դարի վերջին հայտնվել էր ճգնաժամային պայմաններում, գրում է Շմուլեւիչը: Եվ այն ժամանակ իսկական արմատականների դերում հանդես եկան սիոնիստները, որոնք առաջ քաշեցին թվում է խելահեղ մի գաղափար` վերականգնել Իսրայելի պետությունը մի տարածքում, որտեղ հրեա էլ չէր մնացել, գերիշխում էին թուրքերն ու արաբները: Նորմալ հրեաները ցնցված էին եւ փորձում էին կանգնեցնել խելակորույսներին: Իսկ վերջիններս հասկանում էին, որ հաղթելու համար պետք է ոչնչացնել թշնամական մայրաքաղաքը` կառավարման կենտրոնը: Ընտրված արմատական ուղին` հրեա ժողովրդի անվտանգության ու տնտեսական զարգացման խնդրի լուծումն անկախ հրեական պետության ստեղծման միջոցով, լրիվ իրեն արդարացրեց, գոհունակությամբ արձանագրում է ռաբբին:
Սակայն Իսրայելը այսօր էլ է ճգնաժամի մեջ, եւ առաջին հերթին` գաղափարախոսական, շարունակում է նա: Ռազմական, տնտեսական բնագավառներում մենք ներքաշված ենք գլոբալ գործընթացների մեջ, եւ մեզ համար ցանկալի արդյունքների հասնելու համար մենք պիտի կարողանանք ազդել ընդունվող որոշումների վրա, խորհրդածում է Շմուլեւիչը եւ հանգում կտրուկ եզրակացության` ով անընդունակ է պարտադրելու իր կամքը ուրիշներին, հավերժ դատապարտված է կատարելու ուրիշի կամքը: Ինչպես որ հարյուրամյակներ առաջ, չափավոր, կիսատ-պռատ մոտեցումները սպառել են իրենց: Նորեն անհրաժեշտ են գլոբալ նպատակ, գլոբալ ստրատեգիա, արմատական որոշում: Նրանք, ովքեր իրապես տնօրինում են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների լծակները, նստած են իրենց աշխատասենյակներում` Ռիո-Գրանդեից մինչեւ Խուանխե: Եվ Իսրայելը պիտի կարողանա ազդեցություն ունենալ այդ աշխատասենյակներում տեղի ունեցող գործընթացների վրա: Ռաբբին վստահ է, որ Իսրայելի պետությունը` Ռիո-Գրանդեից մինչեւ Խուանխե, բնավ էլ պատրանք չէ: Առանց այդ էլ հրեաներն արդեն այնտեղ են` փաստորեն աշխարհի ամեն մի նշանակալի համալսարանում, ուղեղակենտրոններում, ԶԼՄ-ներում, խոշորագույն բորսաներում: Պետք է սոսկ բռունցք դարձնել հրեա ժողովրդի տնտեսական ու մտավոր կարողությունը:
Մեր հարեւանները, ընդվզում է Շմուլեւիչը, որոշել են ոչնչացնել մեզ որպես դասակարգի եւ յուրացնել կուտակված հարստությունը: Ուրեմն սիոնիզմին պիտի փոխարինի գերսիոնիզմը, որի գերնպատակը դառնա դինամիկ ու արտաքին ներգործությունների նկատմամբ կայուն հասարակությունը: Ընդսմին, արդիականացման էությունը ոչ թե հրաժարումն է ազգային ավանդույթներից ու մոդելներից, այլ դրանց փոխադրումը ժամանակակից իրողությունների վրա:
Ռաբբին անողոք հիշեցնում է, որ վերջին երկու հազարամյակում հրեաների ազգային իղձն է եղել վերադարձնել իսրայելական հողերը... Նեղոսից մինչեւ Եփրատ: Եվ այդ տարածքը վերահսկող, Ռիո-Գրանդեից մինչեւ Խուանխե տեղի ունեցող գործընթացների վրա, ի շահ իրեն, վճռական ազդեցություն ունեցող Իսրայելի պետությունը նոր դարում կդառնա իր իսկ գոյատեւման միակ իրական իմպերատիվը: Ընդ որում, մտածելով նյութականի մասին, երբեք չի կարելի մոռանալ հոգեւորը, ընդգծում է Շմուլեւիչը:
Եվ, իհարկե, հոգեւոր գործիչը չէր կարող չնշել իր ազգի պատմական առանձնահատկությունը: Հրեաների տարբերությունը ուրիշ ժողովուրդներից այն է, նշում է ռաբբին, որ նրանք միշտ, իրենց ողջ պատմության ընթացքում այնուամենայնիվ դուրս են եկել ճգնաժամերից, չնայած երբեմն` նաեւ շատ թանկ ձեւով: Մանավանդ որ կա Աստված, եւ նա մեր կողմն է:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ. Գ. Ավրոմ Շմուլեւիչի հետ, անշուշտ, կարելի է բանավեճի մեջ մտնել, սակայն իմաստ չունի: Մասնավորապես արդյոք նվա՞զ արմատական էին գործում սերբերն եւ վրացիները: Եվ ինչի հասան...