Հայաստան-սփյուռք երեկ մեկնարկած 3-րդ խորհրդաժողովում բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջին ելույթում անդրադարձավ Հայաստան-սփյուռք 2-րդ խորհրդաժողովից հետո չորս տարիներին Հայաստանի եւ հայկական համայնքներ ունեցող երկրների զարգացումներին: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ երկու հիմնական թեմաներիՙ առաջինը ձեւակերպվեց որպես իրավիճակը Հայաստանում, առկա մարտահրավերների եւ առաջընթացի հեռանկարները: Երկրորդ թեման սփյուռքին առնչվող խնդիրներն էին եւ Հայաստան-սփյուռք կապն ամրապնդելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցները:
Ըստ Հայաստանի նախագահի ելույթի, վերջին հինգ տարիներին ՀՆԱ-ի միջինացված տարեկան աճը կազմել է 12,2 տոկոս, փոփոխվել է տնտեսության կառուցվածքը: Քոչարյանը հիշատակեց «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, կրթական համակարգի բարեփոխումները, սահմանադրական փոփոխությունները, Հայաստան-սփյուռք 3-րդ խորհրդաժողովի հիմնական թեմա դարձած գյուղական շրջանների զարգացման խնդիրը, «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան հիմնադրամի ծրագիրը եւ էլի տարբեր ծրագրեր ու խնդիրներՙ կապված Հայաստանի ու սփյուռքի հետ:
Նախագահ Քոչարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց», նշեց երկրի նախագահը:
Նա ավելացրեց. «Մեր դիրքորոշումը հետեւյալն էՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է, նրա կազմավորման իրավական հիմքերըՙ անխոցելի... Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացի իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է»: Այնուհետեւ ընդհանրապես կարեւորելով միավորվելու եւ համատեղ գործելու նշանակությունը, նախագահն ավարտեց իր ելույթըՙ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Ելույթ ունեցան նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հնչակյան, Դաշնակցություն, Ռամկավար ազատական կուսակցությունների, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ՀԲԸՄ-ի, Հայ օգնության միության, ԹՄՄ-ի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մնացյալի առումով, խորհրդաժողովի ելույթների մասը կարծես ընդհանուր ձանձրույթի տեղիք էր տվել: Ելույթները որոշ դեպքերում երկար էին եւ առանց որոշակի առաջարկների, այլ դեպքերում դրանց մեջ կային իսկապես գործնական մտքեր եւ առաջարկներ: Ներկա համարում «Ազգը» ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ելույթը, իսկ վաղվա համարումՙ Թեքեյան մշակութային միության փոխնախագահ Երվանդ Ազատյանինը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ