Շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես գալիս կրտսեր տարիքային խմբում (մինչեւ 10 տ.) ընդգրկված Տիգրան Հարությունյանը: 3-րդ տուրում էլ Տիգրանը շարունակեց հաղթարշավըՙ տոնելով հերթական հաղթանակը վրացի իր հասակակից Իրակլի Բերաձեի նկատմամբ: Տիգրանը 3 տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ Դանիել Դուբովի, Իլյա Նիզնովի ու Ալեքսանդր Մոնեւի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաջող մրցելույթներն են շարունակում մինչեւ 18 տարեկանների մրցաշարին մասնակցող Զավեն Անդրեասյանն ու Ավետիք Գրիգորյանը, որոնք 2,5-ական միավորով առաջատարների խմբում են: 3-րդ տուրում մեր շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Գրիգորյանը միավորը կիսեց Սերգեյ Զիգալկոյի հետ, իսկ Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց Ալֆոնսո Լիորենտեի հետ: Առաջատարները երկուսն ենՙ ռուսաստանցի Պողոս Նահապետյանն ու իտալացի Դանիել Վոկատուրոն:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում մեր երեք մասնակիցներն էլ վաստակել են 2-ական միավոր: Նախորդ տուրում աղյուսակը գլխավորող Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Պետեր Պրոխազկային: Իսկ ահա Վահե Բաղդասարյանն ու Հայկ Թամազյանը հաղթեցին մրցակիցներին: Տարիքային այս խմբի մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 6 շախմատիստներ:
2-ական միավոր են վաստակել նաեւ Ռոբերտ Աղասարյանը (12 տ.) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (16 տ.): Առայժմ անհաջող են խաղում Խաչատուր Երանյանը (12 տ.) եւ Աննա Հայրապետյանը (18 տ.), որոնք պարտվել են անցկացրած բոլոր երեք պարտիաներում էլ:
Աղջիկների մրցաշարում բոլորից հաջողը Մարիա Գեւորգյանի ելույթն է: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում Մարիան 3 հնարավորից վաստակել է 2,5 միավոր: 3-րդ տուրում Մարիան նոր հաղթանակ տարավ, այս անգամ պարտության մատնելով Մարիաննա Ցարուային: Տարիքային այս խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սաբինա Իբրահիմովան, Մերի Արաբիձեն եւ Անդրեա Վինչեն:
Հայաստանի մեր մյուս մասնակիցներ Արփի Ազիզբեկյանը, Շուշաննա Սարգսյանը եւ Դիանա Մնացականյանը վաստակել են 1-ական միավոր: