Հայաստանի անկախության 15-ամյակի պատվին հանձնվող նախագահական մրցանակաբաշխությունից զերծ չմնացին նաեւ լրագրողները: Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով պատվավոր կոչումներ, շնորհակալագրեր եւ մեդալներ են շնորհվել լրագրության բնագավառի մի խումբ ներկայացուցիչների:
Մրցանակներ են շնորհվել Հանրային ռադիոընկերության եզդիների համար տրվող հաղորդումների բաժնի վարիչ Հասան Թամոյանին, «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանին, հանրապետության նախագահի լուսանկարիչ Մարտին Շահբազյանին, «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանին, Արմենպրես լրատվական գործակալության լրագրող Վանիկ Սանթրյանին, Հանրային ռադիոընկերության քրդերի համար տրվող հաղորդումների բաժնի վարիչ Քյարամ Չոլոյանին, «Հայլուր»-ի ռեժիսոր Արթուր Գրիգորյանին, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանին, «Նովոյե վրեմյա» թերթի լրագրող Նաիրա Մանուչարովային, «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Մարինա Մկրտչյանին, «Հ2»-ի գլխավոր խմբագիր Կարինե Սարգսյանին:
Լրագրող, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմը պարգեւատրվել է նախագահի շնորհակալագրերովՙ երկարամյա արդյունավետ աշխատանքի, Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լուսաբանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Ջերմորեն շնորհավորում ենք մեր գործընկերներին
Գ. Գ.