«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2006-09-14 | #176, 2006-09-15 | #177, 2006-09-16


ԷԴԻՍՈՆ ՄԻՐԱՆԴԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 23-ին IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանության համար կմենամարտի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ: Հիշեցնենք, որ նախապես այդ մենամարտը նշանակված էր օգոստոսի 26-ին, սակայն Աբրահամի հիվանդության պատճառով այն հետաձգվել էր: Ի դեպ, այս ընթացքում հայ բռնցքամարտիկը Գերմանիայի քաղաքացիություն է ստացել եւ առաջին անգամ ռինգ է դուրս գալու այդ երկրի դրոշի ներքո: Սակայն, կարծում ենք, դա չի խանգարի Արթուրին պահպանելու աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

Առաջիկա մենամարտը բավական մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Կրակին յուղ է լցնում հատկապես Էդիսոն Միրանդանՙ անընդհատ հարձակումներ գործելով մրցակցի վրա: Հիշեցնենք, որ նա Արթուրին վախկոտ էր անվանել մենամարտը հետաձգելու համար, համարելով, որ նա բնավ էլ հիվանդ չէ: Էդիսոնը խոստացել էր նոկաուտի ենթարկել Աբրահամին: Ինքնավստահ կոլումբիացին օրերս կրկին հանդես է եկել բարձրագոչ հայտարարությամբ. «Ես բռնցքամարտիկ եմ, որն ամեն օր մարզասրահում սովորում է եւ բարելավում մարտ վարելու տեխնիկան: Ես ավելի լավ մարզավիճակում եմ, քան Հուարդ Էնտոնի Իստմենի հետ մենամարտում էր, իսկ վերջին շաբաթվա ընթացքում մարզավիճակս էլ ավելի է բարելավվել: Նախապատրաստության համար լրացուցիչ ժամանակահատվածն ինձ ավելի վտանգավոր է դարձրել: Խոստանում եմ, որ երբ Աբրահամը կզգա իմ հարվածների ուժը, կզղջա, որ հետաձգեց մենամարտը: Նախկինում նշել էի, որ կհաղթեմ նոկաուտով, իսկ այժմ հայտարարում եմ, որ պարզապես կոչնչացնեմ Արթուրին: Հուսով եմ, որ նա առողջացել է եւ վերականգնել ուժերը, սակայն իրեն վստահ չի զգում: Ինքն էլ խոստովանել է, որ ուժեղ եմ իրենից: Նույնիսկ եթե հիվանդանամ էլ, միեւնույն է, սեպտեմբերի 23-ին ռինգ դուրս կգամ եւ նոկաուտի կենթարկեմ մրցակցիս: Այդ օրը ես անպայման չեմպիոն կհռչակվեմ»:

Միրանդան ներկայում մարզվում է Պուերտո Ռիկոյում, իսկ մոտ օրերս պատրաստվում է մեկնել Գերմանիա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4