«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2006-09-12 | #174, 2006-09-13 | #175, 2006-09-14


ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ «ԲԱՎԱԿԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ»

Նման կարծիք հայտնեց Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը

Հայաստանում օգոստոսի 31-ից գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հասան Ալ-Աթրաշը եւ հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հանդիպեցին լրագրողների հետ: ԱՄՀ առաքելությունը Հայաստանում էր գտնվում աղքատության կրճատման եւ տնտեսական աճի շրջանակներում Հայաստանի տնտեսության զարգացումների ստուգումներ իրականացնելու նպատակով: Ի՞նչ է պարզվել այդ ստուգումներից:

Ըստ Հասան Ալ-Աթրաշի, Հայաստանում շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրվել: Դա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն է շինարարության եւ ծառայությունների ոլորտի հաշվին: Դա պայմանավորված է արտարժույթի մեծածավալ ներհոսքով, որն առաջացրել է ինչպես անվանական փոխարժեքի արժեքավորում, այնպես էլ գնաճ: Առաքելության ղեկավարը հավանական է համարում, որ տարեվերջին գնաճը կկազմի 5 տոկոս: ԱՄՀ առաքելությունն արձանագրել է արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն, որի արդյունքում այս տարվա առաջին 8 ամիսներին 20 տոկոսով ավելի հարկային մուտքեր են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածն է: Այս կապակցությամբ «Ազգի» հարցն ուղղված Հասան Ալ-Աթրաշին հետեւյալն էրՙ «Հայաստանում ստվերային տնտեսությունը չափորոշող հիմնականՙ համախառն ներքին արդյունք-հարկեր հարաբերակցություն ցուցանիշը շարունակում է մնալ շատ ցածր եւ ի՞նչ է խորհուրդ տվել ԱՄՀ-ն Հայաստանի իշխանություններին այս կապակցությամբ»: ԱՄՀ առաքելության ղեկավարը նշեց, որ ինքը «ոչ լիովին է» համաձայն մեր կարծիքին, քանի որ 2005 թ.-ին ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն ավելացել է 0,4 տոկոսային կետով եւ այդքան աճ էլ այս տարի է ակնկալվում: Միաժամանակ Հասան Ալ-Աթրաշը ընդունեց, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը Հայաստանում ամենացածրն է տարածաշրջանում:

Հիմնադրամի առաքելության անդամները եւ Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2007 թ.-ի թիրախային ցուցանիշների շուրջը: Դրանք հետեւյալն ենՙ ՀՆԱ իրական աճը մոտ 9 տոկոս, գնաճըՙ 4 տոկոս եւ բյուջեի ընդհանուր պակասորդըՙ 2,4 տոկոս: Միաժամանակ ԱՄՀ առաքելությունը կարեւորել է հարկային եկամուտների ավելացման անհրաժեշտությունը եւ այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնց շնորհիվ կկրճատվեն հարկային արտոնություններն ու սողանքները: Տնտեսական աճի շարունակման համար կարեւորվել է նաեւ ֆինանսական հատվածի զարգացումը: Նշվեց նաեւ, որ ֆինանսական շուկայի զարգացումը պայմանավորված է ստվերային տնտեսության ծավալների նվազմամբ: Ներկայումս, վկայակոչելով որոշ փորձագիտական գնահատականներ, Հասան Ալ-Աթրաշը համաձայն դրանց ստվերային տնտեսությունը ընդհանուրի մոտ մեկ երրորդն է կազմում:

Հայաստանի տնտեսության վերջին զարգացումների թվում ԱՄՀ առաքելությունն իր տեսակետն է հայտնել նաեւ Հայաստանում փոխարժեքի շարունակվող արժեւորման մասին: Նշելով, որ դրամի անվանական փոխարժեքը տարեսկզբից արժեւորվել է 15 տոկոսով, Հասան Ալ-Աթրաշը կարծիք հայտնեց, որ իրական փոխարժեքի հետագա արժեւորումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության մրցունակության վրա: Այդ ռիսկը նվազեցնելու նպատակով ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս բարելավել դրամավարկային եւ հարկաբյուջետային մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաեւ իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ մրցակցությունն ավելացնելու եւ արտադրողականությունը բարձրացնելու միջոցառումներ: Այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, առավել հանգամանորեն խոսեց Նինկե Օմեսը:

Նինկե Օմեսը կարեւորեց իրական փոխարժեքի արժեքավորումը: Նա նշեց, որ իրենք իրական փոխարժեքը հաշվարկում են անվանական փոխարժեքին գումարելով գնաճը եւ հանելով գնաճի ցուցանիշը մյուս երկրներում: Եթե անվանական փոխարժեքը արժեւորվում է, իսկ գնաճը նույնն է ինչ մյուս երկրներում, ապա իրական փոխարժեքը արժեւորվում է: Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչը ընդգծեց, որ առավել կարեւորը հենց իրական փոխարժեքն է, որի վրա Կենտրոնական բանկը չի կարող մեծ ազդեցություն ունենալ: Եթե ԿԲ փորձի դոլար գնել դրամով, ապա շուկայում դրամը կավելանա, որն իր հերթին կբերի գնաճի: Նինկե Օմեսն այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանի նման երկրներում, որոնք արագ աճ են արձանագրում եւ փորձում հասնել հարուստ երկրներին, փոխարժեքի արժեւորումը «բավականաչափ կշարունակվի»: Չնայած չմասնավորեցրեց, թե մոտավորապես որքա՞ն ժամանակահատված է կազմում այդ «բավականաչափը»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4