Շախմատի պատանիների եւ աղջիկների Եվրոպայի առաջնության 5-րդ տուրն ի հայտ բերեց նոր առաջատարների: Հայաստանի պատվիրակներից 5 տուրից հետո բոլորից շատ` 4-ական միավոր են վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը (16տ.) եւ Ավետիք Գրիգորյանը (18տ.): Ռոբերտ Հովհաննիսյանը 5-րդ տուրում պարտության մատնեց Սաշա Մարտինովիչին եւ այժմ մի խումբ շախմատիստների հետ առաջատարների թվում է: Տարիքային այս խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆրանսիան ներկայացնող Ռոման Էդուարդոն եւ ռումինացի Քրիստիան Շիրիլան, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Նրանք երկուսն էլ 5-րդ տուրում իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին:
Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Էլետսկիխին եւ այժմ վեց շախմատիստների հետ բաժանում է 2-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է բելառուսցի Սերգեյ Զիգալկոն, որը սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Պողոս Նահապետյանի նկատմամբ: Վերջինս վաստակել է 3,5 միավոր:
Գերազանց մեկնարկից հետո վերջին երկու տուրերում անհաջող է հանդես գալիս մեր ամենակրտսեր մասնակից Տիգրան Հարությունյանը: Նա 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ զիջելով Պանագիոտիս Միխելակոսին: Տիգրանը վաստակել է 3 միավոր եւ զգալիորեն զիջել է իր դիրքերը մրցաշարային աղյուսակում, որը 5 միավորով գլխավորում է ուկրաինացի Իլյա Նիզնուկը:
Հաջող են հանդես գալիս նաեւ Զոհրակ Ապրեսյանը (12տ.) եւ Սամվել Տեր-Սահակյանը (14տ.), որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Զոհրակը սեւերով հաղթեց Դավիթ Պարդոյին: Տարիքային նույն խմբում հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը պարտվեց Անիշ Գիրիին: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարի առաջատարը չեխ շախմատիստ Վոյցեկ Պլատն է (5 միավոր): Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում առաջատարը հունգարացի Պետեր Պրոխազկան է (5 միավոր): Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Յան Գալբուրդի հետ:
Պատանիների մրցաշարի մեր մյուս մասնակիցներ Ռոբերտ Աղասարյանը (12տ.), Վահե Բաղդասարյանը (14տ.), Աղասի Ինանցը (16տ.) եւ Զավեն Անդրեասյանը (18տ.) վաստակել են 3-ական միավոր: 2 միավոր ունի Հայկ Թամազյանը (14տ.), 1,5` Խաչատուր Երանյանը (12տ.):
Աղջիկների մրցաշարում նախորդ տուրում անհաջողության մատնված Մարիա Գեւորգյանը կրկին վստահ խաղաց եւ հաղթանակ տոնելով Բարբառա Դիզդարեւիչի նկատմամբ, վաստակեց 3,5 միավոր: Մարիան կրկին առաջատարների խմբում է: Տարիքային այս խմբի (մինչեւ 12 տարեկաններ) մրցաշարային աղյուսակը գլխավորում են սերբ շախմատիստուհի Անդրեա Վինցեն եւ լեհ Ալեքսանդրա Լախը (4,5-ական միավոր): Նշենք, որ հայ շախմատիստուհիների մեջ Մարիայի արդյունքն այժմ լավագույնն է: 3 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը (10տ.), 2,5-ական միավոր են վաստակել Արփի Ազիզբեկյանը, Շուշան Սարգսյանը եւ Դիանա Մնացականյանը, իսկ Աննա Հայրապետյանն առայժմ վաստակել է ընդամենը մեկ միավոր: