«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2006-09-12 | #174, 2006-09-13 | #175, 2006-09-14


ՋՈՏՏՈՅԻ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

Նրա արտաքուստ հասարակ թվացող ստեղծագործական ուղին այնքան հարուստ ու բազմաշերտ էր, որ «ծնվեց, նկարեց, մեռավ» տարողունակ բառերով դժվար է այն բնութագրել: Երբ 1966-ին Կուրչատովի անվան ատոմային ինստիտուտի մշակույթի տանը բացվեց Գեւորգ Գրիգորյան-Ջոտտոյի ստեղծագործությունների ցուցահանդեսը, օտար երկրների լրագրողները, դեսպանները, մտավորականները զարմանքով ու հիացմունքով նկատեցին, որ հայերը Սարյանի եւ ուրիշ վարպետների պայծառ ու լուսավոր պատկերների կողքին ունեն նաեւ դեպի մուգ գույների գաղտնիքները խորացող մի համեստ նկարիչ: Նրա ինքնատիպությունը հաստատեցին տարբեր երկրների, հատկապես մեծ տերության ճանաչված գիտնականները, իսկ լայնախոհ Մարիետա Շահինյանը ցավ արտահայտեց, որ հանդիպումը հետաքրքրական կտավների հետ տեղի է ունենում ուշացումով եւ ոչ Մոսկվայի կենտրոնական ցուցասրահներից մեկում: Մեծ գրողի ձայնը լսեց «Սովետսկի սոյուզ» հայտնի ամսագրի աշխատակազմը միայն եւ իր դռները լայնորեն բացեց նկարչի կտավների առջեւ: «Ես երկար տարիներ զբաղվում եմ արվեստի պատմությամբ ու տեսությամբ եւ համարձակվում եմ հաստատել, որ Գրիգորյան-Ջոտտոյի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի երեւելի արտահայտություններից է», ասել է Եվրոպայի ու Ամերիկայի գիտական շրջանակներում ճանաչված եւ տաղանդավոր գեղագետ Յուրի Լոտմանը:

Երբ 1976 թ.-ին Ջոտտոն մահացավ, թաղմանը Հայաստանի մշակույթի նախարարը չկար: Ներկա էին ուրիշ նախարարներ, իսկ մեծ երկրի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդրովի ցավակցական հեռագիրն ընթերցեց հատուկ դրա համար Երեւան ժամանած նրա հարսը: «Նա իր ողջ կյանքը, իր համեստ ու զուրկ կյանքն անդավաճան նվիրաբերեց արվեստին ու մեր ժողովրդին, սերունդներին թողեց մի ինքնատիպ եւ ինքնուրույն նկարչություն», գրել է Երվանդ Քոչարը: «Ուշադիր նայողը, ասել է Գեւորգ Էմինը, նրա գույների ու երանգների մեջ կարող է նկատել մեր ժողովրդի պատմական երթը»: Նրա արվեստը բարձր են գնահատել նկարիչ Լադո Գուդիաշվիլին, արվեստաբան Կիրիլ Զդանեւիչը, երկրի մեծ անհատականությունները, նաեւ նրանք, որոնց այլախոհության համար Կրեմլն աքսորեց արտասահման, օրինակ` գրականագետ Էտկինդը, բյուզանդագետ Կաժդանը:

Ամբողջ կյանքում Ջոտտոն հայացքն ուղղել էր դեպի իր հին երկրի անցյալն ու ներկան: Առանց բացահայտ այլախոհ լինելու նա անարդարությունների, ստի ու կեղծիքի դեմ կռվում էր իր փոքրիկ կտավներով: Նրա թվացյալ լռության մեջ ճիչ ու աղաղակ կար: Թերեւս այդ է պատճառը, որ նրան բազմիցս այցելել են ակադեմիկոս Ենիկոլոպյանը, թատերագետ Գեորգի Բոյաջիեւը, մեծատաղանդ Լեոնիդ Ենգիբարյանը, Անդրեյ Սախարովն ու Ելենա Բոները: Ի դեպ, Ջոտտոն միակ հայ նկարիչն է, որին կամեցել են տեսնել Սախարովն ու Բոները: «Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը եւ փորձենք կռահել ապագան, հաճախ պետք է հետ նայենք, թեկուզ ոչ այնքան հեռու անցյալը», ունկնդիրներին ասաց Գեւորգ Գրիգորյանի թանգարանի օրվա բանախոսներից մեկը:

Սեպտեմբերյան առաջին օրերից մեկը թանգարանի հարկի տակ հավաքվածները նվիրեցին նշանավոր նկարչի անցած ճանապարհին, մտքով եղան 1920-ական թթ. Մոսկվայում ու Թիֆլիսում, մտքեր փոխանակեցին ժամանակակից մշակութային գործընթացների մասին: Թանգարանի այցելուների համար ելույթ ունեցան գեղանկարիչ Կարեն Սմբատյանը, քանդակագործ Սերժ Մեհրաբյանը, բանաստեղծ Արեւշատ Ավագյանը, արվեստաբան Մարտին Միքայելյանը:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4