Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը փոխնախագահ Հաբեթ Թափալթյանի գլխավորությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հանդիպմանը ՌՀՄ ներկայացուցիչները Ղուկասյանին ներկայացրել են կազմակերպության ծրագրերի իրականացման ընթացքըՙ ուղղված ԼՂՀ կրթության ոլորտին աջակցելուն եւ Ստեփանակերտում վերջերս բացված պրոֆտեխուսումնարանին, հանրապետության շրջաններում սպորտի զարգացմանը նպաստելու մտադրությանը: Հանդիպմանը նաեւ քննարկվել է ՌՀՄ տարածաշրջանային ստորաբաժանումների ԼՂՀ շրջաններում իրականացվող բարեգործական ու ներդրումային ծրագրերում ներգրավման հարցը:
Ընդգծելով Ռուսաստանի Դաշնության եւ Արցախի կապերի խորացման հարցում ՌՀՄ աշխատանքը, Արկադի Ղուկասյանը հատուկ նշել է կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի ջանքերն այդ ուղղությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Կամո Աթայանը: