«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2006-09-14 | #176, 2006-09-15 | #177, 2006-09-16


ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ԼՈՒՄԱՆ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՄ

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռուս գիտնական Պարամոնովի կարծիքովՙ ժամանակին Վեներայի վրա զարգացած քաղաքակրթություն է եղել, որը կործանվել է օզոնային ճեղքի մեծացման հետեւանքով առաջացած գլոբալ աղետից: Աշխարհը խիստ փոքր է եւ մի կետում կատարվող իրադարձությունները` բնական թե տեխնածին աղետներ, կատակլիզմներ, ահաբեկչություններ թե քաղաքական շրջադարձեր, արձագանքվում են երկրագնդի բոլոր անկյուններում: Օզոնի շերտի քայքայումը մի կետում կործանման սպառնալիք է մյուսների համար: Եվ այս իմաստով մոլորակի բոլոր մարդիկ կապված են ճակատագրական հարկադրվածությամբ:

Հայաստանը օզոնային շերտի պահպանության Վիեննայի կոնվենցիային եւ այդ շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը միացել է 1999 թվականին:

Օզոնային շերտի ուսումնասիրություններ Հայաստանում սկսվել են 1990 թվականից: Արագած լեռան վրա գտնվող Համբերդ կայանն ընդգրկվել է օզոնի մոնիտորինգի համաշխարհային ցանցում: Հայաստանի տարածքի վրա օզոնային ճեղքեր արձանագրվել են մեկուկես տասնամյակ առաջ, իսկ ընդհանրապես օզոնային շերտը մեր տարածքի վրա բավական կայուն է: Սակայն խնդիրն այժմեական է մոլորակի յուրաքանչյուր քաղաքացու համար:

NASA-ի գիտնականները օրերս հայտարարեցին, որ Արկտիկայի սառույցները խիստ արագ են հալվում: Մոլորակի կլիմայական խոհանոցը անդառնալի կերպափոխություններ է ապրում: Ջերմոցային գազերի ներգործությունից երկրագնդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, բարձրանում է խոնավության մակարդակը, եւ պայքարն այս իրողությունների դեմ ավելի է դժվարանում: Այս փոփոխությունների հետեւանքով քայքայվում է մթնոլորտի օզոնային շերտը, եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումն անմիջականորեն ազդում է մարդկանց վրա: Մեր հետազոտողները որոշակի կապ են հայտնաբերել Հայաստանի տարածքի վրա օզոնի ընդհանուր պարունակության փոփոխությունների եւ մաշկի` ոչ մելանոմային քաղցկեղով հիվանդացության վիճակագրական տվյալների միջեւ: Այսինքն համամոլորակային կատակլիզմի հեռանկարից անկախ այն մահաբեր հիվանդության խթան է արդեն:

Զարգացած երկրների մի մեծ խումբ արդեն պարտավորվել է մինչեւ 2012 թվականը հասնել բացառապես մաքուր տեխնոլոգիաներով արտադրության, որոնք պիտի նվազեցնեն արտանետումների քանակը: Ի դեպ, արտանետումների զտման կամ ընդհանրապես օդը վտանգավոր նյութերից մաքրելու հարցում չափազանց մեծ է անտառների նշանակությունը, որոնց հետ արդեն հասցրել ենք բարբարոսաբար հաշվեհարդար տեսնել:

Համաշխարհային աղետի հավանականության դեմ իր մասնակցությունը Հայաստանը գործնականում ամրագրել է 1993 թվականին Կիոտոյի արձանագրությանը միանալով: Այս արձանագրությանը միացած երկրները պարտավորվում են ոչ այնքան կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որքան տնտեսության մեջ կիրառել մաքուր տեխնոլոգիաներ ու ներդրումային ծրագրեր, որոնք պիտի նպաստեն ջերմոցային գազերի սահմանափակմանը:

Հայաստանը արձանագրության այս պահանջն իրականացնում է Նուբարաշենի աղբավայրի կառուցմամբ, ուր նախատեսվում է 16 տարվա ընթացքում 100 հազար տոննայով կրճատել մեթանի արտանետումները:

Հայաստանում կառավարական հատուկ որոշմամբ գործնական միջոցառումներ պիտի ձեռնարկվեն` օզոնի շերտը քայքայող նյութերի ներմուծումը վերահսկելու եւ կանոնակարգելու, օզոնավտանգ նյութերի օգտագործումը սահմանափակելու համար, ընդհուպ դրանցից հրաժարվելը: Այս մասին որոշում եղել է, սակայն գործողության մեջ այդպես էլ չի դրվել:

Շատ ավելի շոշափելի իրողությունների դեմ չենք պայքարում, ուր մնաց ուրվանման վտանգի, որն, ի դեպ, ամենեւին էլ այդպիսին չէ: Գիտնականների կանխատեսումներով, այս հարյուրամյակում կլիմայական փոփոխությունների հետեւանքով Հայաստանում եւս ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա, որի հետեւանքով կավելանան անապատացող ու ճահճացող տարածքները:

Օզոնը քայքայող նյութերը ֆրեոններն են, քլորֆտորածխաջրածինները, որոնք արտանետվում են աերոզոլների, սառնարանների արտադրության ժամանակ, կիրառվում են գյուղատնտեսության մեջ: Բարեբախտաբար, այդ նյութերը Հայաստանում չեն արտադրվում ու օգտագործվում, եւ դրանք այլ նյութերով փոխարինելու կարիք չկա, ինչն առաջարկում է Վիեննայի կոնվենցիան:

Պետական միջոցառումներից զատ շարքային հայը եւս իր փոքրիկ անելիքներն ունի, որ որոշակի վարքականոններ է պարտադրում նրան: Ասենք, եթե սառնարանը փչացել է, ոչ թե նոր ֆրեոնով պետք է լիցքավորել, այլ եղածը «ուտիլիզացնել», մշակել: Եվ եթե բոլորն այդպես վարվեն, ֆրեոնի արտադրությունը նույն հարաբերականությամբ կսահմանափակվի:

Շարքային, սովորական սպառողի վարքականոնի կարեւոր մաս պիտի դառնա նաեւ օզոնաանվտանգ աերոզոլների օգտագործումը, ինչին տեղյակ մարդկանց մատների վրա կարելի է հաշվել: Օծանելիք գնելիս պետք է փնտրել CFC տարբերանշանով արտադրանք, ինչը նշանակում է, որ անվտանգ է օզոնի փխրուն շերտի համար:

Օզոնային ճեղքը հսկայական էներգիա է բովանդակում, եւ եթե հնարավոր լիներ, մարդը երեւի իր ռազմատենչ նպատակների համար կօգտագործեր նաեւ այդ էներգիան: Տարիներ առաջ Բայկանուրում նույնիսկ այս բնույթի փոքրածավալ փորձարկումներ են եղել, սակայն իսկույն դադարեցվել են, որովհետեւ օզոնային շերտի նույնիսկ մի կետում քայքայումը սոսկ լոկալ վտանգ չէ:

Փորձագետների մի խումբ` հակառակ օզոնային ճեղքի մեծացման հետ կապված աշխարհի կործանման հոռետեսական կանխատեսումներին, հույս է կապում մոլորակի ինքնապաշտպանական, ինքնավերականգնման ունակությունների հետ: Ինչպես ամեն կենդանի օրգանիզմ, մեր մոլորակն էլ այդպիսի ներուժ պիտի ունենա: Սակայն սա թույլ ու կասկածելի մխիթարություն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4