Իտալիայի Պալերմո քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունում բավական հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի պատվիրակները: Ելույթներին հաջող վերջակետ դրեց Հայաստանի վերջին ներկայացուցիչըՙ Սեւակ Սահակյանը: Մինչեւ 94 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Սեւակը երկամարտի 350 կգ (158+192) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նշենք, որ հրում վարժությունում հայ ծանրորդը լավագույնն էր եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի, իսկ պոկում վարժությունում նրան բաժին հասավ փոքր արծաթե մեդալը: Մարզասերներին հիշեցնենք, որ պատանիների մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին էր արժանացել մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մարտիրոսյանը, որը երկամարտում ցույց էր տվել 330 կգ (150+180) արդյունք: Ընդ որում, Տիգրանը փոքր ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ առանձին վարժություններում: Արամ Անդրիկյանը (77 կգ) բրոնզե մեդալի էր արժանացել հրում վարժությունում:
Աղջիկների մրցավեճում մեր մարզուհիներից բոլորից հաջողը Մելինե Դալուզյանի ելույթն էր, որը դարձավ Եվրոպայի չեմպիոնուհի: Մելինեն հաղթող ճանաչվեց մինչեւ 62 կգ քաշային կարգումՙ երկամարտի 222 կգ (101+121) արդյունքով: Հարկ է նշել, որ նրա արդյունքը քաշային բոլոր կարգերում հանդես եկած մարզուհիների մեջ բացարձակ լավագույն ցուցանիշն էր, ինչը հազվադեպ երեւույթ է նման բարձր կարգի մրցումներում եւ վկայում է հայ մարզուհուՙ մրցակիցների նկատմամբ գերազանցության մասին: Համեմատության համար նշենք, որ գերծանր քաշային (75 կգ-ից բարձր) կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ուկրաինուհի Օլգա Դյաչկովան երկամարտում ցույց տվեց 220 կգ (97+123) արդյունք, որը 2 կգ-ով զիջում է Դալուզյանի ցուցանիշը: Մրցանակակիր դարձավ նաեւ Թեհմինա Կարապետյանը: Նա մինչեւ 53 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մրցանակակիր, մեկ բրոնզե մեդալ էլ նվաճելով պոկում վարժությունում:
Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի պատանեկան հավաքականը 291 միավորով 29 թիմերի մեջ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Մեր աղջիկների թիմը 20 հավաքականների մեջ 152 միավորով եզրափակեց լավագույն տասնյակը: Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը ներկայացված էր ընդամենը 6 ծանրորդով (4 պատանի, 2 աղջիկ): Այլապես մեր հավաքականներն ավելի բարձր տեղեր կզբաղեցնեին: Իսկ հաղթող ճանաչվեց ՌԴ հավաքականը, որը լավագույնն էր թե՛ պատանիների եւ թե՛ աղջիկների մրցաշարերում:
Իսկ ահա նվաճած մեդալների հաշվարկով Հայաստանն ավելի բարձր տեղեր է զբաղեցնում: Պատանիների մրցաշարում մեր հավաքականը գրավեց 2-րդ տեղը (4 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ)ՙ զիջելով միայն ՌԴ հավաքականին (11+7+2):
Նշենք, որ 29 երկրներից միայն 12-ի պատվիրակներին հաջողվեց արժանանալ խաղարկվող մեդալներին:
Աղջիկների մրցապայքարում Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է: Մեր մարզուհիները նվաճեցին 5 մեդալ (3 ոսկե, 2 բրոնզե): Առաջին տեղում կրկին ռուսաստանցի մարզուհիներն ենՙ 15 մեդալ (6 ոսկե, 8 արծաթե, 1 բրոնզե): 20 երկրներից մեդալների արժանացան 9 երկրների մարզուհիներ: