«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2006-09-14 | #176, 2006-09-15 | #177, 2006-09-16


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորհրդարանական ճեպազրույցներին եկած քաղաքական ուժերը առանց լրագրողների հարցերի խոսելու նախաձեռնություն չցուցաբերեցին: Չնայած նոր նստաշրջան է սկսվել, բայց ջրերը դեռ չեն պարզվել, ամռանն սկսված շարժուն եւ անհանգիստ սպասումը, երեւում է, դեռ չի ավարտվել: Բոլորը չգիտես ում եւ ինչի կողմից հստակեցումների են սպասում եւ... լրագրողների թելադրող հարցերին: Հիմնական հարցերը վերաբերում էին կուսակցություններ (հանրապետական) ներմուծված կրիմինալին եւ սկսված հակակրիմինալ շարժմանը, Աջափնյակի ընտրություններին, ՄԱԿ-ի օրակարգում «Սառեցված հակամարտություններ» կետն ընդգրկելուն: Վերջին թեմայի վերաբերյալ բոլոր ուժերի ներկայացուցիչներն էին համակարծիք, թե «Ղարաբաղի հետ կապված ամեն մի խնդիր պետք է լուծվի ԵԱՀԿ շրջանակներում. եթե այլ հարթություն տեղափոխվի` Հայաստանը պետք է հայտարարի, որ Ադրբեջանը բանակցություններ պետք է վարի Լեռնային Ղարաբաղի հետ», հավելում արեց ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանը: Աջափնյակում Արման Սահակյանի առաջադրման հետ կապված տարբեր դիտանկյուններից տրված հարցին այս կարգի արձագանք կար. Գալուստ Սահակյան. «Աջափնյակի առումով սենսացիաներից խուսափում եմ, չեմ դիտարկում որպես քաղաքական-կուսակցական ընտրություններ, ավելի շատ տեղային խնդիրների շեշտադրումներ են: Աջափնյակով հնարավոր չէ ներքաղաքական կրքեր բորբոքել»: ՀՅԴ-ի Աջափնյակի կառույցն ինքը կորոշի ընտրատարածքում իր անելիքը, թեեւ անցած ընտրություններին Արծրուն Խաչատրյանին էր պաշտպանել: ԱՄ ներկայացուցիչը կաշխատի պահել օրենքի ուժը, ոչ մեկին էլ չի սատարելու: Հարցադրումների կենտրոնում եղած քաղաքական կրիմինալի խնդիրը այս մեկնաբանություններին արժանացավ. Գալուստ Սահակյան. «Նման որակումները քաղաքական գործառույթներից դուրս են, միեւնույն ժամանակ բնական եմ համարում նման խոսակցությունները հանրապետականի նկատմամբ այն առումով, որ ամենակենսունակ ուժն է այսօր հանրապետությունում: Տարին նախընտրական է, այսօր կորակվի այդպես, որը զրպարտանք է, մյուս օրը կփորձեն ամբողջ կեղտն ու փոշին ցեխ շպրտելու նման նորից հանրապետականին ուղղել: Մենք պատրաստ ենք ամեն դեպքում պատասխանել յուրաքանչյուր ուժի եւ գործչի: Իսկ պատասխանի ժամանակները հեռու չեն»: «Ազգային միաբանությունից» Ալեքսան Կարապետյանը ճշտում արեց. «Հանրապետականի մասին չէ, կրիմինալի պապաների մասին է խոսք գնում, այն մարդիկ, ովքեր ոգեշնչել են կրիմինալին, խոսքը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան դուետի մասին է. եթե դա չեն ասում, դա խոսում է ընդդիմադիր գործիչների ոչ ճիշտ կողմնորոշման եւ վախի զգացման մասին»:

Քաղաքական դաշտ կրիմինալի ներթափանցման վերաբերյալ «Օրինաց երկիրն» առաջինը սկսեց խոսել, հիշեցրեց Մհեր Շահգելդյանը. «Մենք պայքարելու ենք այդ երեւույթի դեմ ընդդիմադիր ուժին ընձեռվող հնարավորություններով: Ընդհանուր հակակրիմինալ շարժումը մենք կարեւորում ենք»: Ընտրակեղծիքները կրիմինալի համատեքստում դիտարկելով` լրագրողը հիշեց, որ Արթուր Բաղդասարյանը Լոռիում ասել էր, թե Հայաստանում 1 մլն, լավ, մի փոքր ավելի ընտրող կա: «Հանրաքվեի ժամանակ չգիտեի՞ք» հարցին ի պատասխան հնչեց. «Մենք մեր գնահատականները տվել ենք, այսօր եւ հանրաքվեից հետո մեր դիրքորոշումները շատ չեն տարբերվում»: Հովհաննես Մարգարյանն էլ հիշեց ԱԺ նախագահիՙ դատախազություն ուղարկած հանրաքվեական կեղծիքները:

ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը, հաստատելով, որ իրենք եւս մտահոգված են երկրում ստեղծված կրիմինալ իրավիճակով, տեղեկացրեց. «Մեր դիմումի համաձայն ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժովը նիստ է գումարել եւ որոշում է կայացրել ամսի 27-ին, ժամը 11-ին լսումներ անցկացնել` հրավիրելով համապատասխան բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին, եթե գտնեինք, որ այդպիսի իրավիճակ չկա, համապատասխան հայտարարություն չէինք անի եւ չէինք դիմի լսումներ գումարելու»:

Կրիմինալ փաստեր եւ կոնկրետ անուններ հրապարակելու լրագրողների հրավերը ոչ ոք չընդունեց` մի մասը հղում էր անում «Մարիոթում» երեկ հավաքված հակակրիմինալ շարժման մասնակիցներին եւ Գառնիկ Մարգարյանին: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ընդհանրացրեց. «Երկրում բարգավաճում է կրիմինալը»: «Բարգավաճել» բառի վրա լրագրողներից մեկը շատ ուրախացավ` նկատի ունենալով «Արդարությունից» «Բարգավաճ» արտահոսքը: «Փաստը մեր իրականությունն է», փաստերով խոսելու «Հայլուրի» առաջարկին Ս. Դեմիրճյանն օպերատիվ հումորով արձագանքեց. «Ցուցակ եք ուզո՞ւմ»:

Պոպուլյար էր նաեւ այն հարցը, թե ՀՅԴ-ն, ընտրությունների ընթացքով չբավարարվելու դեպքում, կարող է ընդդիմություն դառնալ. այդ դեպքում ընդդիմադիր շրջանակներից նրանց առաջարկվելո՞ւ է անցնել քավարանով: Քավարանի գաղափարը Հ. Կարապետյանը չընդունեց, այլ խոսեց արդար ընտրություններով մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ քավարանի գաղափարը սնողներ եղան, օրինակ, ի դեմս Ալեքսան Կարապետյանի. «ՀՅԴ-ից, մինչեւ ընդդիմադիր դաշտ մտնելը, մի քանի հարցի պատասխան ենք ուզում լսել` ժողովրդի ու քաղաքական վիճակի մասին, ո՞վ է հասցրել քաղաքական դաշտն այս վիճակին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4