Սարատովյան սափրագլխային մեկշաբաթյա կոծկված քրոնիկոն
Երեկ հայտնի դարձավ եւս մեկ միջադեպ, որ բնավ էլ ռուսական հանդուրժողականության մասին չի վկայում: Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում դեռեւս անցած կիրակի «Գալակտիկա» ակումբում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել գրեթե տասը մարդու մասնակցությամբ` հայերի եւ ռուսների միջեւ: Ոստիկանության տեղ հասնելու ժամանակ ակումբում, ռուսաստանյան լրատվամիջոցների մատուցմամբ, մնացել էին միայն երեք վիրավորներ, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:
Բայց սարատովյան դեպքերը դրանով չեն սահմանափակվել: Այս երկուշաբթի օրը տեղացի երիտասարդների մի խումբ հարձակվել է տեղի քոլեջներից մեկի ուսանողների վրա: Բացի այդ, հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տեղացիները քաղաքում «մաքրում» են իրականացրել:
Նախորդ կիրակի տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետախուզման մեջ են 1967 թ. ծնված Գառնիկ Հունանյանը եւ 1981թ. ծնված Արթուր Մխոյանը: Դանակի երեք հարվածներից հիվանդանոցում մահացել է Զյաբլին Ս-ն:
Ոչ պաշտոնական տեղեկություններով, իրականում միայն այս մեկ զոհի մասին չէ խոսքը, քանի որ նույն տեղեկություննեորվ, «Գալակտիկայում» տեղի ունեցածը բնավ էլ հարբածների կռիվ չի եղել, Չեչնիայում ծառայած ազգայնամոլները հարձակվել են հայերի վրա: Ընդ որում, այս մի քանի օրվա ընթացքում Վոլսկ քաղաքում հայերի վրա հարձակումներ տեղի են ունեցել ոչ միայն «Գալակտիկա» ակումբում, եւ նշենք` ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչների վրա:
Հետաքրքրական է, որ տարբեր աղբյուրներում էթնիկ «մաքրումների» վերաբերյալ պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չի տարածվել: Ավելին, չարտոնված հանրահավաքում ռուսաստանյան բուհերը եւ բուհերի հանրակացարանները կովկասցիներից եւ ԱՊՀ քաղաքացիներից «մաքրելու» պահանջների առնչությամբ մոտ 100 ուսանողների ձերբակալությունը բնավ էլ իրավիճակի շտկում չէ, երբ ավելի զանգվածային ծեծկռտուք տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում` մոտ 80 մարդու մասնակցությամբ: Ականատեսների վկայությամբ, հարձակվողների զգալի մասը սափրագլուխներ են եղել:
Այլեւս փաստ է, որ Ռուսաստանը ծանր հիվանդ է քսենոֆոբիայով, եւ եթե Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում, ապա դա պետք չէ ընկալել որպես անկարողություն: Այլապես ստացվում է, որ Ռուսաստանի իշխանություններն ամենայն հանգստությամբ դիտում են իրադարձություններն ու ի դեմս իրավապահների մեծամասամբ կոծկում իրողությունները: Եթե նման դեպքերում էլ կարելի է պատճառաբանել, թե վեճը հարբածների միջեւ է եղել ու դրանում էթնիկ հիմք չկա, ուրեմն Ռուսաստանը ոչ միայն հիվանդ է, այլեւ կույր:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ