Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի, Միջերկրական ծովի եւ Պարսից ծոցի «Ժողովուրդների եւ մշակույթների երկխոսություն» թեմայով Ֆրանսիայի արտգործնախարարության կազմակերպած կոնֆերանսին մասնակցելու հրավեր ստացած Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը Փարիզում Թուրքիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպմանը, ինչպես տեղեկացնում է պատրիարքարանի բանբեր «Լրաբերը», ամենապատիվ պատրիարքը, կոնֆերանսի շուրջը մտքեր է փոխանակել արտգործնախարար Գյուլի հետ:
Սեպտեմբերի 14-ին Մութաֆյան պատրիարքը կոնֆերանսում հանդես է եկել կրոնական փոքրամասնությունների իրավունքներին առնչվող զեկուցումով: Ըստ «Լրաբերի», նա մասնավորապես ասել է. «Ես աշխարհիկ եւ ժողովրդավարական Թուրքիայի քաղաքացի եմ, որտեղ բնակչության գերակշռող մասը մահմեդական է: Թուրքիայի հայկական համայնքը թվով երկրի ոչ մահմեդական խոշորագույն փոքրամասնությունն է կազմում: Մեր մահմեդական հարեւանների հետ հաստատել ենք բազմակողմանի երկխոսություն, որը ներթափանցում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Հարցին ուզում եմ ընդհանուր հայացք գցել: Սակայն չեմ ցանկանում անդրադառնալ Թուրքիայի հայ համայնքին, որովհետեւ մտածում եմ, որ համայնքի քննարկման վայրը այս լսարանը չէ»:
Հ.Չ.